Միտքս թափառ էր. շարունակ փորձում էի հետեւել, թե ինչպես է խոտը աճում եւ երբ է աճում: Ու ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես՝ գարնան առաջին ամսվա վերջում փնտրում էի մի շատ կարեւոր խորհուրդ, որի ներկայության մասին ես կարծես թե մանկությունից գիտեի: Խորհուրդ, որի նշանակությունն այս անգամ թերեւս հասկացա, թեեւ դարձյալ վստահ չեմ:
Հասկացա ընդամենը պարզ մի բան, որ շուտ ծաղկող ծառը շուտ էլ տերեւաթափվում է, ինչպես նաեւ շուտ ծաղկող ծառի պտուղները չեն դիմանում երկարատեւ ձմռանը: Եվ եկող նոր տարվա բերքը իր հին պատկերը չի տեսնում նորի մեջ:
Անշուշտ, գուցե միտքս թափառ էր, եւ այս վերահաս գարնան մեջ իմ անքաղաքական մտածողությունը զարմանքով նորեն ու դարձյալ տեսավ, թե ինչու են մեր հնամյա եւ փոքրացած երկրում սրբերն այսքան շատ, իսկ թագավորները՝ սակավ: Ուստի պետք է ենթադրել, որ սրբերի համար մեր երկրում նեղվածք է: Եվ ես հիմա մտահոգված եմ մեր սրբերի բախտով, քանի որ իրենց սրբությունը ծավալելու համար նրանց ավելի մեծ երկիր է պետք…
Իսկ հնդեվրոպական ժողովուրդների հնագույն հայրենիքի մեր այսօրվա ղեկավարին ավելի կարեւոր խնդիր է հուզում՝ պահպանել երկրի ամբողջականությունը, պահպանել բոլոր այն եզերքները, մինչեւ ուր ծավալվում է հայոց լեզուն, եւ որտեղ սրբերի համար էլ թերեւս արժանի տեղ գտնվի…
Կարդացեք նաև
Եվ հիմա իմ թափառ մտքի գարնանային հետագիծը ինձ տանում է ու կանգնեցնում մեր բոլոր արքաների պալատների անհետացած եւ անհետացող ավերակների հիշատակի առաջ: Անհետացած մայրաքաղաքների արդեն տեսիլքի առջեւ… Ու ես մտածում եմ՝ ի՞նչը խանգարեց մեզ ուրիշ տերությունների պես ունենալ մի մայրաքաղաք եւ պահպանել այն: Ուրիշների նման աշխարհին ցուցադրել մեր արքայական պալատները. ինչպիսի ուշացած սթափություն, երբ մենք, մեր ցեղը պետք է, որ հարեւանցի տաք հովերից չխաբվեինք, եւ մեր ծառի պտուղը պետք է տեսներ իրեն հաջորդողին:
Հիմա փորձում եմ հասկանալ կատարվածի խորհուրդը՝ ի՞նչ հիվանդություն էր, որը մեզ ստիպեց ուրանալ սեփական թագավորներին: Ու հիշում եմ իմ բժիշկ ընկերներից մեկի պատմածը մի տարօրինակ հիվանդության մասին, որ կոչվում էր կարմիր քամի, եւ որը հիվանդի մեջ հրահրում-բորբոքում էր անվստահություն սեփական ոտքերի հանդեպ, եւ հիվանդը վախենում էր առանց օգնության կանգնել սեփական ոտքերի վրա: Ու հասկացա նաեւ, որ վաղուց արդեն ժամանակն է մեր միջից վտարելու կարմիր քամին եւ հիշել մեր թագավորներին, որ թագավորություն ունենանք:
Թերեւս, ես նախանձում եմ ռուսներին եւ էլի շատ ազգերի, ովքեր մինչեւ այսօր, թագավոր չունենալով՝ երգում են. Աստված պահի Թագավորին:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ