Անցյալ տարի դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի թվով 34 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության առնչությամբ (այդ իրավական նորմով ամրագրված է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին): Պատգամավորները գտնում էին, որ նշված նորմը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին, քանզի դրանցով արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու քվորումի որևէ շեմ նախատեսված չէ, ուստի իրավաչափ չէ օրենսդրությամբ ընդհանուր կանոն սահմանելը:
Ս.թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ թեպետ մերժվեց վերը նշված դիմումը, սակայն այն բազմաթիվ հարցեր առաջադրեց, իսկ մասնագետներն այն միահամուռ գնահատում են արտառոց ու, միաժամանակ՝ ողջունելի: Այդ որոշման առնչությամբ մեզ հետ զրույցում ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանը, ըստ էության, հանրությանը ներկայացրեց իշխանությունների տարանջատման և, հատկապես, հավասարակշռման սահմանադրական սկզբունքի դասական օրինակ:
–Պարոն Դանիելյան, ընդդիմադիր պատգամավորների արտաքուստ արդարացի պահանջը, այնուամենայնիվ, մերժվեց, կարո՞ղ ենք այս ենթատեքստում որոշումը գնահատել, որպես խորհրդարանի գործունեության առանձին տարրեր էապես բարելավելուն միտված, դրանց միանգամայն նոր որակ հաղորդող սահմանադրական քայլ:
-Նախապես նկատենք, որ նշված որոշմամբ սահմանադրությանը հակասող են ճանաչվել վերը նշված օրենքի այնպիսի նորմեր, որոնք առավել էական ու առանցքային նշանակություն ունեն քննարկվող դիմումում արծարծված հարցադրումների տեսանկյունից և միտված են լուծելու առավել խորքային խնդիրներ, մասնավորապես՝ տվյալ գործով վեճի առարկա դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները: Խոսքը, ընդհանուր առմամբ, վերաբերում է նստաշրջանի ընթացքում բացակայություններն անհարգելի ճանաչելու ընթացակարգին և դրանց հետևանքներին:
Սխալված չեմ լինի, եթե արձանագրեմ, որ այդ նորմերի սահմանադրականության առնչությամբ երբևէ կասկած կամ որևէ տարաձայնություն դեռևս չէր հնչել, ցավոք, ձևավորված կարծրատիպերը թույլ չէին տալիս ելակետ ընդունելու այն, որ Ազգային ժողովն ուղղակի իրավասու չէ նստաշրջանի ընթացքում պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի գնահատել: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լիազորությունների դադարման ինստիտուտը ևս երաշխավորում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները, մինչդեռ՝ առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում խորհրդարանական մեծամասնության կամաարտահայտմամբ այն. «… կորցնում է իր կանխարգելիչ նշանակությունը»:
Ինչ վերաբերում է դիմումի հիմնավորվածությանը, ապա այն, իրոք, սոսկ արտաքուստ էր արդարացի պահանջի տպավորություն թողնում, մինչդեռ՝ այն չէր կարող գնահատվել, որպես փաստարկված ու հիրավի հիմնավորված այնպիսի փաստաթուղթ, որը կարողանար գնահատվել, որպես վիճարկվող օրենսդրական նորմը Սահմանադրությանը հակասող ճանաչելու բավարար հիմք: Վերջին հաշվով, Սահմանադրությունում հնարավոր չէ գտնել այնպիսի հիմնադրույթ, որն իրավաչափ կհամարի օրենսդիր իշխանության լիարժեք իրականացումը՝ առանց ներկայացուցչության առնչությամբ նվազագույն պահանջների:
–Չե՞ք կարծում, որ պատգամավորների բացակայության անհարկի տարածվածության պայմաններում Ազգային ժողովին այդպիսիք անհարգելի ճանաչելու իրավասությունից զրկելը կհանգեցնի անպատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը:
-Բայց Սահմանադրական դատարանը չի բավարարվել սոսկ նշված նորմերը Սահմանադրությանը հակասող ճանաչելով, որոշմամբ ամրագրված է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի պատգամավորի բացակայությունը կարող է անհարգելի ճանաչվել ոչ թե մեծամասնության կամաարտահայտությամբ, այլ իրավունքի ուժով, ասել կուզի՝ օրենսդիրը հստակ և սպառիչ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում արդեն իրավունքի ուժով բացակայությունն անհարգելի է համարվում՝ դրանից բխող իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն, սահմանադրական դատարանը նախընտրել է քաղաքական մեծամասնության կողմից կամայական որևէ դրսևորում բացառելու տարբերակը:
–Փաստորեն Սահմանադրական դատարանը վերջապես սպառիչ իրավական դիրքորոշում է հայտնել հանրությանը և քաղաքական շրջանակներին խիստ հուզող այն հարցին, թե ի՞նչ իրավական արժեք ունի պատգամավորի յուրաքանչյուր անհարգելի բացակայությունը: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ պատգամավորի կողմից նույն 99-րդ հոդվածով նախատեսված բացակայություններից նվազ քանակով բացակայելը ևս պետք է իրավական հետևանք ունենա:
– Այս հարցում, իրոք, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը միանշանակ է, իսկ հարցին ավելի առարկայական անդրադառնալու նկատառումով հղում կատարենք նույն այդ որոշման հետևյալ հատվածին. «Բացառությամբ Ազգային ժողովի նիստերից օրենքով նախատեսված հարգելի բացակայությունների սպառիչ ցանկի (ներառյալ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և «ե» կետերով նշված հիմքերով քվեարկությունից պատգամավորների բացակայությունը), մյուս բոլոր բացակայություններն անհարգելի են և ՀՀ Սահմանաադրության 67-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է առաջացնեն համարժեք իրավական հետևանքներ (ընդգծումը մերն է)»:
Ասվածից միանշանակ բխում է, որ պատգամավորի կողմից Ազգային ժողովի անգամ մեկ նիստից անհարգելի բացակայելն ինքնըստինքյան Սահմանադրության խախտում է:
Այն, որ Սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ այսուհետ սահմանափակում է Ազգային ժողովի օրենսդրությամբ ամրագրված որոշ լիազորություններ, հարկ է դիտարկել Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ծիրում. այո՝ սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանն իրավասու է որոշակի օրենսդրական ակտեր Սահմանադրությանը հակասող ճանաչելով սահմանափակել ընդհուպ օրենսդիր իշխանություն իրականացնող մարմնի իրավասությունը: Հենց սրանով է ընդգծվում քննարկման նյութ հանդիսացող որոշման առանցքային նշանակությունը:
–Որքանով հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն էին հայտնել խորհրդարանական փոքրամասնության իրավունքների երաշխիքների խոցելիության առնչությամբ: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ գտե՞լ է անդրադառնալ այդ խնդրին:
-Բացի այն իրավական դիրքորոշումները, որոնց արդեն անդրադարձա, և որոնք առաջին հերթին միտված են հենց խորհրդարանական փոքրամասնության իրավունքների լիարժեք երաշխավորվածությանը, քանզի ակնհայտ է, որ այսուհետև սահմանափակվում են հենց քաղաքական մեծամասնության իրավական հնարավորությունները, Սահմանադրական դատարանը որոշման էական հատվածը հատկացրել է բացառապես քաղաքական փոքրամասնության կարգավիճակի աննախադեպ վերանայման անհրաժեշտությանը: Մասնավորապես, վերլուծելով ինչպես Սահմանադրության խնդրո առարկա հիմնադրույթները, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերում արտացոլված մոտեցումները, Սահմանադրական դատարանն ամրագրել է այնպիսի չափանիշներ, որոնք Ազգային ժողովին այսուհետ ուղղորդելու են խիստ կանխատեսելի իրավական բարելավումների:
Ի դեպ, Սահմանադրական դատարանի այս որոշումն արտառոց է նաև այն տեսանկյունից, որ դրանում անդրադարձ կա Սահմանադրության 62-րդ և 67-րդ հոդվածների միջև «առերևույթ անհամապատասխանությանը»: Ընդ որում, ելակետ է ընդունվել այն, որ այդ բնույթի անհամապատասխանությունները «կարող են հաղթահարվել Սահմանադրության արժեբանության ու հիմնարար սկզբունքների վրա հենվելով». ըստ այդմ էլ Սահմանադրական դատարանը գտել է, որ դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումն օրենսդիր իշխանության գործունեության ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկն է:
Բնորոշ է նաև այն, որ Սահմանադրական դատարանը հատուկ անդրադարձել է «քաղաքական բոյկոտ» եզրույթի և պատգամավորների նիստերից բացակայելու խնդրի փոխհարաբերությանը: Այս տեսանկյունից խիստ ուշագրավ միտք է արձանագրվել. «… իրավական առումով անհիմն է Ազգային ժողովի նիստերից բացակայելը որպես «քաղաքական բոյկոտ» ներկայացնելը»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ոչ միայն անդրադարձել է Սահմանադրությանը հակասող օրենսդրական դրույթներին, այլև իր սահմանդրաիրավական կարգավիճակի սահմաններում ամրագրել է իրավական դիրքորոշումներ, որոնք միտված են օրինաստեղծ մարմնի գործունեությունն առավել ժողովրդավար ու միջազգային չափանիշներին համարժեք դարձնելու գերխնդրի լուծմանը:
Հարցազրույցը վարեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ