Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես՝ կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի. մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը՝ ողբում:
Եթե հետեւենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում է տնտեսական հաջող քաղաքականություն, կառավարության կողմից իր առջեւ դրված խնդիրների լուծում, ապա այդ դեպքում որո՞նք են ձախողումն ու անհաջողությունը: Ինչպե՞ս կարող են տնտեսական աճն ու զարգացումը որեւէ կերպ չանդրադառնալ մեր կյանքի վրա: Եվ եթե հինգ տարում այդ աճն ու զարգացումը նկատելի չեն, ապա որքա՞ն պետք է սպասենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության արձանագրած հաջողությունների պտուղները տեսանելի լինեն: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի նախագահին այդ արդյունքները տեսանելի են, իսկ մեզ բոլորիս՝ անտեսանելի, անհասկանալի ու աննկատ:
Թերեւս այս վիճակն է պատճառը, որ այս օրերին ոչ միայն դաժան քննադատության են ենթարկվում վարչապետն ու նրան նշանակող նախագահը, այլեւ մարդիկ գուշակություններ են անում, թե ինչով են բացատրվում Տիգրան Սարգսյանի նկատմամբ այդ հայրական սերը, ներողամտությունը, այդ ծով համբերությունը եւ չսպառվող հավատը: Նրանք, ովքեր հատուկ մերժողական վերաբերմունք չունեն իշխանության քայլերի ու որոշումների նկատմամբ, համառորեն փնտրում են այդ հարցի պատասխանը եւ ուզում են տեսնել այն, ինչ տեսնում է Սերժ Սարգսյանը: Գուցե արժե՞ր մարդկանց բացատրել, թե ինչով է պայմանավորված Տիգրան Սարգսյանի երկարակեցությունը: Ընդ որում՝ ցանկացած բացատրություն ընդունելի է:
Արմինե Օհանյան
Կարդացեք նաև
«Հրապարակ»