Նա ասաց, որ ինքը ժողովրդի մի մասնիկն է:
Այսօր «Անի պլազայում» Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքին ներկա էր ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա ելույթ ունեցավ, որտեղ մասնավորապես նշեց. «Ինձ հարցնում են՝ ո՞ւմ եմ ես ներկայացնում: Ես ներկայացնում եմ ինքս ինձ՝ Հովհաննես Իգիթյանին եւ իմ նման մտածող մարդկանց: Բարեբախտաբար, իմ նման մտածող մարդիկ այստեղ շատ են: Ես ժողովրդի մի մասն եմ ներկայացնում»:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման եւ նախագահական ընտրությունների մասին՝ նա ասաց. «Շատերը կասկածում էին՝ ճի՞շտ էր առաջադրվելը, թե՞ ոչ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հայկական ձեւով, հայավարի քարոզարշավ տարավ, հաղթեց եւ իշխանությանը ներկայացրեց իր հաղթանակը: Իմ կարծիքով, բոլոր հաջորդ քայլերը պետք է անի Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շատ է սիրում խոսել շախմատներից: Շախմատում այդպես է՝ մի քայլ մեկն է անում, մի քայլ՝ մյուսը: Հիմա իր քայլ անելու ժամանակն է»: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ այսպես Հայաստանում հայ չի մնա, 5 տարի հետո երկրում մարդ չի մնալու. «Ես ուրախ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ իր դուռը բաց է պահում իշխանության անելիքների համար»:
Կարդացեք նաև
Վերջում պարոն Իգիթյանը հայտարարեց, որ «միանում է այն քայլերին, որոնք անում է Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ