Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ, խոսելով Բարեւի հեղափոխության նոր հանգրվանի մասին, ասաց. «Հայաստանում ստեղծված քաոսային վիճակը, մարտահրավերները, ներքին խմորումները, ժողովրդի սոցիալական վիճակը պահանջում են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել եւ իմ գործուն, համեստ եւ շարքային մասնակցությամբ ձեւավորվելիք բարեւի հեղափոխության նոր համազգային պայքարն է, որը տեսանելի ժամանակահատվածում պետք է վերածվի հզոր շարժման եւ դառնա այս վարչակարգի օրհասը»:
Նա հայտարարեց ազգային միասնության պայքարի սկիզբ եւ նշեց, որ դա վերկուսակցական միավորում է, որին կարող են անդամագրվել նաեւ տարբեր կուսակցությունների անդամներ՝ մի պայմանով, որ պայքարի խնդիրները բարձր են դասվելու կուսակցական նեղ խնդիրներից:
Նա դիմեց ՀՀ բոլոր նախագահներին՝ «Անկախ նախկինում կրած մեծ ու փոքր ձախողումներից, մի մոռացեք, որ դա առաջին հերթին եղել է Հայաստանի ժողովրդի իրավազրկումը, ժողովրդի կորցրած հավատի, ինքնագնահատականի, վստահության հետեւանքը: Մենք ունենք ակնհայտ փաստ՝ ընտրական եւ հետընտրական պրոցեսները արձանագրեցին, որ քաղաքացիները ձերբազատվել են իրենց վախից: Այսօր ամեն մի հայ վստահաբար բարձրաձայնում է, որ ինքը տերն է մեր երկրի, ՀՀ հպարտ քաղաքացի: Սրա գիտակցումը հանգեցում է բարոյական հաղթանակի, բայց ոչ այնպիսի, որով մեր պատմության էջերը հարուստ են: Սա հեղափոխություն է, որը տհաճ անակնալ էր ՀՀ իշխանությունների համար: Ուստի ճիշտ ժամանակն է կազմավորել քաղաքացիական նոր շարժում, որտեղ ճակատի շարժիչ ուժը ժողովուրդն է»:
Նա նաեւ նշեց, որ ինչ խոսք, իշխանությունների կողմից մանր-մունր սոցիալական խնդիրների լուծման մասնավոր դեպքերով մարդկանց զարմացնելու շրջանը կարծես թե անցել է: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների հետ մի նպատակի համար համախմբմանը՝ նա ասաց. «Մենք շատ ժամանակ չունենք փորձարկումների եւ քաղաքական խաղեր տալու համար, փոքր ժողովուրդ ենք: Այո, ժողովուրդը վախը հաղթահարել է, նյութը մերժել, մենք արեցինք դա փետրվարի 18-ին, եւ ոչ մեկը ձեզնից չի վերցնելու այդ հաղթանակը: Այս պայքարը Րաֆֆու պայքարը չէ եւ ի սկզբանե չէր»:
Կարդացեք նաև
Նա ողջունեց եւ սրտանց հաջողություն մաղթեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ուզեցին առանձին գնալ ավագանու ընտրություններին: Լավ չէ, որ դա անում են պայքարի կիզակետում, բայց, ըստ պարոն Հովհաննիսյանի, էությունն է կարեւոր, եւ ժողովուրդն իրենը կվերցնի: Նա, այնուամենայնիվ, առաջարկեց. «Մեր հետեւողական քայլերով ձեւավորել ՀՀ քաղաքներում կազմակերպչական կորիզներ, տեղական միավորումներ բոլոր հարթակներում: Այս պայքարը պահանջում է նվիրյալներ, միասնական ուղիղ կապ՝ ՀՀ եւ Սփյուռքի միջեւ: Բռունցքը պետք է լինի, եւ դա պետք է արվի բարոյական սկզբունքով: Պայքարը լինելու է բազմակողմանի: Ժողովրդի ձայնը հնչելու է: Այդ պայքարի մեկնարկը տրված է: Ես չեմ սպասելու 5 տարի: Միայն թե մենք պետք է լինենք անկեղծ, ազնիվ, սեփական ուժերին վստահ: Ով էլ լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, չի կարող պառակտել մեր շարքերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ «Պանարիմենիան ֆոտոյի»