Այսօր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում անցկացվեց Ժան -Պիեռ Մահեի «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը:
« Ժան –Պիեռ Մահեն հսկայական դեր է կատարել հայ մշակույթի, մասնավորապես Գրիգոր Նարեկացու ժառանգության հռչակման և միջազգայնացման գործում»,-շնորհանդեսի ընթացքում ասաց «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Վերջինիս խոսքով` Ժան -Պիեռ Մահեն իր «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» գիրքը գրելիս հինգ անգամ վերաշարադրել է, և սա վկայում է այն մասին, որ նա ոչ միայն շարադրել և թարգմանել է, այլ նաև վերապրել, ներապրել Նարեկացու աշխատությունը: «Սա ոչ թե օտարի հայացք է դեպի մեր մշակույթ, այլ այդ մշակույթը կրողի ներքին հայացք»,-ընդգծեց Հրաչյա Թամրազյանը: Շնորհանդեսի ընթացքում Ժան- Պիեռ Մահեին շնորհվեց «Սուրբ Մ. Մաշտոց» հուշամեդալ Մատենադարանի տնօրինության կողմից, ինչպես նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ և նույն նախարարության անդամ Սուսաննա Սահակյանի փոխանցմամբ, վերջինս պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացու» հուշամեդալով:
«Ինձ համար այս շքանշանը առանձնահատուկ նշանակություն ունի, ինչպես նաև ինձ համար Մատենադարանը պատահական մի վայր չէ: Սա հայ ժողովրդի հիշողության տաճար է: Այսպիսի վայրում գտնվելը ինձ համար ամենամեծ ուրախություն է»,-ասաց Ժան -Պիեռ Մահեն:
Կարդացեք նաև
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով` նա ոչ միայն գիտնական է, բանասեր, ակադեմիկոս, այլև հրաշալի դասախոս է, որում համոզվել է երեկ ԵՊՀ-ում ներկայացրած իր դասախոսության ընթացքում: «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» գիրքը բաղկացած է 15 գլխից և 745 էջից, որտեղ շատ մանրամասն է ներկայացվում մեր պատմությունը, ընդհուպ մինչև Հայոց Ցեղասպանություն: Նա իր վերլուծություններով ներկայացնում է նաև անկախության շրջանը և համեմատության մեջ վերցնում, նշելով նաև թերությունները: Մենք գործ ունենք մեր պատմության համար շատ կարևոր աշխատության հետ»,-ասաց Էդիկ Մինասյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ