«Այսօր հանդիպել ենք Երեւանի պետական բժշկական, ճարտարագիտական եւ ագրարային համալսարանների ուսանողների հետ, նրանցից շատերը ճանաչեցին իրենց դասախոսին՝ մեր ցուցակի առաջին համարին՝ Մեսրոպ Առաքելյանին: Բաժանել ենք մեր բուկլետները: Ի ուրախություն մեզ, շատերը տեղյակ էին մեր կուսակցության գոյության մասին:
Ուսանողների մոտ լայն արձագանք է գտել տրանսպորտի հետ կապված բարեփոխումների մեր առաջարկները, քանի որ ուսանողությունը հասարակության այն խավն է, որը բախվում է խցանված տրանսպորտային միջոցներով դասի հասնելու խնդրին: Շատերը ստիպված են լինում ակրոբատիկ դիրքով հասնել դասի, կամ աշխատանքի, անգամ ցերեկը տրանսպորտի խնդիր կա մեզ մոտ: Եվ մենք, առհասարակ չենք ընդունում, որ այսօր որեւէ մեկը պետք է կանգնած երթեւեկի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկոյան լինելու են Շենգավիթ համայնքում, ընտրել են ոչ թե կազմակերպված բակային հանդիպումները, այլ փորձում են մաքսիմալ շատ բակերում լինել, ծանոթանալ հնարավորինս շատ խնդիրների եւ այդ ճանապարհի ամենալայն արձագանքը, որ տեղ է գտել իրենց նախընտրական ծրագրում՝ համատիրությունների համակարգի վերացումն է, քանի որ, ըստ «Առաքելության», տարիներ շարունակ համատիրությունը մատը մատին չի տալիս, չնայած մարդիկ պարտաճանաչ վճարումները կատարում են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ