Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ իշխանական օղակներից էլ մարդիկ պիտի միանան շարժմանը

Ապրիլ 19,2013 22:12

Նա կոչ է անում, որ յուրաքանչյուր անձ, կուսակցություն, վերանայման ենթարկի իր նախագիծը եւ որոշի՝ ինքը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հրավիրված հավաքից հետո լրագրողների հարցերին պատասխանեց:

Հարցին՝ Դուք  Նոր Հայաստանի շարժում եք սկսում եւ հույս ունեք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կհամագործացեն, կմիանան շարժմա՞նը, նա պատասխանեց. «Ժողովուրդը հաղթել է եւ ով ուզում է  հարգել ժողովրդի հաղթանակը, մինչեւ քաղաքապետական ընտրություններ կամ դրանից հետո, ինքը, եթե հարգի ժողովրդի ձայնը, թող մասնակցի: Ես որեւէ սպասում, ակնկալիք կամ հատուկ հրավերք չեմ ուղարկում: Ես ինքս հայտարարել եմ, որ ես շարքային մասնակից եմ այս շարժմանը եւ ինչ  պիտի լինի այս առաջիկա մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա ընթացքում, դա պիտի լինի ժողովրդով: Ես կլինեմ ներկա, իմ տեսակետը կարտահայտեմ, բայց ես ակնկալում եմ, որ կլինի ամբողջական, լարված բանավեճ, որ մենք ունենանք այդ ծրագիրը, այդ մանիֆեստը, որը կբերի ժողովրդին իր հաղթանակին»:

Նա ասաց, որ բանակցություններ, երկխոսություններ, քննարկումներ են լինելու բոլոր ուժերի հետ բաց ու թափանցիկ. «Մենք  պիտի կարողանանք յուրաքանչյուրն իր փոքրությունից, իր ամբիցիայից եւ հատվածականությունից դուրս գա եւ հասկանա, որ ժողովուրդը միասին կարող է իր հաղթանակը իրացնել, եթե մենք միասին լինենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀԱԿ-ից մարդիկ ներկա չեն, սա ի՞նչ է ենթադրում, արդյո՞ք չեն միանում, թե՞ այլ պատճառ կա: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը որեւէ բան չի ենթադրում եւ որ այսօր առանց հրավերքի հավաք է, բաց քաղաքացիական հավաք է, որը հայտարարեց Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժման մեկնարկը. «Մի ամիս անց կունենանք ավելի հստակ եւ ամբողջական պատկեր: Շատ ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր անձ, կուսակցություն, վերանայման ենթարկի իր նախագիծը եւ որոշի՝ ինքը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ»:

Նոր փաստաթղթին ընդդիմադիրների միանալու հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ տեղեկություններ չունի, բայց հուսով է, որ Նոր Հայաստանը եւ որակյալ Հայաստանը կմիանա շարժմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հավատում է, որ իշխանական օղակներում էլ կան մարդիկ, որոնք հնարավոր է միանան այս շարժմանը:

Լրագրողների հարցին, թե համեմատեցիք Ղարաբաղյան շարժման հետ, Դուք գտնում եք, որ այդքան լուրջ պա՞հ է, նա պատասխանեց, որ մեր ազգային միասնության խնդիրը դրված է նժարի վրա եւ արդեն ժողովուրդը ինքը կամ  պիտի տանը նստի ու սպասի, որ ինչ-որ մեկը իր գործն անի իր փոխարեն, կամ ժողովրդի ներկայացուցիչները քաղաքական, մտավորական դաշտերում պիտի իրենց ձեռքը վերցնեն պատասխանատվությունը.«Ես հիմա իմ ձեռքը մեկնում եմ, ասելու, որ թեկնածուական շրջափուլն անցել է, հավաքական պատասխանատվության հանգրվանն արդեն մեկնարկել է»:

Aravot.am-ի հարցին՝ մարզային այս նոր այցելությունները չե՞ն խանգարի ավագանու ընտրություններին, որտեղ պետք էր կենտրոնացնել ուժերը Երեւանում, նա պատասխանեց. «Մեր «Բարեւ Երեւան» դաշինքը ուրիշների համեմատությամբ իր համեստ ֆինանսական միջոցներով պիտի տանի պայքարը: Այս մի շաբաթը ես պիտի գնամ մարզեր եւ հետո պիտի վերադառնամ ապրիլի 27-ին: Մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ հարգանք բոլոր մրցակիցներին, կարող է ինչ-որ մի համագործակցություն չստեղծվի, բայց ես լավատես եմ, որ Բարեւ Երեւանը, որպես միակ վերկուսակցական դաշինք, մեծ հաջողություն է գրանցելու, այնպես, ինչպես եղավ փետրվարի 18-ին, ժողովուրդը հավատաց եւ արեց:  Մայիսի 5-ին ժողովուրդը պիտի հավատա եւ հաղթի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930