Լրահոս
Օրվա լրահոսը

Գնա մեռի՝ արի սիրենք

Ապրիլ 19,2013 12:09

Շատերս ենք հիշում առաջին նախագահի տպավորիչ ասմունքը` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» շեշտադրությամբ: Այդ օրերին Նիկոլն ու ուրիշներն էլ էին անձնազոհությամբ տոգորված, և վերջինը վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանն էր` «իմ դիակի վրայով» վերտառությամբ, բայց վերջինին նախորդել էին Անդրիասի հացադուլն ու Հայրիկյանի մահափորձը, որոնք երկուսն էլ միայն առաջին պահերին որոշակի մարդկանց մոտ որոշ տպավորություն առաջացրին: Հայրիկյանի դեպքում` մի քիչ պակաս, որովհետև Հայրիկյանի մահափորձն իր կողմից ոչ թե իմացյալ էր, այլ, ընդհակառակը, չիմացյալ, և այդ իսկ պատճառով էլ չգնահատվեց ընտրողների կողմից: Անդրիասի հացադուլն էլ քվեների չվերածվեց` ոչ միայն այն պատճառով, որ երկար չշարունակվեց, այլև այն պատճառով, որ մեր ժողովուդը հացադուլներ ու հացադուլավորներ արդեն շատ էր տեսել:

Առաջին հայացքից թվում է թե` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձնազոհության երդումներ ու խոստումներ չի տալիս, մինչդեռ իրականում լավ էլ տալիս է, և երբ Ծառուկյանն ասում է թե` հանուն ժողովրդի պատրաստ է զրկվել իր ունեցվածքից, ժողովուրդը դա մաքուր անձնազոհություն է համարում, որովհետև ժողովուդը հասկանում է, որ Ծառուկյանի ունեցվածքի կորուստը մահվան հավասար բան է:

Դաշնակցությանն ու դաշնակցականներին չենք մոռացել: Դաշնակցականները ոչ միայն ի սկզբանե են զենքի վրա անձնազոհության ու ինքնազոհության երդում տալիս, այլև իրենց անձնազոհության երդումն ի սկզբանե իրենց իսկ դրոշին է գրված` «Ազատություն կամ մահ»:

Տարբեր ժամանակներում անձնազոհության օրինակներ են հանդիսացել Պարույր Հայրիկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը և ուրիշներ, և դա է պատճառը, որ նշածս գործիչներին ժողովուրդը տարբեր ժամանակահատվածներում գնահատել և նույնիսկ սիրել է:

Միակը` ում մեր ժողովուդը չի սիրել և չի սիրում, իշխանություններն են` ներկա և նախկին: Որովհետև իշխանություններն ու իշխանավորները երբևէ անձնազոհության երդումներ չեն տալիս: Ժողովուրդն, իհարկե, իշխանություններին ու իշխանավորներին չսիրելու լիքը այլ պատճառներ էլ ունի, բայց պատճառներից մեկը անձնազոհության երդումների բացակայությունն է, և եթե մեր իշխանություններն ու իշխանավորները ոչ թե ժամանակ առ ժամանակ խոստանային ընդհանուր առմամբ պայքարել ինչ-որ աներևույթ կոռուպցիայի դեմ, այլ անձնվիրաբար երդվեին, որ այլևս կաշառք չեն ուտելու, մեր դյուրահավատ ու զգացմունքային ժողովուրդը միգուցե նրանց էլ հավատար ու կարեկցեր, որովհետև մեր ժողովուրդը կաշառք չուտող պաշտոնյային էլ է իբրև զոհ ընկալում, և էս դեպքում « ժողովուրդ» ասելով` գրեթե բոլորիս նկատի ունեմ, և առաջին հերթին` վերևներին ու իշխանավորներին, որովհետև տարիներ առաջ ամենից ավելի վերևներում էին զարմանում, որ ազնվական ու ազնվագույն Վարդգես Գնունին տարիներ շարունակ զբաղեցնելով կրթության նախարարի եկամտաբեր պաշտոնը` բացարձակապես անմասն մնաց էդ պաշտոնի ընձեռած բարիքներից, բայց էդ մասին միայն վերևներում ու Գնունուն մոտիկից ճանաչողները գիտեին, որովհետև լուսահոգին երբևէ ժողովրդի ու որևէ մեկի առաջ չէր երդվել, որ ազնվաբար է աշխատելու, և իմացողներն էլ առանձնապես չգնահատեցին Գնունու ազնվությունը. ավելին. իմացողները զարմանում էին, որ Գնունին էդ բարձր պաշտոնն զբաղեցնելով` «Չիբուխ» է ծխում, և խոսքը ոչ թե Շերլոկ Հոլմսի ծխած չիբուխի մասին է, այլ մեր հայրենական «Չիբուխի», որը հիմնականում բանակում ծառայող շարքայինների համար է արտադրվում: Այսինքն, Գնունին զոհ էր համարվում, և որոշ ժամանակ ՆԳ նախարար աշխատած Աշոտ Մանուչարյանն էլ էր որոշ չափով զոհ համարվում, և Մանուչարյանի մասին էլ ոստիկանության աշխատողներն արհամարհանքով ու խղճահարությամբ ասում էին` «նույն կուրտկայով էկավ, նույն կուրտկայով էլ գնաց»:

Կարճ ասած, մենք իրական ազնիվներին զոհ ենք համարում, և շատ դեպքերում նրանց խղճում էլ ենք, և շատ էլ ճիշտ ենք անում, որովհետև իրական ազնիվները մեր վայրիվերո կապիտալիզմի պայմաններում ոչ միայն տուժում են, այլև, ազնվորեն ապրելով ու աշխատելով, ի զորու չեն մաքրել ու բարեփոխել անգամ իրենց իսկ ղեկավարած համակարգը:

Բայց, խղճալով հանդերձ, մենք ու մանավանդ հեղափոխական տրամադրություններով տոգորված ժողովուրդն անխոնջ շարունակում է հերոսների, ազնիվների ու անձնազոհների փնտրտուքը, ընդ որում` ոչ թե եղած ու իրական ազնիվներ է փնտրում, այլ` միանգամայն վիրտուալ ազնիվներ, զոհեր ու փրկիչներ, որոնք ընդամենը երդվում ու խոստանում են ազնիվ ու զոհ լինել:

Ասվածը Րաֆֆի Հովհաննիսյանին չի վերաբերում, կամ` գրեթե իրեն չի վերաբերում, որովհետև Րաֆֆին վերջին շարժման գլուխն անցնելով` առանձնապես կոնկրետ խոստումներ չի տվել, և պահի տակ հնչեցրած իր միակ խոստումը` «իմ դիակի վրայով»-ը մատի փաթաթան դարձրինք, որովհետև շատ հավանեցինք:

Այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած շարժումից կարող ենք միանգամայն օգտակար դասեր քաղել: Ցանկության դեպքում, իհարկե: Ցանկության դեպքում կարող ենք մտածել և հասկանալ, որ ոչ բոլոր խոստումներն ու երդումներն են կշռադատված ու իրագործելի: Եվ զոհերն ամենևին էլ պարտադիր չեն: Նմանապես պարտադիր չի առաջնորդներից անձնազոհության երդումներ կորզելը: Ավելի լավ է` լրջություն, հավասարակշռվածություն ու իրատեսություն ակնկալենք նրանցից: Ինչպես նաև` ինքներս մեզանից:

  Մենուա ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Աշոտ Մանուչարյանը իր հետ մի մեծ բեռ է տարել ու անեծքների շարան:Հետաքրքիր է ինքը զգո՞ւմ է էդ բեռի ծանրությունը,թե մոռացել է,համենայնդեպս ես դեռ զղջումի խոսքեր չեմ լսել:Կաշառակերությունն ահավոր բան է,բայց լինել ՆԳ նախարար ու կատարել օտար երկրի ղեկավարության պահանջը,դա ազգի դավաճանություն է համարվում:Խոսքս ոսկեպարյան իրադարձությունների մասին է,երբ հանուն ռուսական շահերի,նա չվարանեց նենգաբար սպանել տալ հայ ոստիկաններին ու մի մասին էլ քշել գերության թուրքերի ձեռքը:Հետաքրքիր է,եթե այդ ոստիկանների մեջ ինքը կամ իր տղան լինեին,ինչ զգացում կունենար:Այնպես որ ոչ միայն կաշառակերությունն է վտանգավոր հանցագործություն համարվում,այլ օտար ուժերին ծառայելը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930