Օրերս հայտնի դարձավ, որ The White Stripes ամերիկյան ռոք-դուետը նոր համերգային ձայնասկավառակ կթողարկի՝ այդպիսով նշելով խմբի չափազանց սիրված եւ հաջող Elephant ալբոմի 10-ամյակը: Nine Miles From The White City կոչվող կրկնակի սկավառակը կպարունակի 26 երգ: Այս մասին լուրը ստացվեց Ջեք Ուայթի Third Man Records լեյբլի Vault բաժանորդագրական ծառայության միջոցով: Սկավառակի մեջ մտած ձայնագրությունն արվել է 2003թ. Չիկագոյի Aragon Ballroom դահլիճում տված համերգի ժամանակ: Բացի երկրպագուների կողմից շատ սիրված The White Stripes-ի սեփական ստեղծագործություններից, որոնցից են, օրինակ, Seven Nation Army, Hotel Yorba եւ Dead Leaves and the Dirty Ground երգերը, թողարկվելիք համերգային ալբոմում տեղ են գտել նաեւ մի շարք կատարումներ լեգենդար երաժիշտների երգացանկերից, որոնց թվում են Բոբ Դիլանի, Captain Beefheart-ի, Ռոբերտ Ջոնսոնի երգերի սեփական տարբերակները:
Third Man Records-ի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «The White Stripes-ի Elephant ալբոմի 10-ամյա տարեդարձը նշելու կապակցությամբ Third Man-ը որոնումներ է սկսել բազմոցի բարձերի տակ ու ստվերոտ նրբանցքներում՝ գտնելու կատարյալ փաթեթը, որը կուղեկցի լեյբլի՝ ալբոմի վերաթողարկումը: Մեզ թվում է, մենք այն գտել ենք:
Մեծ հետաքրքրության է արժանի The White Stripes-ի երկսկավառականի հզոր համերգային հավաքածուն, որը ձայնագրվել է 2003թ. հուլիսի 2-ին Aragon Ballroom-ում՝ Չիկագոյում: Nine Miles From The White City վերնագրված, 26 երգից բաղկացած, 79 րոպե տեւողությամբ այս փայլուն համերգային կատարումը ցուցադրում է բացարձակ վարպետությունը, որ Ջեքն ու Մեգը ցուցադրում էին 2003-ի շրջագայության ժամանակ: Հետաքրքրաշարժ պահերից են Captain Beefheart-ի Party of Special Things to Do-ի եզակի, հազվագյուտ կատարումը, հատկապես խելահեղ The Hardest Button to Button-ը, ինչպես նաեւ The White Stripes-ի Candy Cane Children ամանորյա մեղեդին: Միկշերային վահանակից արված բյուրեղյա մաքրության ձայնագրությունը իրեն լավագույնս զգացնել է տալիս տեղում գրված նոր երգի հանպատրաստից, անմիջական կատարման ժամանակ, որ հետագայում ստացավ Little Cream Soda անվանումը: Այս երգը հետագայում վերահայտնագործվեց Ջեքի եւ Մեգի կողմից (հանդիսատեսի կողմից արված ձայնագրության միջոցով) Icky Thump ալբոմի ձայնագրման ընթացքում, նրա վրայից սրբվեց փոշին, եւ այն ձայնագրվեց The White Stripes-ի վերջին ստուդիական ձայնասկավառակի համար»:
Հիշեցնենք, որ The White Stripes-ը ամերիկյան ռոք-դուետ էր, որ ստեղծվել էր 1997-ին Դետրոյթում՝ Միչիգանում, այն ժամանակ ամուսիններ Ջեք (վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ) եւ Մեգ (էպիզոդիկ վոկալ, հարվածային գործիքներ) Ուայթերի կողմից: Մի քանի սինգլներ եւ երեք ալբոմ թողարկելուց հետո դետրոյթյան երաժշտական ասպարեզում, խումբը ճանաչում ձեռք բերեց 2002-ին` garage-rock-ի վերածննդի ժամանակ: Քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած White Blood Cells եւ Elephant ձայնասկավառակների թողարկումից հետո խումբը հայտնվեց ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ Seven Nation Army սինգլը հսկայական հիթ դարձավ եւ այժմ իր տեղն է գտել դասական կիթառային ռոք ռիֆերի շարքում: Հետագայում խումբը եւս երկու ձայնասկավառակ թողարկեց, որոնցից վերջինը 2007-ին լույս տեսած Icky Thump-ն էր: 2011-ին, համերգային գործունեությունից եւ ձայնագրվելուց երկարատեւ դադարից հետո, խումբը հայտարարեց կազմալուծման մասին:
Կարդացեք նաև
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ