Ասում է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մարտ ամսին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով 1990 թվականի վերջին ԽՍՀՄ-ում անցկացված համամիութենական հանրաքվեին՝ մասնավորապես նշել էր. «Ես գիտեի, որ այդ հանրաքվեն որեւէ կարեւորություն իրենից չի ներկայացնում, միեւնույն է՝ Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ գործընթացը գնալու էր մինչեւ վերջ: Ուղղակի պետք էր օգտվել այդ հնարավորությունից, եւ ես հանրաքվեից մեկ օր անց ցույց տվեցի արդյունքները Գորբաչովին՝ ասելով. «Տե՛ս, Ադրբեջանի ժողովուրդը արդարացիորեն վիրավորված է քեզնից, այդուամենայնիվ, քվեարկել է ԽՍՀՄ պահպանման օգտին»: Ասացի, որ այս փաստաթուղթը որոշակի գին ունի: Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, եւ ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը զինյալներից»:
Այս հարցազրույցին անմիջապես հետեւեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի պահանջը ՀՀ իշխանություններին՝ Ազգային անվտանգության խորհրդին, ԱԳՆ-ին, արդարադատության նախարարությանը, Սփյուռքի նախարարությանը, Գլխավոր դատախազին՝ նախապատրաստել բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան իրավական ակտեր Միխայիլ Գորբաչովին եւ Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:
Այս առնչությամբ՝ «Առավոտը» Գրիշա Սարգսյանից հարցրեց.
Կարդացեք նաև
– Պրն Սարգսյան, Ձեր պահանջը որեւէ արձագանք ստացա՞վ, թե՞ ոչ:
– Արձագանքներ եղել են թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր տեսքով: Քանի որ դեռ ձեւավորված չէ նոր կառավարություն, եւ կառավարության կազմը դեռ պատրաստ չէ, այսինքն՝ հնարավոր փոփոխության արդյունքում սկսած գործը որպեսզի կիսատ չմնա, այդ պատճառով նոր կառավարման ձեւավորումից հետո մենք, որպես պահանջատեր, կներկայացնենք միջազգային փաստեր, որպեսզի վերջիններս կարողանան ներկայացնել ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան: Եթե նոր ձեւավորվող կառավարության կազմն էլ մեր պահանջը չբավարարեց, մենք պահանջելու ենք վերոնշյալ կառույցների ղեկավարների հրաժարականը: Մենք պահանջատեր ենք լինելու, քանի որ մենք ենք տուժել այդ օպերացիայից: Սա հզոր զենք է, որ կարող է օգտագործել ԱԳՆ-ը՝ Ադրբեջանի հիստերիան դադարեցնելու եւ վերջնականապես վերջիններիս լռեցնելու համար:
– Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այն հիմնական պատճառները, որ Ադրբեջանի նախկին նախագահին թույլ տվեցին դեմ դուրս գալ ադրբեջանական կառավարությանը եւ այս տեսակ «հաղորդագրություն» ուղարկել աշխարհին:
– Նա վրդովված, վիրավորված էր, որ Ադրբեջանը զրկեց իրեն ամեն ինչից: Մութալիբովը փորձեց վերադառնալ Ադրբեջան, սակայն ենթարկվեց ազգային ճակատի կտտանքների, անհանդուրժողական վերաբերմունքի: 15 տարի է, ինչ Մութալիբովը գտնվում է հետախուզման մեջ իր հայրենիքում: Նա հայրենիք չի այցելում, որպեսզի չհայտնվի բանտում: Հայրենիքում նա համարվում է թշնամի: Եվ այս «կոզրը», որ նա տվեց, անպայման օգտագործել է պետք:
– Հնարավոր չէ՞, որ միջազգային դատարան Գորբաչովին պատասխանատվության կանչելու մեր ջանքերից հետո անգամ այն ոչինչ չտա՝ որակվելով որպես սուտ կամ հորինված, որ տվել է Այազ Մութալիբովը «Ազատություն» ռադիոկայանին:
– Եթե նման բան լիներ, ապա թող Գորբաչովը պատասխանատվության ենթարկի Մութալիբովին՝ իրեն զրպարտելու եւ գաղտնի համաձայնեցման գալու մեջ: Սակայն վերջինս դա չի անում, քանի որ այն իրական փաստ է:
– Շուրջ 3 տարի է՝ ՀՀ-ում դատական գործընթաց է գնում: Գերեվարվածները դատի են տվել ՀՀ կառավարությանը ֆինանսական եւ բարոյական աջակցություն չցուցաբերելու համար: Ինչո՞վ է պայմանավորված դատավճռի այսքան ձգձգման գործընթացը:
– Արդեն 3 տարի է՝ ձգձգվում է, որովհետեւ կառավարությունը չգիտի ինչ անել: Պետությունը աղքատ բյուջեով ինչպե՞ս կարող է նրանց փոխհատուցում տալ: Սա եւս լավ առիթ է՝ դիմելու միջազգային դատարան եւ Միխայիլ Գորբաչովից իր իսկ «Խաղաղության հիմնադրամից» նյութական եւ բարոյական փոխհատուցում պահանջելու՝ որպես տուժող կողմի՝ ՀՀ ՆԳՆ ՄՀՆ ջոկատների զոհվածների ընտանիքներին, գերեվարվածներին եւ վիրավորներին: Գերեվարվածներն այսօր կենդանի են եւ կարող են վկայություն տալ: Եթե Հայաստանը այս քաշքշոցը չկարողանա լուծել, ապա այս գերեվարված տղաները դիմելու են Եվրադատարան: Եվրադատարանն էլ հայցը կբավարարի եւ կասի, որ այո՛, մարդը տուժել է, կհաշվի փոխհատուցումը՝ մոտ 100 հազար եվրո եւ կասի՝ դե տուր, իսկ Հայաստանը որտեղի՞ց է կարողանալու տալ: Այսօր Գորբաչովի 2-րդ պարգեւը հարվածեց մեր թույլ կողմին: Մեր թշնամին իր ձեռքով տվել էր մեզ մեծ հնարավորություն, եւ մենք պետք է այն ճիշտ ժամանակին օգտագործենք:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ