Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱԶԸ

Ապրիլ 19,2013 12:59

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներեքերորդ

ԳՐԱԶԸ

Քիչ այն կողմ՝ վերեւում փահլեւանն արդեն զվարթ թռվռում էր, իսկ ներքեւում յալանչի Մուշեղն իր աննախադեպ փողերն էր աջուձախից հավաքում, ու մենք յալանչի Մուշեղին էլ էինք շատ լավ ճանաչում, որովհետեւ իրենք շատ հաճախ մեր Մանկավարժականի դիմաց էլ էին ելույթներ ունենում, եւ հիմա Մուշեղին «Արարատի» հաղթանակի առթիվ մեր պարտքը տալով՝ հետը ողջագուրվեցինք, եւ Հրաչը Մուշեղի հետ ողջագուրվելով ասաց՝ «շնորհավորում եմ, Մուշեղ ջան», եւ Մուշեղը երջանիկ ժպտալով ասաց՝ «էսիկ սաղ հայ ժողովրդի հաղթանակն է, Հրաչ ջան», եւ էդ պահին միջին տարիքի երկու տղամարդիկ մոտեցան ինձ, ինձ մի կողմ տարան, եւ երկուսից կարճահասակն ինձ հարցրեց՝ «էդ ձեր հետինը վո՞վ է», եւ ես հարցրի՝ «յալանչի՞ն», եւ երկուսից բարձրահասակը յալանչուն մատնացույց անելով ասաց՝ «յալանչու կողքինը», եւ ես ասացի՝ «մեր ընկերն ա», եւ Կարճահասակն ինձ հարցրեց՝ «ինքը վո՞վ է», եւ ես կրկնեցի՝ «մեր ընկերն ա», եւ Կարճահասակն ասաց՝ «հասկցանք, օր ձեր ընկերն է, բայց ինքը վո՞վ է, ինչացո՞ւ է», եւ ես ձայնս բարձրացնելով հարցրի՝ «ձեր ուզածն ի՞նչ ա», եւ Կարճահասակն ինձ ասաց՝ «բայց ինչի՞ կգոռաս, տղա ջան», եւ ես ասացի՝ «չեմ հասկանում՝ ձեր ուզածն ինչ ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «էս ազիզ օրով փոխանակ ուրախանաք, ինչ-որ բաներ եք ուզում պարզեք», եւ Բարձրահասակն ինձ ասաց՝ «իզուր ես նեղանում, տղա ջան. մենք ընդամենը ուզում էինք ճշտեինք», եւ ես զարմացած  հարցրի՝ «ի՞նչն եք ուզում ճշտեք», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզում ենք ճշտենք՝ ձեր էդ ընկերն ո՞վ ա, որ համ Շիրազն իրան ճանաչեց, համ էլ՝ Վարդանիկը», եւ Կարճահասակը փռթկացնելով ավելացրեց՝ «համ էլ՝ էս յալանչին», եւ ես զարմացած հարցրի՝ «բայց ինչի՞ եք ուզում ճշտեք», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու Բարձրահասակին ասաց՝ «էրթանք, Ջոն. էս տղեն մեզ միլիցու տեղ է դրել», եւ Բարձրահասակը մեղավոր ժպտալով ինձ ասաց՝ «մենք ընդամենը ձեր ընկերոջ ով լինելն էինք ուզում ճշտել», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «բայց ինչի՞ եք ուզում ճշտեք», եւ Կարճահասակը ժպտալով ինձ ասաց՝ «մեր Ջոն ախպերը ռեսպուբլիկայի սաղ հայտնի ու ճանաչված մարդկանց կճանչնա, էդոր համար էլ կզարմանա, օր ձեր էս ընկերոջը չի ճանչնա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որովհետեւ մեր ընկերը ճանաչված մարդ չի», եւ Կարճահասակը կասկածանքով նայեց ինձ ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «օր ճանաչված չէ, ի՞նչըղ Շիրազն իրան ճանչցավ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հետո էլ՝ Վարդանիկը» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հետո էլ՝ էն ցիլինդրովը» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «հիմի էլ՝ էս յալանչին»  եւ մի քիչ էլ մտածեց ու խեղճանալով ասաց՝ «ճիշտն ասած, գրազ ենք էկել, ախպեր ջան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գրազ», եւ Կարճահասակը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սովորական գրազ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարցով եք գրազ էկել», եւ Կարճահասակը ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «ձեր էդ ընկերոջ հաշվով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր Ջոն ախպերը կըսե՝ ձեր էդ ընկերը վայ թե սպորտսմեն է, ես էլ կըսեմ՝ բանաստեղծ-մանաստեղծ կէղնի», եւ ես ժպտալով Կարճահասակին ասացի՝ «գրազը կրել եք», եւ Կարճահասակը հարցրեց՝ «այսինքն», եւ ես փռթկացնելով ասացի՝բանաստեղծ-մանաստեղծ ա», եւ Կարճահասակը հաղթական ժպտալով Բարձրահասակին ասաց՝ «էրթանք, Ջոն ախպեր. էլ մենք ըստեղ անելիք չունենք» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «գրազը կրվար», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «էդ հնարավոր բան չի», եւ Կարճահասակը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը հնարավոր չի», եւ Բարձրահասակը վրդովված ասաց՝ «Հայաստանում ըտենց բանաստեղծ ու գրող չկա, որ ես չճանաչեմ», եւ Կարճահասակը հաղթական ժպտալով Բարձրահասակին ասաց՝ «փաստորեն, էս մեկին չճանչցար», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու վրդովված  ասաց՝ «էդ հնարավոր բան չի», եւ Կարճահասակը ժպտալով ինձ հարցրեց՝ «ձեր էդ ընկերը ղայդին բանաստեղծ է՞, թե՝ սուտիմուտի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ղայդին», եւ Կարճահասակը հարցրեց՝ «անունն ի՞նչ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Հրաչ», եւ Կարճահասակը հարցրեց՝ «ազգանո՞ւնն ինչըղ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Բեյլերյան», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազվագյուտ ազգանուն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Լեննական Բեյլերյան ազգանունով թատրոնի ռեժիսոր կար», եւ ես ասացի՝ «Հրաչն էդ ռեժիսորի տղեն ա», եւ Կարճահասակը զարմացած հարցրեց՝ «հալալ տղեն ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ձեր էդ բանաստեղծ ընկերը զեմլյակս է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Բարձրահասակին ասաց՝ «փաստորեն, գրազը կրվար, Ջոն ախպեր», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ վրա էիք գրազ էկել», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «հեչ բանի վրա» եւ ժպտալով ավելացրեց՝ «ընդամենը մի յաշիկ պիվա», եւ ես ժպտալով ասացի՝ «ահագին լուրջ գրազ ա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդքան էլ լուրջ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ մի յաշիկը կարա կամաց-կամաց՝ մի տարվա մեջ առնի», եւ Բարձրահասակը նեղսրտած գոռաց՝ «Բեյլերյան Հրաչ անունով բանաստեղծ չկա», եւ Կարճահասակը Բարձրահասակին ասաց՝ «կամաց գոռա. մարդիկ մեզի կնայեն», եւ իսկապես,  Բարձրահասակի գոռոցի վրա մի քանիսը զարմացած մեզ էին նայում, եւ Հրաչն էլ չկար, եւ յալանչի Մուշեղն աջուձախից իր փողերն էր հավաքում, եւ Բարձրահասակը ձայնը ցածրացնելով ասաց՝ «Բեյլերյան Հրաչ անունով բանաստեղծ գոյություն չունի», եւ ես ժպտալով ասացի՝ «ցավոք սրտի՝ գոյություն ունի», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա ինչ-որ սկսնակ ու միջակ բանաստեղծ ա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր գրազի պայմանի մեջ չի էղել, օր անպայման պիտի տաղանդավոր էղնի», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ տաղանդավոր ա» եւ ժպտալով ավելացրի՝ «մի քանի տարուց ձենը կլսեք», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա հերն էլ էր վայ թե տաղանդավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Փափազը վայ թե իրա հոր բեմադրածով Լեննական «Օթելլո» կխաղար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Դեզդեմոնան էլ ջահել ու սիրունիկ աղջիկ էր», եւ ես ասացի՝ «Փափազի հետ Հրաչի մաման ա Դեզդեմոնա խաղացել», եւ Կարճահասակը զարմացած հարցրեց՝ «Հրաչը վո՞վ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր էս բանաստեղծ ընկերը», եւ Կարճահասակը  բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «այսինքն, ռեժիսոր Բեյլերյանն ու էդ ջահել Դեզդեմոնան մարդ ու կնիկ էի՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց տարիքի առումով վայ թե իրարից ահագին հեռու էին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Հրաչի մաման ժողովրդական դերասանուհի ա. Դրամատիկական թատրոնում ա խաղում», եւ Բարձրահասակը զարմացած հարցերց՝ «ո՞վ ա. անունն ի՞նչ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մարուսյա Մարտիրոսյան», եւ Բարձրահասակ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մարուսյա Մարտիրոսյանն էս մի քանի տարի ա՝ ինչ Լենինականից տեղափոխվել ա Երեւան», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «մեր Ջոն ախպերը ռեսպուբլիկայի սաղ գրողներին ու արվեստագետներին հատ առ հատ կճանչնա», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բայց չեմ կարծում, որ Մարուսյա Մարտիրոսյանը ժողովրդականի կոչում ունի», եւ ես ասացի՝ «հաստատ  ունի», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ախպերն էլ Հանրապետական ԳԱԻ-ի պետն ա», եւ Կարճահասակը հարցրեց՝ «ո՞ւմ ախպերը», եւ Բարձրահասակը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Դեզդեմոնայի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վայ թե միլիցիայի գեներալ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կամ էլ՝ պալկովնիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Սերգեյ Սահակիչ Մարտիրոսյանն ա. նեղ կռուգում իրան Էսէս են ասում», եւ Կարճահասակը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ Էսէս կըսեն», եւ Բարձրահասակը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իրա անվան ու հայրանվան առաջին տառերը նկատի ունենալով», եւ ես ասացի՝ «Հրաչի մեծ քեռին էլ ա գեներալ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Հրաչի մեծ քեռին՝ Հայկ Մարտիրոսյանը համ էլ Սովետական Միության հերոս ա», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «գիտեմ» եւ ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «Մոսկվայում ա ապրում», եւ ես ժպտալով  Բարձրահասակին ասացի՝ «փաստորեն, ամեն ինչ գիտեք», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իրանց փոքր ախպերն էլ Մաքսիմ Մարտիրոսյանն ա», եւ Կարճահասակը ժպտալով հարցրեց՝ «ըդիկ է՞լ է գեներալ», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Մաքսիմը Բալշոյ ծյատրի գլխավոր բալետմեյստերն ա», եւ ես ժպտալով Բարձրահասակին ասացի՝ «ամեն ինչ գիտեք» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «բոլորին ճանաչում եք», եւ Կարճահասակը փռթկացնելով  ինձ ասաց՝ «մենակ ձեր էդ բանաստեղծ ընկերոջը չճանչցավ», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես սկսնակ բանաստեղծներին  չեմ ճանաչում», եւ Կարճահասակը ժպտալով հարցրեց՝ «որ չես ճանչնա, ինչի՞ գրազ կուգաս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած, յաշիկըմ պիվեն բանըմ չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի տարվա մեջ կառնես, վրեդ հեչ չի էլ էրեւա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930