Յուրաքանչյուր տարի ապրիլի 19-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են գարնան ամենագեղեցիկ տոներից մեկը՝ ձնծաղիկի օրը (The Day of Snowdrop): Ընդհանրապես, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները աճում են հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, դրա համար էլ տոնի համար ընտրվել է հենց ապրիլի 19-ը: Տոնն առաջին անգամ նշել են Անգլիայում՝ 1984 թվականին, այնուհետև այն տարածվել է շատ երկրներում, որոնց ցանկում, ցավոք, Հայաստանը չկա: Թեև այս հանգամանքը չի խանգարում մեր քաղաքացիներին միմյանց ձնծաղիկներ նվիրել՝ անկախ տոներից:
«Ձնծաղիկն իմ ամենասիրելի ծաղիկներից է, – ասում է 23-ամյա Վարդուհին, – որպես գարնան ավետաբեր ծաղիկ՝ միշտ գնում եմ գարնան առաջին ամսին ու սենյակս գարնան շնչով լցնում»:
19-ամյա Արաքսյան էլ գարունը կապում է երկու ծաղիկների հետ՝ ձնծաղիկի ու յասամանի. «Մեր տանը միշտ պետք է լինի յասաման ու ձնծաղիկ, այդ երկու ծաղիկներն իմ տրամադրության աղբյուրն են, – ասում է նա, – առհասարակ ծաղիկներ շատ եմ սիրում ու երևի հենց դա է պատճառը, որ ընկերներիցս հաճախ եմ ստանում ծաղիկներ, դրա համար էլ մի ամբողջ գարուն բարձր տրամադրությամբ է անցնում»:
Այն, որ ապրիլի 19-ը ձնծաղիկի օրն է՝ քչերը գիտեին, բայց բախտի բերմամբ, թե պատահմամբ, այսօր ոմանք արդեն հասցրել են ստանալ ու նվիրել ձնծաղիկներ:
«Մայրիկիս համար ձնծաղիկ գնել եմ այսօր, բայց չգիտեի, որ նման տոն կա, – ասում է 17-ամյա Մարինան ու ավելացնում, – զգում էի էլի երևի» 🙂
20-ամյա Տաթևն էլ նախորդ տարի է իմացել այս գեղեցիկ օրվա մասին. «Անցած տարի այս օրը ինձ ձնծաղիկ նվիրեցին ու ասացին, որ տոն է, ու այդ օրվանից հիշում եմ արդեն, – ասում է նա, – որոշել եմ այս տարի էլ ինքս ընկերուհիներիս ձնծաղիկներ նվիրել»:
Գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» (Schneeglockchen), անգլիացիները`«ձյունե կաթիլ» (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus՝ «ձնե» բառին։
Տիգրանուհի Թասլակյան