Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի միջև բանավեճն արհամարհել էր միայն ՀՀԿ-ն

Ապրիլ 19,2013 18:37

«Այսօր մենք չունենք քաղաքական առումով քաղաքական քաղաքապետարան: Նստարան սարքելով, ծաղիկ ցանելով ավելի շատ փողերի լվացում է արվում: Մենք գործ ունենք դասական առումով կրիմինալի հետ, չունենք քաղաքական պատասխանատվություն»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված  «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի զարգացման տեսլականը» թեմայով բանավեճի ընթացքում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:

Ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից միայն ՀՀԿ ներկայացուցիչը ներկա չէր բանավեճին: Ուստի, երբ քննարկվում էր Երևանի կենտրոնում էլիտար կոչված կառույցների հայտնվելը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը  նշեց. «Կուզեի, որ նրանք լինեին այստեղ, ովքեր ստորագրել են որոշումներ, ովքեր իրականացրել են Երևանի կառավարումը: Թող ասեին, թե իրավիճակը շտկելու առումով ինչպես են փոփոխություն իրականացնելու»:

Այս առիթով Մ. Սուքիասյանն էլ հեգնեց. «Էլ տեղ չի մնացել կառուցելու, իսկ այդ ապօրինի կառույցների սեփականության վկայականներն այսօր որպես ընտրակաշառք բաժանվում են ինչ-ինչ մարդկանց»:

ՀԱԿ ներկայացուցիչ Արամազդ Ղալամքարյանն էլ նշեց. «Ամեն ինչ պիտի անել մարդու համար, այն, ինչ պակասում է այսօրվա քաղաքապետարանին»:

Տ. Ուրիխանյանն էլ վրդովվեց.  «Քաղաքային իշխանությունների  քթի տակ՝ ոռոգման մեծ հարթակ կա: Ի՞նչն էր խանգարում այդտեղ տնկել ծառեր»: Մ. Սուքիասյանն էլ կրկին հեգնեց. «Եթե այդքան տնկած ծառերին հետևեին և դրանք աճեին, ապա Հայաստանը կդառնար ջունգլիներ: Բայց իրականում Երևանը գնում է անապատացման»:

«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Անի Քոչարն էլ այդ հիմնախնդրի վերաբերյալ ասաց, թե ցուցադրաբար մի քանի ծառ ու թուփ տնկելը հարց չի լուծում և ահազանգեց, թե անապատացումը բերելու է շնչառական և այլ բնույթի հիվանդությունների տարածման:

Տրանսպորտային խնդիրները ևս քննարկվեցին: ՕԵԿ ներկայացուցիչն ասաց. «Հասարակական տրանսպորտը դարձել է մարդկանց համար այն բեռը, որի պատճառով մարդիկ առավոտյան չկամությամբ են տանից դուրս գալիս, որ հասնեն  աշխատանքի: Այսօրվա հասարակական տրանսպորտի աշխատանքը ուղղված է մի քանիսի գրպանները»:

Ա. Ղալամքարյանն էլ նշեց, որ ՀԱԿ-ը տրանսպորտի խնդրի լուծման համար առաջարկում է այն 35 միլիոն դրամը, որ իշխանությունն ուզում է հատկացնել Երիտասարդական մետրոյի կայարանի երկրորդ մուտք կառուցելու համար, ներդնել Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի ստեղծման համար:

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը վերհանեց ավագանիում հավասարակշռվածության ապահովման հարցը ու հավելեց. «Վերահսկման մեխանիզմների ստեղծումը Երևանի ավագանիում թույլ կտա ապահովել հավասարակշռվածություն ու փոքրամասնություն կազմող  քաղաքական ուժերը կստանձնեն վերահսկողի դերը: Սրանով միայն հնարավոր կլինի գնալ համապետական փոփոխությունների»:

Բանավեճի կուրյոզային միջադեպն այն էր, որ Տ. Ուրիխանյանն իր խոսքում Վարդան Օսկանյանի փոխարեն նշեց Վարդան Քոչարյան ազգանունը, իսկ Քոչարյան ազգանունը առաջացրեց մասնակիցների ծիծաղը:  Նա հետո պարզաբանեց, թե ինքը նկատի ուներ իրենց լրատվականի աշխատանքները համակարգող Վարդան Քոչարյանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930