Մյուս կասկածյալը դեռևս ազատության մեջ է
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ոստիկանության համաձայն, Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունների իրականացման մեջ կասկածվող անձանցից մեկը սպանվել է, մյուսը դեռևս ազատության մեջ է:
Իշխանությունների համաձայն, ազատության մեջ է գտնվում մարաթոնի ընթացքում ռմբակոծություն իրականացնելու մեջ մեղադրվող՝ «սպիտակ գլխարկ» անվանումը ստացած մեղադրյալը, որը, ըստ ոստիկանության «զինված է և շատ վտանգավոր»:
Ոստիկանությունը զգուշացրել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի բնակիչներին իրենց տներում մնալու և դռները ոչ ոք, բացի ոստիկանության աշխատողներին, չբացելու մասին:
Կարդացեք նաև
Տեղի դատախազությունը հաստատել է նաև, որ Բոստոնի ռմբակոծության կասկածյալները մեղադրվում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում հերթապահության ժամանակ ոստիկանության աշխատողներից մեկի սպանության մեջ, որից հետո կասկածյալները մեքենա էին առևանգել և փախուստի դիմել դեպի Ուոթերթաուն:
Իշխանությունների համաձայն, փախուստի ընթացքում կասկածյալները պայթուցիկ սարքեր էին գցում իրենց հետապնդող ոստիկանության աշխատողների ուղղությամբ:
Դեռևս հայտնի չեն առաջին կասկածյալին վնասազերծելու բոլոր հանգամանքները, սակայն ՀԴԲ-ի համաձայն, նա մահացու վերք էր ստացել ոստիկանության ծառայողների հետ բռնկված հրաձգության ժամանակ և մահացել հիվանդանոց տեղափոխվելիս:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»