-Պարոն Հակոբյան նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ հրավիրե՞լ էր Սահմանադրության պահանջի համաձայն, որպես խմբակցության ղեկավար, քննարկելու վարչապետի նշանակման հարցը:
-Նախագահի աշխատակազմից ես հրավեր չեմ ստացել: Ինձ հրավեր է փոխանցել Գալուստ Սահակյանը, որն իմ կողմից մերժվել է:
-Եթե արարողակարգի համաձայն, նախագահի աշխատակազմից ստանայիք հրավերը` կընդունեի՞ք, թե՞ ոչ:
-Կքննարկեինք: Թերեւս նաեւ ընդունեի, պարոն Սերժ Սարգսյանին փոխանցելու, որ համակարգ, որն իր վերարտադրվելու համար ամեն անգամ կեղծում է ընտրությունները արհամարհելով Սահմանադրության երկրորդ հոդվածը, համակարգ, որի իշխող խմբավորման կողմից ստեղծված ստվերային տնտեսության ստվերային եկամուտը կազմում է միջին հաշվով մեր ազգային բյուջեի կեսից ավելին, համակարգ, որի պայմաններում կոռուպցիան ամբողջությամբ ցանցաթաղանթի է վերածել պետական կառավարման գրեթե բոլոր ինստիտուտները, համակարգ, որի գործունեության հետեւանքով սարսափելի չափերի հասած արտագաղթն ուղղակիորեն սպառնում է մեր ազգի եւ պետության անվտանգությանը եւ այլն, եւ այլն, այս համակարգի պայմաններում կարեւոր չէ, թե ո՞վ կնշանակվի վարչապետ` անկախ տվյալ անձի մարդկային եւ պրոֆեսիոնալ որակներից:
Կարդացեք նաև
Ի դեպ, ասեմ, որ այսօրվա կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր նորմալ համակարգի պայմաններում իրենց աշխատանքով կարող էին արձանագրել բոլորովին այլ արդյունքներ` ի շահ մեր պետության եւ ժողովրդի: Այլ խոսքով, միայն օր առաջ այս համակարգից ազատվելու դեպքում է, որ հնարավոր է պետությունը դուրս բերել այս ծանր իրավիճակից:
-Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը դրականորեն արձագանքեր Ձեր հորդորներին:
-Խիստ կասկածում եմ: Գրեթե բացառում: Բայց թե, կարծում եմ, հիշում եք, որ մեր նախընտրական կարգախոսն է «Հնարավոր է…» (ծիծաղում է-Ն. Գ.): Ի՞նչ իմանաս` ինչպես ժողովուրդն է ասում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ