ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը: Այսօր այդ մասին նա հայտարարեց «Ելակետ» մամուլի ակումբում: Ըստ բանախոսի, կան նաեւ «սեւ PR»-ի դեպքեր, ինչից ապահովագրված չէ նաեւ ՀՀԿ-ն, բայց դրանք առանձնապես հետք չեն թողնում քարոզարշավի ընթացքի վրա:
Համեմատություններ անելով ավագանու ցուցակները գլխավորող անձանց միջեւ, մասնավորաբար, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հետ, ՀՀԿ-ական պատգամավորը հանգում է այն մտքին, որ. «Երեւանցիները Տարոնին սիրում են»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երեւանցիները ՀՀԿ-ին չեն սիրում, դա չի՞ ազդի Տարոնի իմիջի վրա, Սահակյանն ասաց, որ կլինեն երեւանցիներ, ովքեր այս կամ այն անձի պատճառով ՀՀԿ-ին չեն սիրի կամ ընդառաջ չեն գա. «Բայց մենք քաղաքական թիմ ենք եւ երբեք մեր լավից ու վատից չենք հրաժարվի»:
ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ ժողովրդի սերը բերեց նրան, որ նա գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը: «Այսինքն, ՀՀԿ-ն Տարոնին չի խանգարի»,- լրագրողի դիտարկմանը, բանախոսն ասաց. «Չեմ կարծում, որ այն քաղաքական թիմը, որն առաջադրել է Տարոն Մարգարյանին, որի անդամն է Մարգարյանը եւ որի հետ նա ակունքներով է կապված, պետք է խանգարի իրեն: Ցանկացած քաղաքական թիմում էլ կան բացասական երեւույթներ, բայց…»:
Կարդացեք նաև
Իսկ ընդհանրապես, նա գտնում է, որ հանրապետությունում ՀՀԿ-ին սիրում եւ ընդունում են, որի վառ ապացույցն են վերջին երկու համապետական ընտրությունները:
«Եթե կան քաղաքական թիմեր, որոնց ինքնահաստատվելու համար այս ընտրությունը վերջին շանսն է, վերջին հարթակն է ու փորձում են քաղաքական առումով դրսեւորվել եւ հաստատվել, մեզ համար սա ավելի շատ ՏԻՄ ընտրություն է`քաղաքային տնտեսությունն ավելի շատ կառավարելու ունակություն ունեցող անձ է պետք, որը նաեւ կուսակցական հարթակից վեր կկանգնի: Երեւանում միայն ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ կամ ԲՀԿ-ականներ չեն ապրում: Երեւանցիները քաղաքապետի համար պետք է հավասար լինեն եւ իր վերջին երկու տարիների գործունեությամբ դա ցույց է տվել: Ապացուցել է, որ իր համար յուրայիններ գոյություն չունեն. Կա Երեւան եւ երեւանցիներ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուշադիր նայեք այս մարդու նկարին: