Մարդիկ Ռուստամյանին կոչ էին անում միանալ:
Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսօր հրավիրած հավաքի ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ խոսքը տվեց նրան՝ հավաքվածները միաբերան սկսեցին բղավել՝ «Մի-ա-ցում»:
Արմեն Ռուստամյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա առաջարկները եւ նշեց, որ իսկապես պետք է վերաիմաստավորել, վերակազմավորել այս շարժումը, որպեսզի այն շարունակական լինի: Նա նաեւ ասաց, որ իր նպատակն է հզորացնել այս շարժումը. «Առաջին իսկ պահից մենք տեսնում ենք, որ կան գուցե դժվարություններ: Պետք է այս սկզբունքի հիման վրա առաջ գնալ, ինչպես Րաֆֆին ասեց՝ մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք, 7-ը չափելը պետք է անենք միասին, բայց կտրելն էլ պետք է անենք միասին»:
Կարդացեք նաև
Պարոն Ռուստամյանը նաեւ համաձայնեց այն մտքին, որ 5 տարի այսպես սպասել չի կարելի. «Մենք ունենք լիարժեք հնարավորություն, որը չօգտագործել չի կարելի: Պատճառների պատճառը պետք է վերացնել, որը պահպանում է իշխող վարչախմբին: Այս համակարգը պետք է փոխվի: Պետք է նախ հրաժարվել էս նախագահական համակարգից: Հրաժարվել, քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնել ժողովրդին: Իսկապես ես հավատում եմ, որ պետք է արագորեն անցնել խորհրդարանական համակարգին, լինի նոր խորհրդարան: Նոր խորհրդարանը իշխանությունը ձեւավորող միակ ատյանը լինի»:
Ըստ պարոն Ռուստամյանի՝ պետք է թույլ չտալ, որ ամեն անգամ իշխանությունները ասեն, թե այո, եղել են կեղծիքներ, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Լավ էլ ազդել են»:
Խոսելով ավագանու ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու մասին՝ պարոն Ռուստամյանն ասաց, որ դեռ ուշ չէ եւ ամեն ինչ կորած չէ. «Տարոն Մարգարյանին չեն ընտրում, նրան նշանակողին են ընտրում: Դոմինգոյի համերգում տեղի ունեցած ինչ-որ մի դրվագի համար չեն կարող քաղաքապետ փոխել, այդպիսի բան չի կարող լինել»: Նա առաջարկեց փոխել այս վիճակը. «Մենք հնարամիտ ազգ ենք, ես հավատում եմ, որ եթե մենք խնդիր ենք դրել, վերեւից ներքեւ այդ շարժումը կկազմակերպվի, երբ անհրաժեշտ է՝ կազմակերպված երթեր, ցույցեր անել, պետք է թույլ չտալ, որ տարբեր սադրիչներ մտնեն եւ խանգարեն, նպատակից շեղեն: Այդ կառույցը պետք է օր առաջ կազմավորել՝ ղեկավար մարմնից մինչեւ մարզեր: Հայ մարդը, որ գալիս է հանրահավաքի, լսի ինչ պետք է անի իր թաղում: Այդպես է ստեղծվել Ղարաբաղյան շարժումը եւ այդպես էր ղեկավարվում: Հիմա ստեղենք Նոր Հայաստանի կոմիտեներ, անունը կարեւոր չէ: Պետք է վերականգնենք ժողովրդի իշխանությունը Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Պանարմենիան ֆոտոյի»