Հայաստանը 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ամենաշատ տուժած երկրների հնգյակում էր։ Մեր տնտեսությունը մոտ 15 տոկոս անկում արձանագրեց։ Աշխարհում չեք գտնի որեւէ՝ շատ թե քիչ նորմալ երկիր, որտեղ արձանագրվեր գոնե մի 3-4 տոկոս անկում ու այդ երկրի վարչապետը հրաժարական չտար։ Տիգրան Սարգսյանը մնաց իր պաշտոնում։
Բացի ամենահուժկու անկումը արձանագրելը, Հայաստանը նաեւ արտաքին պարտքը ամենաշատը մեծացրած երկիրն էր՝ այն եռապատկվեց։ Տիգրան Սարգսյանը էլի հրաժարական չտվեց։ Նրա գլխավորած կառավարությունը տապալեց իր իսկ ներկայացրած ծրագիրը։ ՀՀ կառավարության 2008– 2012 թթ. ծրագիրը տապալվեց հիմնավորապես։ Չկա գոնե մի ցուցանիշ, որը նշված լիներ այդ ծրագրում եւ որը իրականացած լիներ։ Տիգրան Սարգսյանը հրաժարական չտվեց։
Ասաց «Հայկական աշխարհ» ենք կառուցելու։ Միայն ինքը գիտեր, թե դա ինչ է նշանակում, բայց նույնիսկ դա չկառուցվեց։ Տ.Սարգսյանը հրաժարական չտվեց։
Ասաց Գյումրին՝ համաշխարհային մշակույթի կենտրոն, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, Գորիսը՝ արդեն դժվար է հիշել ինչի կենտրոն… չդարձավ։ Նա էլի հրաժարական չտվեց։
Կարդացեք նաև
Ասաց Իրան-Հայաստան երկաթուղի, նոր ատոմակայան, նավթավերամշակման գործարան, նավթամթերքատար խողովակ…. ոչ մեկը իրականություն չդարձավ ու առաջիկայում չի դառնա։ Տիգրան Սարգսյանը հրաժարական չտվեց։
Տնտեսության մեջ տեղի ունեցան չափազանց նշանակալից իրադարձություններ, բայց բացասական նշանով։ Կառավարության աչքի առաջ եւ նրա ամենաակտիվ մասնակցությամբ օֆշորային ընկերությունները քամեցին ու հետո խեղդեցին «Նաիրիտը»՝ Հայաստանի ամենամեծ արտադրական ձեռնարկությունը։ Վարչապետը դրա մասին նույնիսկ չխոսեց՝ ընդհանրապես կարետրություն չտվեց։
Մի օլիգարխ իր օֆշորային գործարքներով սնանկացրեց ու հատակի փալաս սարքեց Հայաստանի ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը՝ «Արմավիան»։ Վարչապետի հեչ վեջն էլ չէր։
Նվազեցին ու շարունակում են նվազել օտարերկրյա ներդրումները։ Այդ մասին մինչ օրս վարչապետը որեւէ լուրջ վերլուծություն չի ներկայացրել։ Փոխարենը՝ պատեհ– անպատեհ խոսում է «Դուինգ բիզնես» սանդղակում Հայաստանի լավ դիրքերի մասին։
Հայաստանի ընդերքը՝ հատկապես նրա վարչապետության օրոք, բառացիորեն հոշոտում են։ Հոշոտում են էլի օֆշորային ընկերությունները։ Դա, բացի տնտեսական պլպլան ցուցանիշներ ապահովելուց, ուրիշ օգուտ չի տալիս Հայաստանին։ Տիգրան Սարգսյանի վարչապետության 5 տարիների ընթացքում Հայաստանից, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, հեռացավ 260 հազար մարդ՝ ՀՀ բնակչության մոտ 8 տոկոսը։ Վարչապետն ասաց՝ լավ են արել, եթե մնային, հեղափոխություն էին անելու։ Բոլորը ասում էին, որ ճգնաժամ է լինելու, Տիգրան Սարգսյանն ասում էր՝ որ սուս մնաք, չի լինի։ Բոլորը ասում էին, որ ռուս-վրացական պատերազմի պատճառով Հայաստանի ճանապարհները փակվելու են, Տիգրան Սարգսյանը չհավատաց ու գնաց Պեկին՝ օլիմպիադա նայելու։ Եկավ տեսավ փակ է, ցորեն ու վառելիք Հայաստանում չկա…:
Նշված դրվագներից յուրաքանչյուրը վարչապետ պաշտոնանկ անելու հզոր պատճառ է։ Այսինքն, արդեն իսկ անտրամաբանական է, որ անցած 5 տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը մի 75 անգամ հրաժարական չի տվել ու մի 130 անգամ նրան պաշտոնանկ չեն արել։ Նույնքան էլ անտրամաբանական է, որ Տիգրան Սարգսյանը վերանշանակվում է նույն պաշտոնին։ Եթե դա տրամաբանական է, ապա պատրաստ ենք լսել հիմնավորումները։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»
թերևս կատարված նշանակումների միակ արժանին ու ազնիվ մարդը Արման Սաղաթելյանի նշանակումն էր, մնացածը ,,քյոհնա գողեր,, են ….ինչպես միշտ , մնալու են իրենք էս երկրում ու ոնցվոր սոված գայլերը սկսելու են իրար հոշոտել…