Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան հարստություն (Տեսանյութ)

Ապրիլ 19,2013 18:09

c-02 c-01 c-04«Ես չեմ կարող ասել, թե որտեղից այդ գումարները Տարոն Մարգարյանին, բայց մեր բնակչությունը համապատասխան հետեւություն պետք է անի եւ ոչ մի դեպքում չքվեարկի այն մարդկանց օգտին, որոնք ունեն միջոցներ, որոնք համապատասխանում են կոռուպցիայի մասին մեր պատկերացումներին», -այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ կազմակերպված ՀԱԿ երիտասարդների ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով` ակցիայի մասնակիցներն ուղղակի կոչ են անում ներկայացնել հաշվետվություն Երեւանի քաղաքապետի ունեցվածքի եւ «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ. «Ուզում ենք իմանալ` որտեղի՞ց է այդ երիտասարդը կուտակել նման հարստություն, որտեղից այդ երիտասարդին 6 միլիոնին հասնող հարստություն, եթե ինքը բիզնեսով չի զբաղվել, եւ եղել է միայն պետական պաշտոնյա»:

ՀԱԿ երիտասարդները պնդում են, որ «Երեւան» հիմնադրամում Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքները հրապարակվեն, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչով է զբաղվել այդ հիմնադրամը:

Նշենք, որ ոստիկանները հենց քաղաքապետարանին հարող Գրիգոր Լուսավորիչ փողոցից թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ քաղաքապետարանի շենքի մոտ: Այդ հատվածում բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ, երիտասարդներից մի քանիսին հաջողվեց ոստիկանների «բարիկադից» այն կողմ անցնել:

Սակայն ընդամենը 10 րոպե քաղաքապետարանի շենքի մոտ ելույթ ունենալուց հետո, ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Կորյունի փողոց, չնայած հենց սկզբում մտադրվել էին դեպի Ազատության հրապարակ գնալ: Ամբողջ երթի ընթացքում ոստիկաններն ուղեկցում էին ակցիայի մասնակիցներին, եւ մի պահ Մաշտոցի պողոտայի վրա թեթեւ ընդհարում տեղի ունեցավ նրանց միջեւ. ոստիկանները պարզապես հորդորում էին մայթերով քայլել, որպեսզի չխանգարեն երթեւեկությանը:

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն ու Տիգրան Տեր-Պետորսյանը հանդարտեցրին ակցիայի մասնակիցներին եւ քայլերթը տեղափոխեցին մայթ` առանց որեւէ բախումների:

Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում ձեռքի հետ էլ քարոզ էին անում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համար. բուկլետներ էին բաժանում անցորդներին, կոչ էին անում մայիսի 5-ին ճիշտ ընտրություն կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930