Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չանող գյուղապետերը գործ կունենան Շիրակի նորանշանակ մարզպետի հետ

Ապրիլ 19,2013 14:13

Որոշ գյուղապետեր արդեն իսկ առանձին զրույցի հրավիրվեցին Ֆելիքս Ցոլակյանի մոտ

Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզի այս տարվա անդրանիկ մարզխորհրդի նիստը: Այն անցավ բավականին հանգիստ մթնոլորտում, ոչ մի գյուղապետի դահլիճից դուրս չհրավիրեցին ուշ մտնելու կամ տեղից խոսելու համար, չկոպտեցին ու ոտքի չկանգնեցրին, ինչպես, օրինակ, խայտառակում էր Լիդա Նանյանը: Անգամ դուրս չարեցին փողկապ չկապելու, չսափրվելու ու գոմից ուղիղ մարզխորհրդի նիստի շտապելու համար: Նշենք, որ գյուղապետին ոչ վայել տեսքով մարզխորհրդի նիստի ներկայանալու դեպքում սովորաբար նրանց խիստ նկատողություն էր տալիս նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը: Իհարկե, այս անգամ էլ գյուղապետերի վրա այդ թեմայով խոսացող եղավ: Մարզխորհրդի նիստը դեռ չսկսված՝ գյուղապետերին փնթի տեսքի համար նկատողություն արեց պարոն Գիզիրյանը մոտ ընկերը՝ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը, ով իրավացիորեն շշպռեց, թե՝ «ամոթ է, էլի, ինչ տեսքով ասես ձեզ թույլ եք տալիս գալ ձեզ նվիրված միջոցառմանը»: Ինչեւէ, չնայած մթնոլորտը խաղաղ էր, Շիրակի նորանշանակ մարզպետը ցույց տվեց, որ իրեն այլեւս չեն կարող թվեր հրամցնել, առանց լուրջ վերլուծությունների ելույթներ մշակել կամ ինչպես ուզեն՝ գյուղը կառավարեն: Նա պարբերաբար ընդհատում էր զեկուցողին՝ այնպիսի հարցեր ուղղելով, որ վերջիններս նեղն էին ընկնում պատասխաններ փնտրելիս: Առաջինը ելույթ ունեցավ ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման 2013 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները: Վերջինս զեկուցեց, որ մարզում սեփական եկամուտները կատարվել են 88,6 տոկոսով, հողի հարկը կատարվել է 99,2 տոկոսով, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37,9 տոկոսով ավելի է: Գույքահարկն էլ հավաքագրվել է 100,9 տոկոսով: Շիրակի մարզպետը անչափ զարմացավ, երբ գլխավոր ֆինանսիստը հպարտությամբ տեղեկացրեց, թե Շիրակինը Հայաստանի միջին սեփական եկամուտներից մի քիչ ցածր է՝ 3 տոկոսի չափով: Զեկուցողի խոսքը ընդհատեց Շիրակի մարզպետը՝ իր զարմանքը հայտնելով այսպես. «Ի՞նչ է նշանակում՝ հանրապետական միջինից 3 տոկոս ցածր, դա միջինից է ցածր, չէ՞ որ կան բարձր ցուցանիշներ ունեցող մարզեր, եթե էդ ձեւի համեմատություն անենք բարձր ցուցանիշ ունեցողների հետ, մենք կտեսնենք, որ շատ ավելի ցածր ցուցանիշներ կունենանք շատերի հետ համեմատած»: Պարզվեց, որ սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Աշոցքում՝ 72,1տոկոս, իսկ գյուղերից միակը, որը 1 միլիոն 532 հազար դրամի չափով աշխատավարձի պարտքեր ունի, Սիզավետն է: Ի դեպ, այս գյուղը աչքի է ընկնում նաեւ ներկա ու նախկին գյուղապետերի ծեծկռտուքով, միմյանց դատարան քարշ տալով: Մարզպետը, ուշադիր լսելով ելույթները, գյուղապետերին խորհուրդ տվեց ճիշտ գույքագրում ու հաշվառում կատարել գյուղում, հողերը հստակ չափագրել, որովհետեւ դրանից հաստատ կփոխվի սեփական եկամուտների պատկերը: Նա նույնը հանձնարարեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ նշելով, որ հասկանում է նաեւ այն փաստը, որ շատ փակ դռներ կան Գյումրիում, որոնցից գանձումներ չեն կարողանա անել:

Ըստ մարզպետի՝ մարզի սեփական եկամուտների հավաքագրման պատկերը կփոխվի, եթե առաջին հերթին նորմալ աշխատեն քաղաքապետերը: Ֆելիքս Ցոլակյանին անհասկանալի թվացին նաեւ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի լավատեսական ելույթից որոշ հատվածներ: Պաշտոնյան այնպես էր ներկայացնում մարզի գյուղատնտեսությունը, կարծես ոչ մի խնդիր չկար: Այդ պատճառով էլ մարզպետը հետաքրքրվեց, թե այդ ինչպե՞ս է ամեն ինչ լավ այս ոլորտում, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել պահեստներում տոննաներով կուտակված պարենային կարտոֆիլը: Այն իրացնելու համար անձամբ ինքը խնդրել է մի կազմակերպության՝ գալ ու 200 տոննա տանել: Ֆելիքս Ցոլակյանը նաեւ չթաքցրեց իր զարմանքը, որ գյուղապետերը որեւէ հարց, որեւէ առաջարկ չունեին՝ ուղղված պաշտոնյաներին: Նա հասկացրեց, որ ինքը այդպիսի անտարբերություն չի հանդուրժելու, գյուղապետը գյուղացու ընտրյալն է եւ պարտավոր է նրա հարցերը բարձրացնելու: Ի դեպ, մարզպետը Սարկապի գյուղապետին տեղում նկատողություն արեց՝ ասելով, որ սեփական եկամուտների հավաքագրման այդքան վատ պատկեր միայն այդ գյուղում է, դա աշխատելու ձեւ չէ, ու առանձին հրավիրեց իր մոտ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930