Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանի ողջույնները Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին

Ապրիլ 19,2013 17:24

ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանն ապրիլի 5-ին  «Առավոտի» հետ զրույցում պնդել էր, թե Աշոտ Նավասարդյանն ընդամենը գրանցել է ՀՀԿ-ն: Մտահղացումը իրենը չի եղել, եւ սպառնացել էր. «Այո, ՀՔԴՄ-ն եւ ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծվել են բոլորովին այլ մարդու հանձնարարությամբ, առաջադրանքով: Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանն ընդամենը եղել են նրանց գրանցողները»:

Թե հատկապես ո՞ւմ «հանձնարարությամբ» եւ ի՞նչ նպատակով են ստեղծվել ՀՀԿ-ն եւ ՀՔԴՄ-ն՝ «նախագծի հեղինակի» անունը եւ այլ մանրամասներ Շահվերդյանը կասի, «եթե իշխանությունները հետեւություններ չանեն»:

Ի պատասխան, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, որ դրանք հնարածին պատմություններ են, քանի որ կոնկրետ փաստարկներ չեն բերվում, եւ, որ ինքը Մովսես Շահվերդյան անուն-ազգանունով մարդու գործունեությանն ընհանրապես ծանոթ չէ:

Aravot.am-ի հետ զրույցում Մովսես Շահվերդյանն անդրադառնալով իր կենսագրության որոշ մանրամասների, Ալեքսան Մատվեեւիչի եւ Կարեն Դեմիրճյանի հետ իր ծանոթության, ապա մտերմության մանրամասներին, ասաց, որ ովքեր տեղյակ են 1990-ականների գործընթացներից, շատ լավ գիտեն, որ ինչ-որ այդ տարիներին տեղի էր ունենում հանրապետությունում, տեղի է ունենում այդ երկու գործիչների գիտությամբ, հաճախ նաեւ անմիջական մասնակցությամբ: «Այս պահին այսքանով կբավարարվեմ, բայց ես լավ գիտեմ, թե այդ գործիչներն ի՞նչ դեր են կատարել հետագա գործիչների ճակատագրում, նրանց քաղաքական եւ պետական արենա մտնելու գործում: Իմ ողջույններն են ուղարկում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Սերժ Սարգսյանին: Նրանք երեւի պատկերացրեցին, թե ինչի մասին է խոսքը»:

Շահվերդյանը պնդում է, որ ՀՀԿ-ի ստեղծման մասին ինքն ասել է բացարձակ ճշմարտությունը: Ինչ մնում է Ռազմիկ Զոհրաբյանի արած արտահայտություններին, ասաց. «Զոհրաբյանին ես չեմ ճանաչում եւ ինքն այդ պատմական ֆիգուրն էլ չի, անգամ այլախոհների խմբում, որ տպավորություն թողներ: Բայց իմ ազգանունից նա գոնե պետք է եզրակացություն աներ ոչ թե իմ, այլ այդ ազգանունը կրող մարդու, ով ղեկավարում էր այլախոհների խումբը: Ինքը շատ լավ գիտի, թե ո՞ւմ մասին է խոսքը: Երախտամոռությունը շատ վատ հատկանիշ է: Ինքը շատ լավ գիտի, թե ինչպե՞ս է հայտնվել իշխանական բուրգում: Դա եղավ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում եւ եթե իրեն թվում է, թե «Միասնություն» դաշինքին ձայն են տվել նրա համար, որ իր եւ իր ընկերների անունը կար այդ ցուցակում, չարաչար սխալվում է: Այդ դաշինքին ձայն են տվել Կարեն Դեմիրճյանի անվան համար, մի քիչ էլ Վազգեն Սարգսյանն է այդտեղ աշխատանք կատարել: Բայց դա մեր աշխատանքի արդյունքն էր. 1997-ին մենք ենք Դեմիրճյանին բերել քաղաքական արենա, մեր թիմով եւ աշխատանքով: Այո, Դեմիրճյանի անունը վճռական դեր է խաղացել, բայց այդ անունն ուրիշներն էլ կարող էին վերցնել: Դե թող վերցնեի՜ն: Ի՞նչ է Կարեն Դեմիրճյանն այս հանրապետությունում ուրիշ մարդ չէ՞ր ճանաչում, թող իր հետ տասնյակ աշխատանքային տարիներ անցկացրածների հետ գնար, բայց ընտրեց ինձ եւ իմ թիմին, ու մեր աշխատանքի, հոկտեմբերի 27-ի արդյունքում Ռազմիկ Զոհրաբյանն իր ընկերների հետ միասին հայտնվեց իշխանության ղեկին, պինդ բռնած են ու բաց չեն թողնում, երբ այդ իշխանությունն իրենք ոչ վաստակել են, ոչ էլ կարողացել են այնպես օգտագործել, որ ժողովուրդն իրենց նկատմամբ հարգանք տածի: Ու թող իր չորս բոլորը նայի եւ տեսնի, թե քաղաքական թափառաշրջիկների ի՜նչ մեծ բանակ կա իր թիմում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Գոնե նկարը տեսնեինք, որ հիշենք թե ով է սույն պարոնը, ես հասկացա, որ առանց իրեն

    ոչինչ տեղի չի ունեցել մեր երկրում, գոնե որոշակի մի ժամանակահատված

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930