Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը, համաձայն «զուրաբյանական« սահմանման, քննադատելով Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն, ընդդիմություն չի կարող համարվել

Ապրիլ 19,2013 11:16

Քաղաքական դաշտում, գործընթացներում, ընդդիմությունը չի կարող այդպես կոչվել, եթե մեծամասնություն է: Այսինքն, մեծամասնություն դառնալով ընդդիմությունը դադարում է ընդդիմություն լինելուց` վերածվելով իշխանության: Սա, եթե կուզեք, սահմանում է` ընդունված ամբողջ աշխարհում:

Ընդ որում, դասական ընդդիմությունը ներկայացված է նաեւ պետական կառավարման որոշ օղակներում (ինչը չի նշանակում ընդդիմության «ծախվածություն»), հատկապես ներկայացված է տնտեսական ոլորտում, սոցիալական ու հասարակական տարբեր խմբերում, այսինքնՙ ունի ռեալ ուժ: Եթե, օրինակ, որեւէ երկրում իշխանության քաղաքական քայլի հետեւանքով ընդդիմությունը գործադուլ է հայտարարում, այդ գործադուլի հետեւանքներն անմիջապես զգացվում են պետության ներսում գործընթացների կազմակերպման արդյունավետության վրա:

Սակայն մեր երկրում ընդդիմությունը, որը չի տիրապետում եւ ոչ մի կառավարական ռեսուրսի, ամենեւին էլ վերոհիշյալ սահմանմանը չի համապատասխանում: Հայաստանում ընդդիմադիր լինել նշանակում է պայքարել իշխանության դեմ` վերջինիս բացառապես քննադատելով, անգամ այն հարցերում, որտեղ իշխանությունն իրավացի է, այդ իրավացիությունը դիտարկելով որպես թերացում: Մեր երկրում ընդդիմադիր լինել նշանակում է քննադատել իշխանությանը եւ… վերջ: Նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն, օրինակ, տվել է հայաստանյան (գուցե համաշխարհայի՞ն) ընդդիմության իր սահմանումը: Ըստ այդմ` «Նա, ով քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, չի կարող համարվել ընդդիմություն»: Ստացվում է, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում, ՀԱԿ կուսակցության հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը, համաձայն «զուրաբյանական« սահմանման, քննադատելով իր ընդդիմադիր գործընկերներից Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն, ընդդիմություն չի կարող համարվել:

Հետեւաբար կամ Տեր-Պետրոսյանին չենք կարող ընդդիմություն անվանել, կամ Զուրաբյանը չգիտի ընդդիմության սահմանումը: Իրականում ամեն ինչ պարզ է, իրականում ընդդիմության միակ նպատակը իշխանության քայլի պիտակավորումն ու քննադատությունը չէ: Ընդդիմությունը ունի նպատակ` իշխանություն դառնալու, այդ ճանապարհին, բնականաբար, քննադատում է իշխանությանը, բայց ընդդիմության քաղաքացիական ճամբարը միայն իշխանությանը քննադատելով չի ավելանում, այն ավելանում է, երբ ընդդիմությունը քննադատում է ճիշտ թիրախավորված, ճշմարտությունը բացահայտելով, իրական այլընտրանք առաջարկելով… Ասենք, շուկայում եթե դուք այլընտրանքային գնով լոլիկ չեք կարողանում գտնել, ուրեմն պետք է համաձայնեք, որ իրականում լոլիկը հենց այդ` առաջարկվող գինն ունի:

Հովիկ ԱՖՅԱՆ

«ԱԶԳ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930