Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի զինծառայողը մինչ օրս չի կարողանում ազատվել աշխատանքից

Ապրիլ 19,2013 22:58

Զորամասի հրամանատարությունը  երիտասարդի դիմումները անպատասխան է թողել:

2012 թվականի հոկտեմբերի վերջերից մինչ օրս ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը չի արձագանքել նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար Դ.Գ.-ի զեկուցագրերին:

Երկու անգամ` նախորդ տարվա հոկտեմբերին ու դեկտեմբերին, դիմելով վերադաս հրամանատարությանը` վանաձորցի երիտասարդը նպատակ է ունեցել ազատվելու աշխատանքից, սակայն ապարդյուն: Շուրջ 4 ամիս վերադասի  լռությունից հետո իր խախտված իրավունքները վերականագնելու ակնկալիքով Դ.Գ.-ը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

«Պաշտոնատար անձանց կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անփույթ աշխատանքի արդյունքում խախտվել են անձի իրավունքները. ներկա դրությամբ նա չի կարողանում իր կամքը ազատ արտահայտել, այլ աշխատանք ընտրել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը (լուսանկարում)՝ տեղեկացնելով, որ նմանատիպ հարցերը օրենսդրությունը կարգավորում է 15-օրյա ժամկետում, այնինչ արդեն վերջին դիմումից հետո  5 –րդ ամիսն է մոտենում:

Քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու եւ վերադաս հրամանատարության կողմից չարաշահումներ թույլ տալու ուղղությամբ համապատասխան ուսումնասիրություն կատարելու խնդրանքով կազմակերպության դիմումին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից ստացվել է գրություն, ըստ որի` Դ.Գ.-ի ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանով ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակելու փոխհատուցման հարցը գտնվում է քննարկման փուլում:

«Մենք ունենք տվյալ դաշտը կարգավորող օրենսդրություն:  Զինվորական ծառայության մասին օրենքի 51-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2010 թվականի  ապրիլի  8-ի 393-Ն որոշման 7-րդ մասով, համաձայն որի` հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը` կից գրությամբ, ուղարկել լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարին, որը փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելուց հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում պարտավոր է զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնել շահագրգիռ ծառայությունների հետ եւ ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը ներկայացնել զինծառայողին: Քաղաքացին չի հրաժարվում այդ գումարները վճարելուց, իսկ  ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան մարմինների անգործության վերաբերյալ մեր դիմումին, ըստ էության  չի էլ անդրադարձել»,-ասում է Ա.Զալյանը:

Իրավաբանը մանրամասնում է, որ ստացված պատասխանն, ըստ էության, առկա խնդրին լուծում չի տվել. պատասխանով  ոչ միայն չեն վերականգնվել Դ.Գ.-ի խախտված իրավունքները, այլ նաեւ  չարաշահումներ թույլ տված անձինք չեն ենթարկվել պատասխանատվության:

«Բոլոր գործողությունները ես կարող եմ գնահատել որպես ձեւական ձգձգումներ»,-ասում է Արայիկ Զալյանը՝ նկատելով, որ խնդրի առնչությամբ պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին: «Այս անգամ արդեն պահանջելու ենք վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի անգործությունը, ինչպես նաեւ պարտավորեցնել նրան վերականգնել Դ.Գ-ի խախտված իրավունքները»,-հետագա քայլերի մասին  է պատմում իրավաբանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930