«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն` ՀՀ ուսհաստատություններում բռնությունների մասին
1996թ-ից տարբեր երկրներում ապրիլի երկրորդ ուրբաթը նշվում է որպես Լռության օրը, որի հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց եւ այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սևեռումն է: Այս մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում լրագրողներին հայտնեց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը: Նա նշեց, որ Լռության օրը միտված է նրան, որ ուսումնական հաստատություններն առավել ապահով վայրեր դառնան բոլոր աշակերտների եւ ուսանողների համար` անկախ նրանց կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, էթնիկ պատկանելությունից. «Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, խտրականությունը, բռնությունը միայն ուսումնական հաստատությունների խնդիրը չէ, այլ յուրաքանչյուրի, քանզի մեր ընկերները եւ բարեկամներն այդ ամենի մասն են կազմում»:
Նվարդ Մարգարյանի խոսքով. «ՀՀ դպրոցներում եւ կրթական հաստատություններում բռնություններն ու նվաստացումները իրական եւ տեսանելի են: Համաշխարհային վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր դպրոցի հինգ երեխայից մեկը ենթարկվում է խտրականության եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի»: Մարգարյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել եւ հավաքագրել դպրոցներում գրանցված բռնությունների եւ նվաստացումների դեպքերի մասին տեղեկություններ. «Օրինակ, 19-ամյա մի տղա ուսումնական գործընթացի ընթացքում ութ դպրոց է փոխել, քանզի դասընկերների վերաբերմունքը նրա հանդեպ անմարդկային է եղել` կանացի համարվող ժեստերի, բարակ ձայնի պատճառով: Նրան անգամ աղբամանի մեջ են գցել, թքել վրան եւ ծեծել: Մեկ այլ դեպքում երիտասարդ աղջիկ, ով գեր է եղել, դասընկերների համար նվաստացման «օբյեկտ» է հանդիսացել: Նրան, օրինակ, կոնֆետ են տվել եւ ասել` «առ, կեր, չաղո…սոված կլինես»: Իսկ սուր քթով մի տղայի «Բուրատինո» են անվանել եւ ծեծելով փորձել կոտրել քիթը»:
Կարդացեք նաև
Խնդրին լուծում տալու նպատակով հոգեբան-թերապևտ Նարինե Հովակիմյանը դպրոցների ուսուցիչներին առաջարկում է քննարկել նմանատիպ երեւույթները, համատեղ մշակել կանոններ` ծաղրը սովորական կատակից տարբերելու եւ ուսուցչին կամ տնօրենին խնդրի մասին անոնիմ կերպով հայտնելու շուրջ:
Տիկին Հովակիմյանի համոզմամբ` դպրոցները պետք է համագործակցեն հոգեբանների հետ, որպես դասղեկ կարգեն այնպիսի ուսուցիչների, ովքեր հեշտությամբ են կոնտակտի մեջ մտնում աշակերտների հետ եւ կարող են մթնոլորտը բարելավել:
Նվարդ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե որ դպրոցներում են գրանցվել վերոհիշյալ դեպքերը, սակայն նա պատասխանեց, որ տվյալ պահին դպրոցների համարները չի կարող տրամադրել, բայց երեւույթը համատարած բնույթ է կրում, իսկ մի քանի դեպքեր լուսաբանվել են մամուլում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ