Կարծիքներ` Թաթուլ Կրպեյանի մասին
«Հայրս իմ մեջ կենդանի է այնքանով, որքանով մայրս ամեն օր պատմել է նրա մասին եւ կենդանի պահել նրա ներկայությունն իմ կյանքում եւ մեր տանը»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը: Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է:
«Զգացողություն ունեմ, որ առիթ է եղել հորս հետ նստել, զրուցել, որովհետեւ իմ մտորումներում նա միշտ կա, իսկ նրա հետ զրույցները երբեք չեն դադարի: Միշտ իմացել եմ` ում դուստրն եմ եւ ուր եմ գնում: Դրանում մայրս մեծ ներդրում ունի, քանի որ մաքուր եւ անաղարտ հիշողություններ է փոխանցել ինձ: Հորս հետ անմիջական կապը միշտ անխաթար է եղել»:
Ասպրամ Կրպեյանն ասաց, որ իր մեջ հպարտության եւ պատասխանատվության զգացումը միշտ միասին են քայլել:
Կարդացեք նաև
Թաթուլ Կրպեյանի մարտական ընկեր, լիբանանահայ Սիմոն Գաֆալեանը փաստեց, որ Կրպեյանը պատրաստ էր մինչեւ վերջ գնալ եւ կյանքը զոհել. «Ես հպարտ եմ նրանով: Երբ Գետաշենը շրջափակման մեջ էր, նրա պես վախ չունեցող ղեկավար էր պետք: Թաթուլի պես տղերքն էին, որ կարողանում էին օրինակ ծառայել սերնդի համար, ոչ թե սերիալները: Նրանք պետք է լինեն մեր երեխաների դաստիարակության համար օրինակ»:
Ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը ( Պավլիկ Մանուկյան) նշեց, որ լինելով զենքի վարպետ` Կրպեյանին տեսնելուց գիտակցել է, թե որքան է զիջել նրան. «Ցանկացած զինվոր պետք է ազգի բարոյական արժեքների եւ արժանապատվության կրողը լինի, իսկ Թաթուլը նաեւ մշակությին աժեքներն էր կրում: Այստեղ էր, որ մենք զիջում էինք նրան»:
Պարոն Մանուկյանի խոսքով. «Թաթուլը հսկում էր Գետաշենը եւ ուսուցչություն անում դպրոցում: Նա սիրելի էր ժողովրդի համար, բոլորն էին սիրում նրա խոսքը լսել եւ ենթարկվել: Կուզենայի, որ նա մեկ րոպե վերակենդանանար, որ մեր հերոսներից ոմանք նայեին նրա աչքերի մեջ: Շատ հերոսներ են այսօր շեղվել եւ խեղվել: Այսօր Թաթուլի շիրիմը շատերի համար սրբատեղի պետք է լիներ: Այն, ինչ նա է արել, Աստծո որդին է արել: Նա իր կյանքի գնով փրկեց Գետաշենի մի բուռ հերոսական ժողովրդին, իսկ մենք շատ արագ մոռացանք ամեն բան: Շատ կուսակցական եւ քաղաքական գործիչներ շեղվեցին, որովհետեւ ռազմական ընտիր գործիչներին փոխարինեցին գողական ռազբորչիկներով: Բայց ազգային-ազատագրական պայքարի ժամանակ մենք նորից ենք հիշելու այդ տղերքին: Նահատակության տեսակ կա, որ ծնունդից ավելի է: Թաթուլն իր նախատակությամբ գուցե գերազանցեց իր ծնունդին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ