Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը փոփոխությունների ցանկություն չունի՞

Ապրիլ 20,2013 13:35

ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չի ցանկանում, որ «Տիգրան Սարգսյանն իր փորձառությունը ձեռք բերեր Հայաստանի ու մեր ժողովրդի բարեկեցության հաշվին»:

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը:

– Այսօր հասարակական, քաղաքական ուժերի, քաղաքացիների հիմնական պահանջը փոփոխություններն են: Խոսքը բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում տեսանելի փոփոխությունների մասին է: Փոփոխություններ իրականացնելու մեխանիզմը շատ պարզ է. պետք է փոխվի քաղաքականությունը, պետք է փոխվեն ծրագրերը եւ մարդիկ, որոնք իրականացնում են այդ ծրագրերը: Տիգրան Սարգսյանի վերանշանակմամբ փաստվեց, որ փոփոխության համար երեք կետերից եւ ոչ մեկը չի իրականանում, հնարավոր է նաեւ, որ պարզապես չկա նման ցանկություն կամ՝ փոփոխություն իրականացնելու ռեսուրս:

– Տիգրան Սարգսյանի վերանշանակմամբ ի՞նչ մեսիջ է Սերժ Սարգսյանն ուղարկում քաղաքական ուժերին, մանավանդ ԲՀԿ-ին, որը հավակնում էր վարչապետի պաշտոնին:

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը որեւէ մեսիջ էլ չի ուղարկում քաղաքական ուժերին: Նա պարզապես Տիգրան Սարգսյանին վերանշանակում է վարչապետի պաշտոնում, եւ քանի որ Հայաստանում բոլոր կարեւոր հարցերը լուծվում են միանձնյա, ապա առանձնապես քննարկելու ոչինչ չկա:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա չեք գտնի որեւէ պաշտոնական հայտարարություն, կուսակցության ղեկավարի կամ առանցքային դեմքերից որեւէ մեկի հրապարակային տեսակետ, թե ԲՀԿ-ն հավակնում է վարչապետի պաշտոնին: 2012-ի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» մասնակցեց նոր ծրագրով, նոր քաղաքական թիմով եւ պատրաստակամությամբ՝ վերցնելու ցանկացած ծավալի իշխանություն՝ իր ծրագրերը կյանքի կոչելու համար: ԲՀԿ-ն հավաքեց մոտ կես միլիոն ձայն, սակայն պարզվեց, որ դա այսօրվա Հայաստանում բավարար չէ սահմանադրական ճանապարհով փոփոխություններ իրականացնելու համար:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Սարգսյանի վերանշանակման այն հիմնավորումը, որը երեկ ներկայացրեց ՀՀԿ մամուլի խոսնակը. «Մենք հիմնականում համամիտ ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրները, եւ մենք հիմա հույս ունենք, որ այն ավելի կբարելավվի։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջեւ 2012թ.-ին դրված էր ապահովել 7%-անոց աճ, եւ այդ խնդրի լուծումն իրագործվել է: Այս տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը բավականաչափ փորձառություն է ձեռք բերել, եւ թիմը նրա հետ պատրաստ է լուծելու այն մարտահրավերները, որ այսօր առկա են»:

– Այստեղ ՀՀԿ-ի եւ Հայաստանի տեսակետները էապես տարբերվում են: Ո՞ր խնդիրը լուծեց Տիգրան Սարգսյանը. խուսափեց 14 տոկոս տնտեսական անկումի՞ց, Դիլիջանը սարքեց ֆինանսական կենտրո՞ն, թե՞ Գյումրին՝ մշակութային կենտրոն կամ տեխնոպարկ: Նա կոչ էր անում ժողովրդին բոլոր խնայողությունները պահել դրամով, իսկ մեկ օրում անսպասելիորեն դրամն արժեզրկվեց 20-25 տոկոսով: Տիգրան Սարգսյանը հաջողությա՞մբ պայքարեց կոռուպցիայի դեմ: Դո՛ւք ասեք: Արտագաղթի ցուցանիշնե՞րը նվազեցին: Երկրի արտաքին պա՞րտքը նվազեց: Բնակչության աղքատության ցուցանիշը հասել է 35 տոկոսի: Ցանկը երկար է: Ինչ վերաբերում է փորձառությանը, ապա ես չէի ցանկանա, որ Տիգրան Սարգսյանն իր փորձառությունը ձեռք բերեր Հայաստանի ու մեր ժողովրդի բարեկեցության հաշվին: Գինը չափից դուրս թանկ է: Ի դեպ, ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է. «…Ես կառավարության աշխատանքը, Տիգրան, շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական: Մենք չորս տարի է՝ խոսում ենք քեզ հետ էս թեմաներով, չորս տարի, բայց պրոցեսները շարունակվում-գնում են՝ վեց ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո…»: Հետեւությունները ձեզ եմ թողնում:

– Եթե վարչապետի պաշտոնը վստահվեր ԲՀԿ-ին, կարո՞ղ էր ԲՀԿ-ն իր վրա վերցնել տնտեսական այս բեռը:

– Իրական քաղաքականության մեջ «եթե»-ներով խոսելն անշնորհակալ գործ է: Ասեմ միայն, որ ԲՀԿ-ն կարող է կառավարման ոլորտում ցանկացած բեռ վերցնել իր ուսերին: Դրա համար կա թե՛ քաղաքական թիմ, թե՛ մշակված ծրագրեր եւ թե՛, ամենակարեւորը, քաղաքական կամք՝ խնդիրները լուծելու ոչ թե միայնակ, այլ քաղաքական մյուս ուժերի հետ լայն համախմբման սկզբունքով:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում:

– Շատ բարձր, եւ դրա համար հիմք են ծառայում նաեւ երեւանցիների հետ հանդիպումները: Կարծում եմ՝ եթե գոնե կիսով չափ հնարավոր լինի կանգնեցնել ընտրակեղծիքների մեքենան, ապա ԲՀԿ-ն կհաղթի այս ընտրություններում:

– Եթե ընդդիմությունն արդեն որերորդ փորձով չհաջողեց նախընտրական շրջանում միավորվել, հետընտրական միավորումների հավանականությունը տեսնո՞ւմ եք, ի՞նչ արդյունք կտա դա:

– Որքանով տեղյակ եմ, առանձնապես էական ջանքեր չեն ներդրվել ընդդիմադիր ուժերի միավորման համար: Ես ինքս Երեւանի ավագանու ընտրություններից առաջ առանձնապես չէի կարեւորում այդ միավորումը: Ցավոք սրտի, հայաստանյան քաղաքական դաշտում հրապարակային քաղաքականության մյուս կողմում արդյունավետ կերպով գործում է ստվերային պայմանավորվածությունների ինստիտուտը: Ես դեմ եմ անընդհատ նույն ճանապարհով գնալու սկզբունքին: Բայց առնվազն երեք ուժ՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, մի բանաձեւ են դրել շրջանառության մեջ, որը այս պահին օպտիմալն է եւ դրա սկզբունքները պահպանվում են՝ չպայքարել միմյանց դեմ եւ համատեղ պայքարել ընտրակեղծիքների դեմ: Կրկնեմ՝ սա միանգամայն աշխատող բանաձեւ է եւ շատ ավելի արդյունավետ, քան ոչինչ չտվող քաղաքական կոնսուլտացիաները եւ տարբեր մարդկանց ուռճացված հավակնությունների բավարարման փորձերը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930