ՀՀԿ գործկոմի նիստը հաստատել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրած, իսկ ավելի ճիշտ անփոփոխ թողած թեկնածուին՝ Տիգրան Սարգսյանին: Եթե երկրում 35 տոկոս աղքատության պայմաններում վարչապետը մնում է նույնը, և հավանաբար նույնը կմնա նաև կառավարությունը, ապա այստեղ ինչ-որ բան, իհարկե, այն չէ: Մյուս կողմից` Հայաստանի վարչապետի պաշտոնի շուրջ իրադարձությունները զարգանում էին քաղաքական տրամաբանությամբ, և այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի լուծումն, իհարկե, քաղաքական է:
Այսինքն` Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը զոհ է գնում քաղաքական հարաբերություններին, որ առկա են իշխանական համակարգում, իշխող բուրգի տարբեր մասերի միջև: Այդ մասերը, չնայած շահերի բախմանն ու մտահոգություններին, այնուհանդերձ ապրում են բավական բարեկեցիկ կյանքով, անկախ նրանից, թե որպես ինչ են ներկայանում՝ իշխանություն, թե այլընտրանք: Հետևաբար` քաղաքականությունը, մեծ հաշվով, նրանց համար ժամանցի պես մի բան է, որին, սակայն, զոհ է գնում մի ամբողջ հասարակություն և պետություն:
Առաջին եռամսյակի տվյալներով` օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 27 հազարով ավելի մարդ, քան ժամանողները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հեռացողների թիվը ավելին է մոտ 1000-ով: Բայց հեռանում են նաև ավտոբուսներով, ընդ որում` ավելի ու ավելի շատ հենց այդ տարբերակով, քանի որ օդային ճանապարհը շատերի համար թանկ է: Ահա այս պայմաններում, ՀՀԿ խոսնակը հայտարարում է, որ վարչապետին նույնն են թողել, որովհետև նա կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը և ապահովել է 7 տոկոս աճ: Լավ է, որ Սերժ Սարգսյանը 7 տոկոս է հանձնարարել և ոչ թե, ասենք, 3 կամ 4, կամ ընդամենը 0,7 տոկոս: Թեև այդ դեպքում էլ Տիգրան Սարգսյանը կմնար որպես գերակատարած վարչապետ: Սրան զուգահեռ, չի բացառվում նաև, որ Տիգրան Սարգսյանը լինի ավելիին ընդունակ, եթե ունենա քաղաքական իշխանությունը, եթե հաղթահարվեն այն օլիգոպոլիաները, որոնք այսօր իրենց ունեցած լծակներով փորձում են դիմադրություն կազմակերպել, այսպես ասած, բարեփոխումներին:
Այս ամենը, սակայն, մի ոլորտ է, որը շատ քիչ է հետաքրքրում շարքային քաղաքացիներին, 35 տոկոս պաշտոնապես աղքատներին, և երևի թե մոտ այդքան էլ դե ֆակտո աղքատներին, հայրենիքից հեռացողներին: Նրանց չի հետաքրքրում Տիգրան Սարգսյանի ազատության կամ մեղավորության աստիճանը, նրանց հետաքրքրում է իրենց կենսամակարդակը, իրենց զավակների համար արժանապատիվ ապրուստ ապահովելու հնարավորությունը: Ով կանի դա և ինչպես` մարդկանց այլևս չի հետաքրքրում:
Կարդացեք նաև
Եվ սա նաև հայաստանյան կյանքի ողբերգականությանը հաղորդում է նաև մյուս երեսը, որտեղ քաղաքացիական գիտակցությունը կամ ինքնագիտակցությունն է: Սոցիալական կենսական խնդիրներից կախված քաղաքացին քաղաքական պայքարին չի կարող հետևել քաղաքացիական գիտակցությամբ, այդ պայքարը չի կարող չափել քաղաքացիական գիտակցությամբ, այլ առաջնորդվում է բացառապես նյութական կենսական մղումներով: Վարչապետի պաշտոնի հարցը, այս գլոբալ խնդրի պայմաններում, շատ ավելի փոքր մի բան է: Բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ գլոբալ խնդրի լուծումը պայմանավորված է հենց այդ համեմատաբար փոքր խնդիրների լուծումով, ինչն էլ սակայն թելադրվում է ոչ թե հասարակական, այլ ընդամենը քաղաքական շահերով:
Եվ ահա, այդ փոքր խնդիրներից մեկը ստացավ հերթական քաղաքական լուծումը: Իսկ դա ապրիորի սխալ լուծում է` անկախ անձերից, որովհետև տվյալ պարագայում լուծումը պետք է հիմնվեր և հիմնավորվեր հասարակական շահով: Այդ դեպքում էլ անձերը բացարձակապես կարևոր չեն լինում, բայց լուծումն այդ դեպքում հաստատապես լինում է կարևոր:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»