Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը, որի ղեկավարած կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, հիասթափված չէ: Ավելին, լուրջ չի վերաբերվում բոլոր այն վերլուծություններին, որոնցում փնովում են Հովհաննիսյանի գլխավորած շարժման «անփառունակ վախճանը»: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա ղեկավարած շարժման մասին վերամբարձ արտահայտվող գործիչներին էլ հիշեցնում է, որ ժամանակին իրենք չկարեւորեցին նախագահական ընտրությունները եւ չմասնակցեցին դրանց: Համեմատություններ անելով 1998-ի հետ, երբ իր ղեկավարած կուսակցությունն առաջադրել էր լուսահոգի Կարեն Դեմիրճյանի թեկնածությունն, որը երկրորդ փուլի արդյունքում, պաշտոնական տվյալներով 615 հազար ձայն էր հավաքել, այսօր փաստում է, որ իրենց հաջողվել է գերազանցել այդ ցուցանիշը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին փուլի պաշտոնական արդյունքներով հավաքել է 540 հազար ձայն:
Շահվերդյանը նկատում է, որ հենց առաջին փուլում Սարգսյանին «դեմ» է քվեարկել 650 հազարից ավելի մարդ՝ գումարելով մնացյալ թեկնածուների հավաքած ձայները, նաեւ 50 հազար անվավեր քվեաթերթիկները, որոնք, իր համոզմամբ, իրականում հատուկ էին անվավեր դարձրել ու, ըստ էության, դեմ ձայներ էին: «Գործող նախագահի «դեմ» արտահայտված ձայներն ավելի էին, քան 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի ստացած ձայները, որոնք դեմ էին Քոչարյանին: Ստացվում է, որ Սարգսյանն ավելի շատ «դեմ» է ստացել, քան Քոչարյանը 1998-ին եւ այդ փաստի հետ պետք է հաշվի նստել: Ընդ որում, պետք է արձանագրել, որ քվեարկողների ընդհանուր թիվը 2013-ին հաստատ ավելի պակաս էր 1998-ի քվեարկողների թվից»,- արձանագրում է Մովսես Շահվերդյանը:
Այս արդյունքների գրանցման գործում, նա լուրջ է համարում նաեւ ՀԱՍԿ-ի ներդրումը եւ, կարծում է, որ աշխատանքային այլ պայմանների պարագայում հանարավոր էր առավել լուրջ արդյունքներ գրանցել:
Ապրիլի 9-ի իրադարձությունների մասին էլ խոսելով, մեր զրուցակիցը չի համարում, որ այդ օրը «մեծ դժբախտություն է պատահել»: Ասում է, որ ինքը Հովհաննիսյանին առաջարկել է այլ սցենար, բայց Հովհաննիսյանն ընտրեց այդ ճանապարհն ու կարծում է, որ հետեւություններ արել է: «Ամսի 9-ին ոչ ոք չէր պատրաստվում հեղափոխություն անել, ընդհարումների գնալ, ամեն ինչ կարելի էր շատ ավելի արդյունավետ տանել՝ անգամ Ազատության հրապարակից ոչ մի քայլ չանելով, քաղաքական քայլեր անելով՝ հայտարարություններ, առաջարկություններ, որոշումներ, բայց գործընթացները շարունակվում են եւ այսօր դեռ շատ վաղ է եզրակացություններ անել, որ եղել է տապալում, անհաջողություն: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել: Ավելին, այսօր արդեն հանրապետությունում ստարտ է տրված՝ լայնածավալ իշխանափոխության, որն արդեն կարող է լինել ազգային ազատագրական պայքարի շարժում՝ իր տրամաբանությամբ եւ գործիքակազմով, քանի որ սեփական իշխանության վարքագիծն այս պարագայում այդքան էլ չի տարբերվում օտար նվաճողների վարքագծից»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ