Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքերը բաց նայել խնդիրներին

Ապրիլ 19,2013 13:56

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ

– Իսպանիայի Սենատում կազմակերպված միջոցառումը ինչի՞ն էր նվիրված: Ձեր կարծիքով՝ մեր ջանքերը բավարա՞ր են արտաքին ճակատում տեղ հասցնելու ճշմարտությունը մեզ հուզող խնդիրների մասին:

– Իսպանիայի Սենատում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի եվրոպական հեռանկարներին եւ Հայաստան-ԵՄ առնչություններին: Ինձ համար մեծ պատիվ էր պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ միասին լինելու Երեւանից հրավիրված բանախոսներից մեկը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով իսպանացի խորհրդարանականներ, մտավորականության ներկայացուցիչներ: Այնտեղ էր նաեւ Խոսե Անտոնիո Գուռիարանը: Այն նաեւ շատ լավ առիթ էր իսպանացի մեր գործընկերներին ներկայացնելու իրականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին, փոխանցելու համապատասխան գրականություն, նրանց ուշադրությունը հրավիրելու մեր դիրքորոշումների վրա: Միջոցառման ավարտին ցուցադրվեց նաեւ Ցվետանա Պասկալեւայի արցախյան խրոնիկան: Այն մեծ ազդեցություն գործեց իսպանացի մեր գործընկերների վրա: Իմ կարծիքով՝ միջոցառումը հաջողված էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ Իսպանիայում մեր դեսպանությանը՝ գործադրած ջանքերի համար: Ցավոք, Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ միջպետական հարաբերությունները, այդ թվում եւ միջխորհրդարանական կապերը դեռեւս սաղմնավորման փուլում են, չնայած Իսպանիայում վերջին քսան տարիների ընթացքում հոծ հայկական համայնքի ձեւավորմանը: Պարոն Հովհաննիսյանի հետ միասին առանձին հանդիպում ունեցանք նաեւ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունում: Ընդհանուր առմամբ, մենք պետք է կարողանանք գտնել համեստ ռեսուրսների արդյունավետ համադրմամբ առավելագույն արդյունքի հասնելու ճիշտ մարտավարությունը եւ մեր գործողություններն ու ծրագրերը երբեք չտեղավորենք հարեւան Ադրբեջանի հետ ռեսուրսային համեմատության հարթությունում: Դա նախաձեռնողականության պակասի ու անգործության մղող տրամաբանություն է:

– Շուտով ձեւավորվելու է նոր կառավարություն: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ խնդիրներ իր առջեւ պետք է դնի նոր կառավարությունը:

– Կարծում եմ, որ բոլորս ենք առանձնացրել նախագահ Սարգսյանի պաշտոնամուտի արարողության ժամանակ հնչեցված այն հստակ ուղերձը, որ նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկած հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը լսվել է, այն տեղ է հասել: Ուստի նոր կառավարությունից սպասելիքը մեկն է՝ առավել արդյունավետ, առավել թիրախավորված, առավել նպատակային աշխատանք՝ Հայաստանում կուտակված սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ: Նոր կառավարությունը խորհրդարանի աջակցությամբ պետք է կարողանա աչքերը բաց նայել մեր հանրային կյանքի ճչացող խնդիրների՝ արտագաղթի, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալական բեւեռացման ու արդարության դեֆիցիտի երեւույթների վրա ու համակարգային լուծումներ գտնի՝ անհանդուրժողականություն դրսեւորելով կոռուպցիայի, հովանավորչության եւ մենաշնորհների դեմ: Կառավարությունը պետք է շտկի նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումների ու համակարգային փոփոխությունների գործընթացում տեղ գտած բացթողումները, կադրային ճիշտ քաղաքականություն իրականացնի: Կառավարությունը պարտավոր է արդյունավետ ու նվիրված աշխատանքով փոխհատուցել հանրապետության նախագահի եւ քաղաքական մեծամասնության վստահությունը: Շոշափելի փոփոխությունների սպասելիք ունի ոչ միայն հասարակության ընդդիմադիր հատվածը, ոչ միայն քաղաքական ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունն ինքը: Առկա է փոփոխությունների հասարակական հստակ պահանջ, ինչը համահունչ է հանրապետության նախագահի եւ իշխանությունների քաղաքական մտադրություններին: Նոր կառավարությունը պետք է կարողանա գտնել այդ փոփոխություններն անհրաժեշտ ու արդյունավետ ծավալով իրականացնելու ուղիները:

– Նախագահական ընտրություններից անցել է երկու ամիս, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական զարգացումները:

– Նախագահական ընտրությունները մեր երկրում հայտնի պատճառներով մշտապես ուղեկցվել են հասարակության շրջանում նոր, երբեմն շատ սուր բաժանարար գծերի առաջացմամբ ու հետընտրական անցանկալի զարգացումներով: Ցավոք, մեր քաղաքական մշակույթը, քաղաքական իրողությունները դեռ թույլ չեն տալիս նախագահական ընտրություններում պարտված թեկնածուին շնորհավորելու ընտրված նախագահին, ինչը լրիվ նոր մշակույթ կձեւավորեր մեր քաղաքական կյանքում: Յուրաքանչյուր գնահատական պետք է հիմնված լինի համեմատության վրա: Այդ առումով կարելի է արձանագրել, որ հետընտրական զարգացումները ամենանվազ ցավոտն էին հանրային-պետական շահերի տեսանկյունից անկախության ողջ շրջանում: Մյուս կողմից՝ հետընտրական զարգացումները ցույց տվեցին իշխանություն-ընդդիմություն առավելագույն կառուցողականություն: Թեեւ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած նախապայմանների պատճառով քաղաքական երկխոսությունը շոշափելի արդյունքներ չտվեց, սակայն հանրապետության նախագահը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ քաղաքական կարծրատիպերն իր համար մերժելի են եւ պատրաստ է քաղաքական երկխոսության: Ցավալի է, որ ընդդիմության առաջնորդը բաց թողեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ղեկավարելու առաջարկը, անտեսվեցին նաեւ ընդդիմությանը վերահսկողական նոր գործառույթներով օժտելու մասին նախագահ Սարգսյանի ակնարկները: Մեր քաղաքական մշակույթի հիմնարար խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքական ընդդիմությունը մշտապես առաջնորդվել է «ամեն ինչ, կամ ոչինչ» կարգախոսով: Անկախության ողջ ընթացքում դա եղել է միակ գործող բանաձեւը եւ ունեցել է միատեսակ՝ զրոյական արդյունք, թեեւ փոխվել են եւ իշխանությունները, եւ ընդդիմության առաջնորդները:

– Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են: Քաղաքական ուժերը մեծ կարեւորություն են տալիս մայրաքաղաքային ընտրություններին եւ ամենայն լրջությամբ են պատրաստվում դրանց:

– Մայրաքաղաքային ընտրությունները մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երեք ընտրություններից ավարտականն են: Այն կգա ամբողջացնելու քաղաքական ուժերի հարաբերակցության պատկերը առաջիկա տարիների համար: Մայիսից այն կողմ մեր երկիրն իր տրամադրության տակ ունի չորս տարի կուտակված խնդիրներին՝ համայնքային, թե համապետական, լուծումներ տալու համար: Մրցակցային քաղաքական միջավայրն ակնհայտ է. ընտրություններին մասնակցում են առաջատար բոլոր քաղաքական ուժերը, ինչն ինքնին բնական է՝ ի հակադրություն անցած նախագահական ընտրությունների, երբ խորհրդարանական երեք քաղաքական ուժեր չմասնակցեցին կարեւորագույն քաղաքական այդ գործընթացին: Մրցակից ուժերի կողմից ընտրական օրենսդրության անգործության կամ լուրջ խախտման որեւէ դեպք առայժմ չի արձանագրվել: Առկա են բոլոր հիմքերը, որպեսզի մայրաքաղաքային ընտրություններն արձանագրեն քայլ առաջ՝ ուժեղացնելով հայաստանյան ժողովրդավարության համարումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության ընկալման մեջ՝ 2017-2018թթ. ցիկլին ընդառաջ պնդացնելով ընտրական ժողովրդավարության կայացման անշրջելիությունը:

Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ելքին, ապա իշխող կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու այս ընտրություններում, եւ կարծում եմ՝ դա այդպես էլ կլինի: Տարոն Մարգարյանի պարագայում դա կլինի նաեւ վաստակած հաղթանակ, որովհետեւ, իմ կարծիքով, քաղաքապետի պաշտոնում Մարգարյանն իրեն դրսեւորել է որպես աշխատասեր, նվիրված եւ եռանդուն պաշտոնյա՝ շահելով մայրաքաղաքաբնակների վստահությունը եւ համակրանքը: Քարոզարշավի ընթացքում աճել է մայրաքաղաքային իշխանությունների նկատմամբ սուր քննադատությունը, երբեմն անձնական վիրավորանքների հասնող հրապարակումները: Սակայն կյանքը ընտրություններից հետո եւս շարունակվելու է: Ուստի ճիշտ կլինի, որ մասնակից քաղաքական ուժերը տեղ թողնեն ավագանու շրջանակներում հետագա համագործակցության համար: Ընտրապայքարում տարբեր ուժերի, թեկնածուների կողմից այսօր հնչում են արժեքավոր գաղափարներ, եւ, անկախ ընտրությունների արդյունքից, դրանք կարիք ունեն լուրջ վերլուծությունների: Համոզված եմ, որ դրանցից շատերը մայիսի 5-ից հետո կդառնան նորընտիր ավագանու քննարկման առարկա: Միայն այն հանգամանքը, որ տարբեր ընտրություններում Երեւանը տարբեր կերպ է քվեարկում, ի ցույց է դնում մայրաքաղաքի բնակիչների տարբերակված մոտեցումն ու ակնկալիքները յուրաքանչյուր ընտրությունից: Վստահ եմ, որ երեւանցիները կքվեարկեն համայնքային տեսանելի առաջընթացի օգտին:

– Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը: Արդյոք այն չի՞ նվազեցնում իշխանությունների հաղթելու հնարավորությունները:

– Նախ ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, երբ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժը չի մասնակցում համապետական ընտրություններին: Նախագահական ընտրությունները Հայաստանի նման երկրում գլխավոր քաղաքական ստուգատես են՝ դու կամ կաս, կամ չկաս. երրորդը տրված չէ: Քաղաքական պայքարը հովհարային անջատումներով չի լինում, այն սեզոնային բնույթ չունի: Կարծում եմ, որ այն քաղաքական ուժերից, որոնք չէին մասնակցում նախագահական ընտրություններին, բայցեւ այսօր փորձում են սուր քաղաքական պայքարի հարթություն տեղափոխել համայնքային ընտրությունները, տիտանական ջանքեր են պահանջվելու երեւանցիներին հիմնավորելու, թե որտեղ էին իրենք նախագահական ընտրությունների ժամանակ, բացատրելու, թե ինչպես խորհրդարանական խմբակցություն ունեցող քաղաքական ուժը կարող է ընտրություններին մասնակցել կամ չմասնակցել, իրական դիրքորոշում ունենալ կամ չունենալ՝ ըստ կուսակցության առաջնորդի հայեցողության կամ մտավարժանքի կարողության: Այնպես որ՝ այդ քաղաքական ուժերին, ուզած թե չուզած, մնում է հաշվի նստել նախագահական ընտրություններին չմասնակցության օբյեկտիվ հետեւանքների հետ՝ իներցիայի ուժով ժողովել 2012թ. մայիսի մնացորդները եւ ապագա քաղաքական զարգացումներում կապիտալիզացնել ունեցածը: Թեեւ ես անձնապես շատ ուրախ կլինեի տեսնել Հայ Յեղափոխական Դաշնակցության ու «Ժառանգության» աճող ներգրավվածությունը երկրի պետական-քաղաքական կյանքում:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930