Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»

Ապրիլ 19,2013 13:11

2-11Պաշտպանական գերատեսչությունը լրջորեն սկսել է զբաղվել մեր հասարակության շրջանում գաղափարական զարգացման հարցով՝ բանակում շեշտադրումը կատարելով հենց այս ոլորտի վրա: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտենց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նա նաև հավելեց, որ նախարարությունն իր առջև խնդիր է դրել մի քանի տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում ներմուծել ազգային գաղափարախոսությունը` որպես զինծառայողների մարտական ոգու բարձրացման կարևորագույն ուղի. «Այս խնդրի շուրջ բանակային համակարգի ղեկավարությունը ամենայն լրջությամբ է կենտրոնացել, ձեռք են առնվում բոլոր միջոցները, մշակվում են ազգային գաղափարական մոդելի ներդրման մեթոդները, այդ թվում` իրականացվում է նոր առարկային ժամաքանակ հատկացնելու պրոցեսը: Այսպիսով կարելի է ասել, որ պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Փորձագետների համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդությունն իր առջև դրված խնդիրներն առավել ճշգրիտ և պատասխանատվությամբ կկատարի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ի թիվս այլ միջոցառումների, վերոնշյալ նախաձեռնությունը զինվորականների շրջանում կնվազեցվեն նաև արատավոր երևույթները. «Իհարկե, այն կյանքի կոչելիս մենք կբախվենք բազմաթիվ խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում բանակ են զորակոչվում տարբեր գիտելիքների տեր անձիք, տվյալ պարագայում նախարարութունը ստիպված է իրականացնել մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքը այն կլինի, որ բանակից հասարակություն կանցնեն ոչ միայն զինվորական գործին տիրապետող, այլև գաղափարապես կայուն և խելացի երիտասարդներ»,- նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Աշխատանքների առաջին փուլը ամփոփվեց մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում, որը նվիրված էր ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքին: Ներկայումս սկսվել են տեսական մասի մշակման աշխատանքները:

«Մեր երկրի պաշտպանության նախարարությունը զորամասերում նոր առարկայի ներմուծմամբ և անցկացմամբ նպաստելու է ազգապահպանության և ազգասիրության խնդիրների իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ընգդծեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը. «Այս նախագիծը չափազանց մեծ ազդեցություն կթողնի մեր երկրի երիտասարդ խավի զարգացվածության վրա: Այն միաժամանակ կլուծի մի շարք խնդիրներ ծառայության ընթացքում ու դրանից հետո»,- համոզմունք հայտնեց ազատամարտիկը:

Նշենք, որ այս ամենը կյանքի է կոչվում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և վերահսկողությամբ: Խնդրի իրականացմանը լծվել են պատասխանատու վարչությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների պետերն ու աշխատակիցները:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախարարության ղեկավարը վերջին երեք տարիներին մշտապես կրկնում է, որ արգելել է օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» և «Աշխարհի այլ բանակներում էլ են լինում նման դեպքեր» արտահայտությունները. «Այսինքն՝ բանակն ունի բոլոր լծակները հասարակությունից զինված ուժեր ներթափանցող խնդիրների լուծման համար: ԱԺ-ում վերջին քննարկումներից հետո շատերը մեկնաբանեցին, որ Սեյրան Օհանյանը նոր է դա օգտագործում, սակայն նախարարը դրա մասին վաղուց է խոսում: Վերջին իրադարձությունները, ինչպես նաև բանակ-հասարակության կապի թափանցիկությանը միտված հստակ քայլերը վկայությունն են այն բանի, որ զինված ուժերն այդ լծակներն արդեն կիրառում են: Նախարարը հստակ խնդիր է դրել արմատախիլ անել արատավոր երևույթները, և անգամ՝ հասարակության համար հանդիսանալ լոկոմոտիվ, օրինակելի կառույց որտեղ ձգտեն: Գաղափարախոսական դաստիարակությունը լավագույն ձևն է կայացնել հզոր զինվորականի և լավ քաղաքացու հասարակության համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:

 

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930