Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ են պահանջում «Առավոտից»

Ապրիլ 19,2013 13:04

Մայիսի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Սեդրակ Հովհաննիսյանն ընդդեմ Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին նախնական դատական նիստը: Արդեն հայտնի է նաեւ դատավորը՝ Ալեքսեյ Սուքոյանը:

81-ամյա հայցվորը երաժիշտ է, վիճարկում է 14.02.2013թ. «Հայցվորի փաստաբանը՝ Հ.Մանասերյանին գրագող անվանեց, իսկ Հ.Մանասերյանը՝ խելքը գցած» (Գ.Հակոբյան) հրապարակումը, որը ըստ նրա արատավորել է իր պատիվը:

Հայցադիմումում նա մեջբերել է, թե հրապարակման հատկապես որ արտահայտություններն են վիրավորել իր անձն ու արժանապատվությունը, նույնիսկ դրանք դիտարկել ՀՀ ակադեմիական հրատարակության Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի համադրման ներքո:

Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչն  է փաստաբան Արմեն Բաղդասարյանը, որն արդեն իր առարկություններն է ներկայացրել դատարան:

Հեղինակային իրավունքի հետ կապված վեճում , ուր ներքաշվել է նաեւ մեր թերթը,. պատասխանողը դատարան է ներկայացրել մի շարք ապացույցներ, մասնավորապես, նույն Կենտրոնի դատարանի 2012թ.նոյեմբերի 30-ի վճիռը, համաձայն որի «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Մի գնա, մի գնա», «Ծաղիկներս ում նվիրեմ» եւ այլ ստեղծագորոծւթյուններ պատկանում են կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանին:

Հայցվորը պահանջում է 1 միլիոն դրամ՝ վիրավորանքի դիմաց փոխհատուցում, կես միլիոն ՝ զրպարտանքի, ինչպես նաեւ 120 000 դրամ՝ փաստաբանին վճարելու համար:

Նա նաեւ պահանջում է օրաթերթի առաջին էջում հերքել իր վերաբեյալ տեղեկությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա մարտի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռուբիկ Ափինյան) մերժեց «Առավոտ» (հեղինակ Ռ.Մինասյան) եւ «Հայկական ժամանակ» (Ա.Կարապետյան) օրաթերթերի դեմ թոշակառու, 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների դիմաց 1-ական միլիոն դրամի փոխհատուցման պահանջով հայցը:

Այսօր տեղեկացանք, որ Ռազմիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Այս հայցվորն էլ վիճարկում է 9 տարի առաջ՝ 2003թ.սեպտեմբերին տպագրված հրապարակումները: Ի դեպ, եթե առաջին ատյան հայցվորն անընթեռնելի ձեռագրով գրել էր իր պահանջի մասին, իսկ ապացույցներն էլ՝ հրապարակումները, որոնցից հղումներ էր անում, ներկայացրեցինք մենք, վերաքննիչ բողոքը տպագիր է, եւ ակնհայտ է բովանդակությունից, որ աշխատել է իրավաբանը, փոխվել են ինչ-ինչ դատավարական պահանջներ, ինչն առաջին ատյանի հայցադիմումում չի եղել: Նա պահանջում է «փոփոխել դատարանի վճիռը» եւ կայացնել նոր դատական ակտ:

Մինչ դատարանը դիմելը՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդ են դիմել նաեւ իրավաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, որոնք վիճարկում են տողերիս հեղինակի Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի հետ մարտի 28-ի հարցազրույցը, մասնավորապես գտնում են, որ խախտվել է հարցազրույցում հիշատակված  դիտորդ Նարինե Իսմայիլի «անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը»: Տեղեկատվական վեճերի խորհրդի, ինչպես նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի բողոքի քննության օրերը դեռ չեն նշանակված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930