Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս և ինչո՞ւ են միավորվելու, եթե առավոտից երեկո քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանի գործած ու չգործած սխալները»

Ապրիլ 19,2013 11:49

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

– Ավագանու ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ այդքան տարակարծություններ ունեցող ընդդիմադիր ուժերը դաշինք կազմեն և ի՞նչ խնդիր լուծելու:

– Կանխատեսումները անշնորհակալ գործ են։ Քաղաքական ուժերի միավորման փորձերի պատմությունը ցույց է տալիս, որ հեռանկարը մշուշոտ է։ Ինչի՞ շուրջ միավորվեն։ Ինչպե՞ս և ինչո՞ւ են միավորվելու, եթե առավոտից երեկո քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանի գործած ու չգործած սխալները։ ՀԱԿ-ը դառնում է ՀԱԿԿ, ՀՅԴ-ն ապրիլի 9-ին հրապարակ է գնում «Մեր Վահանը՝ նախագահ» պաստառներով, ԲՀԿ-ն իր առանցքն է աշխարհի կենտրոնում տեսնում։ ՀԱԿԿ-ի խորհրդանիշը, թե առաջնորդը, պարզվում է, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բոցաշունչ կողմնակից է։ Ես կարծում եմ՝ թույլ չպիտի տանք, որ մեր քաղաքական ճակատագիրը որոշեն բուրժուաները։

– Հայ քաղաքական ասպարեզում իրար հետևից աբսուրդային գաղափարներ են առաջադրվում, ինչի՞ հետևանք է դա, գաղափարական դաշտում իշխանությունը մեղավոր չէ՞ վակուումի համար։

– Եթե երկրում ինչ-որ բան այն չէ, բոլորս էլ մեղավոր ենք, իհարկե՝ նաև իշխանությունները, ես էլ՝ իբրև ԱԺ փոխնախագահ, Դուք էլ՝ իբրև լրագրող։ Չի կարելի մեկ տասնամյակ լինել իշխանություն ու ասել՝ մենք մեղավոր չենք։ Բայց հիմնական պատճառն այն իրավիճակն է, որ մեզանում կառուցողական, ծրագրային պայքար չկա, որ գործում է լուրջ բարդույթ՝ եթե իշխանության հետ ինչ-որ հարց ես քննարկում, ուրեմն դու դավաճան ես, եթե ընտրություններից հետո շնորհավորում ես ընտրվածին, ուրեմն կոտրվեցիր, կորցրիր քո ընտրազանգվածը, եթե քեզ բավարարող ձայներ չես ստանում, ուրեմն բոյկոտում ես աշխատանքը, ինչպես արեց ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Սրանք քաղաքական կարճաժամկետ հնարքներ են, երկարաժամկետը գոնե 2-3 քայլ է կանխատեսում։ 2008-ի և 2013-ի զարգացումների միջև սարեր-ձորեր են՝ թե ոստիկանության աշխատանքի, թե հասարակության վերաբերմունքի, թե իշխանությունների հրապարակային ու բաց լինելու։ Հիշեք նախագահի հրավերը Րաֆֆի Հովհաննիսյանին, իշխանության ներկայացուցիչների հարաբերությունները ընդդիմադիրների հետ, համեմատեք լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մթնոլորտը։ Եղած էներգիան դրական ուղղությամբ պետք է օգտագործել։ Ավագանու ընտրությունների ավարտից հետո էլ կյանքը շարունակվելու է, ի՞նչ են անելու։ Ամառը հանգստացան, սեպտեմբերին վերադարձան, ի՞նչ են հնարելու, ի՞նչ են պահանջելու։ Ծրագիր պետք է լինի։ Եթե ընդդիմությունը չունի կառավարության այլընտրանքային բյուջեի նախագիծ, ծրագրի նախագիծ, եթե պայքարն իրավիճակային է, իրադարձությունից իրադարձություն, ծրագիր ու նպատակ չկա, այդ ընդդիմությունը մեռնելու է, որովհետև հասարակությունն ունի իր խնդիրները և մոռանալու է նրան, ով իր խնդիրներով չի զբաղվում։

– Հասարակական ընկալումը ո՞վ պիտի փոխի։

– Բոլորս միասին, ճիշտ աշխատելով։ Իշխանությունը նախագահի գլխավորությամբ այդ հնարավորությունը տվեց՝ Սերժ Սարգսյանը հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, առաջարկեց քննարկում։ Հիմա էլ քննարկման պատրաստակամությունը կա, բայց տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե խնդիրների լուծումը, արդյունավետ կառավարման ապահովումը, ինստիտուցիոնալ բարեփոխումներն են կարևորը, այլ նստել-քննադատելը։ Քննադատողը պիտի իր տարբերակը ներկայացնի, ո՞րն է իր առաջարկը։ Մենք առաջարկում ենք քննարկում։ Մյուս կողմն էլ դիտորդի նման նստել էր՝ բերանը փակ պարտիզան։ Ու երբ ուզում են Երևանից սկսել, հարց է ծագում՝ ինչո՞ւ Աբովյանից չէին սկսում, Գյումրիից, ի՞նչ են սկսելու, որ պարտադիր Երևանից պիտի սկսվի։ Այդքան տարի կոալիցիայում էին, սկսեին։ Պոպուլիզմն էլ պիտի չափ ու իմաստ ունենա։ Եվ հասարակությունը պիտի գնահատի բոլորի պահվածքը, արածներն ու չարածները, խոսքերն ու գործերը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930