Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Մելիք-Ստեփանյանը դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացված դատավճռով նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ:
Ըստ մեղադրանքի` Դավիթ Մելիք-Ստեփանյանը 2013 թվականի փետրվարի 18-ին` ժամը 17:15-ի սահմաններում, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Երևան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական մասնաշենքում տեղակայված թիվ 9/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով, վերջինի փոխարեն փորձել է քվեարկել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, նույն ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի` Աբգար Սարգսյանի, միջամտության շնորհիվ:
Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Դավիթ Մելիք-Ստեփանյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, մասնավորապես, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Ու ոչ մի անտեր դատախազ հարց չի տալիս, թե ինչ դրդապատճառներ կամ անձնական շահագրգռվածություն են ունեցել էտ մարդիկ ուրիշի փոխարեն քվեարկելիս: Ու չգիտես ինչի, բոլոր ուրիշի փոխարեն քվեարկողներին հայտնաբերել են կամ դիտորդները կամ վստահված անձինք (ոչ Սերժ Սարգսյանի): Ու շատ տարօրինակ զուգադիպությամբ բոլորն արագացված դատավարություն են պահանջել: Նմանատիպ “դատավճիռները” ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀԿ-ն կեղծարար ա, չի ցանկանում, որպեսզի արդար ընտրություններ տեղի ունենան Հայաստանում, ու Հայաստանի զարգացման ամենամեծ խոչնդոտն ա: