Կառավարության ղեկի վերավստահումը Տիգրան Սարգսյանին խոսում է մի քանի երևույթի մասին:
Նախ՝ իշխանությունները չեն ցանկանում ընդունել, որ նախորդ հինգ տարիների տնտեսական քաղաքականությունը ձախողել են, որ արտաքին պետական պարտքի մեծացմանը զուգահեռ՝ էապես մեծացել է աղքատությունը, արտագաղթը, տնտեսության տարբեր ոլորտներում կենտրոնացման աստիճանը, քաղաքականության և բիզնեսի սերտաճումը, չի կրճատվել ստվերը՝ ի տարբերություն օտարերկրյա ներդրումների կրճատման և այլն:
Երկրորդ՝ երբ հինգ տարի առաջ կառավարության ղեկը վստահվեց Տիգրան Սարգսյանին, հանրության մոտ հույս կար, որ նա՝ իր թիմով, որն ավելի առաջադեմ և բարեփոխիչ էր ընկալվում, լուրջ փոփոխություններ կբերի երկրում և իշխանական ու պետական կառավարման համակարգում՝ մանավանդ հաշվի առնելով նրա հաջողված փորձը բանկային ասպարեզում: Սակայն տեղի ունեցավ հակառակը՝ ոչ թե վարչապետը փոխեց համակարգը, այլ համակարգը նրան ու նրա թիմին դարձրեց իր մասնիկը:
Երրորդ՝ վարչապետը իշխանության ներսում չկարողացավ ինքնուրույն ուժային բևեռ ձևավորել և շարունակեց մնալ նախագահականի կցորդը: Կարևորագույն հարցերում (հատկապես հարկային բարեփոխումների և ստվերը կրճատելու) Տիգրան Սարգսյանն անզոր եղավ արմատական փոփոխություններ իրականացնել և հարկ եղած դեպքում հակադրվել նախագահին և նրա հովանավորյալ պաշտոնյաներին ու գործարարներին: Պատահական չէր, որ նրա նախկին կուսակից Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ «վարչապետի ձեռքերն ու ոտքերը կապված են»: Տիգրան Սարգսյանն անցած հինգ տարիներին ոչ թե փորձեց ազատվել այդ կապանքներից, այլ հարմարվեց դրանց:
Կարդացեք նաև
Կարո՞ղ է արդյոք Տիգրան Սարգսյանը կառավարման երկրորդ շրջանում իրագործել այն, ինչ նրանից ակնկալվում էր դեռ հինգ տարի առաջ: Դժբախտաբար այս հարցին դրական պատասխան տալու մեծ հիմքեր չկան, որովհետև առաջ շարժվելու համար նախևառաջ պետք է համարժեք գնահատական տալ անցյալի քաղաքականությանը, ինչն այս պարագայում չկա:
Տասնյակ երկրներում տնտեսական ցուցանիշների թեկուզ փոքր վատթարացումը հանգեցրեց կառավարությունների հրաժարականների շքերթի: Հայաստանը, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր արձանագրել, շարունակեց «հավատարիմ մնալ» ձախողված կառավարությանն ու կուսակցությանը: Սա արհեստական վիճակ է, որի պայմաններում իրական առաջընթաց ակնկալելը անմտություն է:
Կարեն Հարությունյան
«Օրակարգ»