Հարություն Հարությունյանն ու Արամ Շահբազյանը ինքնատիպ գաղափար են հղացել
Չգրված օրինաչափությամբ ցեղասպանության թեման պարունակող ցանկացած ժանրի գործ տեղավորում են ապրիլի 24-ի «մատույցներում», այդպես կամա թե ակամա մեծացնելով այն «խուլ» դժգոհությունը, թե անկախ մեզանից՝ մեծարում ենք միայն ողբը, սուգը՝ մոռանալով լավատեսությունը եւ այն մեծ ուժը, որի շնորհիվ կարողացանք գոյատեւել: Մյուս կողմից էլ՝ իսկապես այդօրինակ գործերում գերիշխում է ողբի տրամադրությունը: Եղեռնագործությունը պատկերող ավանդական ֆիլմերից են մեզ հայտնի «Նահապետը» (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան), «Ձորի Միրոն» (ռեժիսոր՝ Ժիրայր Ավետիսյան), «Ապրիլը» (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան), «Արարատը» (ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան), «Մայրիկը» (ռեժիսոր՝ Անրի Վերնոյ), «Արամը» (ռեժիսոր՝ Ռոբերտ Քեշիշյան), «Արտույտների ագարակը» (ռեժիսորներ՝ Տավիանի եղբայրներ) եւ այլն:
Օրերս «Առավոտի» հետ զրույցում գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ կարդացել է մի կինոսցենար, որտեղ, իր խոսքերով՝ «առաջին անգամ ես տեսա, որ չկա՛, կարելի է ասել՝ արդեն դասականացված մոտեցումը մեր ազգի հետ պատահած մեծ ողբերգության, չկա՛ աշխարհին հաճախ անհաղորդ մեր ողբը: Այդ սցենարը ոչ թե լացուկոծ է, ոչ թե յաթաղանի ցուցադրություն, այլ պայքար՝ հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների, հանուն մարդու եւ ազգերի իրավունքի, եւ շատ ամբողջական է ներկայացնում մեր ողբերգությունը, քան մինչ օրս մեզ հայտնի ֆիլմերը: Սցենարի հեղինակները, որոնք իրենց ապագա ֆիլմը անվանել են «Հարդենբերգի վկաները», մի շարք պատմվածքների, վիպակների, հրապարակախոսական հոդվածների ու կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ Հարություն Հարությունյանը եւ կինոռեժիսոր Արամ Շահբազյանն են»:
Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս հիշյալ սցենարը ներկայացվել է Ազգային կինոկենտրոնի հանձնաժողովին: Կարծիքներ լսելու ակնկալիքով կապվեցինք հանձնաժողովի անդամներ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի եւ կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ: Տիկին Խոդիկյանի կարծիքը լռությունն էր՝ պայմանավորված, ինչպես ինքն ասաց՝ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքով: Զավեն Բոյաջյանն էլ առանձնապես շռայլ չգտնվեց, ընդամենը հայտնելով, թե տպավորված է սցենարով:
Կարդացեք նաև
Եվ քանի որ հաճախ չի պատահում, երբ խոսվում է սցենարի մասին՝ մինչ ֆիլմ դառնալը, հանդիպեցինք համահեղինակներից Հարություն Հարությունյանի հետ: «Ֆիլմը գերմանական «Morgen Post» թերթի լրագրավաճառ երեխայի շուրջ է կառուցված: Փոքրիկն ականատես է լինում հրեա աղջկա եւ գերմանացի երիտասարդի սիրո պատմությանը եւ սկսում է համակրել նացիոնալ-սոցիալիստներին: Այստեղից պետք է հետեւեր, որ նա պիտի գնար ֆաշիստական Գերմանիայի ազդեցիկ դեմքերի հետեւից, գուցե հետագայում համալրելով նրանց շարքերը, սակայն՝ երեխան չի բռնում այդ ուղին, մնում է Մարդ»,- սցենարը հակիրճ պատմեց մեր զրուցակիցը: Նա ասաց նաեւ, որ ի տարբերություն այլ նկարների, իրենց մոտ, օրինակ, Թեհլերյանը երրորդ պլանում է, ով բացարձակ խոսք չունի, միայն դատարանում հնչած մեղադրանքին ի պատասխան՝ «ոչ» է ասում: Շուրջ 5 տարի առաջ սցենարի առաջին նախադասությունը գրած հեղինակը հավելեց, որ ապագա ֆիլմը ցույց կտա, թե ինչպես է Թեհլերյանի արձակած կրակոցը ազդել այլազգիների ճակատագրի վրա: Հետաքրքրությանը՝ պատմական ի՞նչ աղբյուրներից է օգտվել եւ արդյոք ազդվա՞ծ է ցեղասպանության մասին եղած ֆիլմերից, պարոն Հարությունյանը միայն ասաց, որ ուսումնասիրել է Թեհլերյանի, մեծ հայասերներ Լեփսիուսի եւ Վագների հուշերը, նաեւ «հետազոտել» է 1921թ. Գերմանիայում տիրող քաղաքական դրությունը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Ազգային կինոկենտրոն է ներկայացրել սցենարը, որին հավանության դեպքում պետք է հետեւի ֆիլմը սկսելու նախնական գումարի տրամադրումը, սակայն մինչ օրս՝ ոչ մի լուր:
«Ձեռքերս ծալած չնստեցի. սցենարը ժամանակին ներկայացրել եմ ֆրանսիացի, ամերիկացի, ռուս որոշ կինոգործիչների եւ երբ շուրջ 2 տարի առաջ նրանց հետ հանդիպեցի «Ոսկե ծիրանին», լսեցի դիտարկումներ, ցանկություններ եւ այլն: Նրանց խնդրեցի նաեւ կազմել ֆիլմի մոտավոր բյուջեն: Եվ համեստ հաշվարկներով այն կազմեց շուրջ 4 մլն եվրո: Ի դեպ, սցենարը հավանության է արժանացել անվանի կինոգործիչներ Ռոման Բալայանի, Արսինե Խանջյանի եւ մյուսների կողմից»,- ասաց սցենարիստը: Նա հավելեց, թե ինքն ու կինոռեժիսոր Արամ Շահբազյանը չեն ուզում նկարահանել ֆիլմ՝ միայն տեղական ներդրումներով, որի վերջնական արդյունքը կլինի միայն «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելը: «Փորձում ենք ներգրավել նաեւ արտերկրյա պրոդյուսերների՝ հետագայում նկարը աշխարհին ներկայացնելու նպատակով, քանի որ, մեր կարծիքով, գրված է սցենար, որը համամարդկային է: Մենք՝ հայերս, դատապարտված ենք համատեղ ֆիլմարտադրություն իրականացնել: Ի դեպ, ցանկացած արտերկրյա պրոդյուսեր առաջինը հետաքրքրվում է, թե ի՞նչ չափով է մասնակցում այս նախագծին մեր երկիրը: Իսկ աշխարհում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ երկիրը պետք է ապահովի պահանջվող գումարի 30%-ը: Այսինքն՝ առաջին քայլը պետք է անի Հայաստանը: Այս հարցով այս պահին քննարկումներ են ընթանում ՀՀ մշակույթի նախարարությունում»,- ասաց Հարություն Հարությունյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ