Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին մաքառումների գնով կարողացան հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն: Նման շենքերից է Գյումրու Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչև օրս կանգուն է, թեև բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն և տարածքն օտարել: Այդ շենքը գոնե նվազագույն ծախսերով վերականգնելու անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար օրերս «Շիրակ կենտրոն» դիմեցին կառույցի նախկին բնակիչները, որոնք 25 տարի շարունակ բնակվելով հարևանությամբ տեղադրված վագոն-տնակներում, շենքին բառիս բուն իմաստով պահակություն են անում: Նրանք պետությունից կամ անհատ բարերարներից ակնկալում են աննշան աջակցություն, որպեսզի կարողանան գումարելով սեփական միջոցները` ամրացնեն, վերականգնեն այն և տեղափոխվեն բնակվելու իրենց երբեմնի լուսավոր և տաք բնակարաններում:
Ավելին, եթե այդ շենքը վերականգնվի և բնակարանները բաշխվեն նախկին բնակիչներին, մոտ 10 բնակարան էլ ազատ կմնա, դրանք հնարավոր կլինի հատկացնել այլ անօթևան ընտանիքների:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: