Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցազրույցից:
– Պարոն Խաչատրյան, Տիգրան Սարգսյանը, որին այդքան քննադատում է ԲՀԿ-ն, կրկին նշանակվեց վարչապետի պաշտոնում, ո՞րն է Ձեր գնահատականը:
– Եթե բոլորն ասում են` տնտեսություն ա քայքայում, ու նորից ինքն է նշանակվում, դուրս ա գալիս, ձեռք ա տալիս: Նշանակում ա, արտագաղթը դուր ա գալիս ոմանց:
– Տիգրան Սարգսյանին ներկայացրել է Սերժ Սարգսյանը, այսինքն` Սերժ Սարգսյանի՞ն է դուր գալիս արտագաղթը:
Կարդացեք նաև
– Ես չգիտեմ` ում ա ձեռք տալիս: Եթե էս տարիներին արտագաղթը նման թափ ստացավ, և նորից նշանակվում ա, նշանակում է, դա մարտավարություն է կառավարության:
– Իսկ ո՞վ էր Ձեր նախընտրած վարչապետի թեկնածուն:
– Ով կաշխատեր արդար և զուգարաններ չէր առնի, ամեն տարի նույն բորդյուրները քաղաքում չէր փոխի, այ նման վարչապետ էր պետք էսօր:
– ԲՀԿ-ն պայքարում էր վարչապետի պաշտոնի համար, և այդ պաշտոնը նրան այդպես էլ բաժին չհասավ: Միգուցե դա՞ է պատճառը, որ վարչապետի դեմ այդքան քարոզարշավ է տարվում:
– Ես ԲՀԿ անդամ եմ, ու հայտարարում եմ, որ նման հարց չի քննարկվել և երբեք չի բարձրաձայնվել, որ ԲՀԿ-ն ցանկանում է իր անդամներից որևէ մեկին տեսնել վարչապետի պաշտոնում: Նման բան չկա, իսկ ես կցանկանայի տեսնել վարչապետ, որի օրոք արտագաղթը կնվազի, աղքատությունը կքչանար և զուգարանները ու բորդյուրները ամեն տարի չէին փոխվի, այլ կանեին այնպիսի աշխատանքներ, որ իրոք կզարգանար փոքր ու միջին բիզնեսը, ոչ թե կվերանար, ինչպես այժմ վերանում է: Անուն-ազգանունը ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Կարևորը աշխատանքն ու արդյունքն է:
– Իսկ Ձեր կարծիքով` Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ էր վարչապետ աշխատել կամ ինչ-որ մեկը ԲՀԿ-ից:
– ԲՀԿ-ից ինչ-որ մեկը չէ, այլ շատերը կարող էին աշխատել և ոչ միայն ԲՀԿ-ից, այլ ցանկացած այլ քաղաքական ուժից կարելի էր գտնել մարդ: Կարևորը` ցանկանար… պարզապես չգողանար: Պարզապես քիչ գողանար, չհամակարգեր կաշառքը:
– Կարծում եք` եթե ԲՀԿ-ական լիներ, չէ՞ր գողանա կամ քի՞չ կգողանար:
– Եթե փորձեր գողանալ, Ծառուկյանը միշտ ասել է` պաշտոնից կզրկվեր, և կարծում եմ` ոչ միայն պաշտոնից:
– Ձեր կարծիքով` ի՞նչ է սպասվում հիմա:
– Սպասվում է շարունակությունը նրա, ինչ որ ունեինք, բայց լավ կլինի հուսանք, որ կլինեն նոր մոտեցումներ գյուղատնտեսության բնագավառում, և մնացած բոլոր հարցերում կլինեն նոր մոտեցումներ, քանի որ այսպես շարունակելու տեղ չկա պարզապես, ազգային «կոնֆետները» վերջացել են սովետի ժամանակ: Մարդկանց աշխատանք ա պետք, աշխատավարձ ա պետք, իրենց ընտանիքը նորմալ նայելու հնարավորություն ա պետք, թե չէ մնում է արտագաղթը: Կարծում եմ` այսուհետ պետք է ոչ թե բանկերը զարգանան, այլ տնտեսությունը, և փողը կցանկանա մտնել Հայաստան: Երբ փողը ցանկացավ գալ Հայաստան, ինչպես 2000-ի սկզբներին, էն ժամանակ ամեն ինչ կլավանա: Պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն դրա համար:
…Կազմը բացարձակապես կապ չունի: Կարևորը քաղաքական որոշում ընդունելն է ու այն կատարելն է: Եթե որոշում ընդունեն նույն ձևով շարունակել, ինչպես մինչ այժմ, իհարկե այն կավելանա, իհարկե կքայքայվի տնտեսությունը, իհարկե «Նաիրիտի» մի գիծը կառնեն չինացիները, կաշխատացնեն, երբ էստեղ երկու գիծը մեզ մոտ չենք աշխատացնում, ասում ենք` հնացել է տեխնոլոգիան: Բա այդ նույն մեր գիծը ո՞նց է աշխատում Չինաստանում: Ես էդ գոնե լավ գիտեմ, ես եմ դրանք գործարկել դեռ 81-ականներին` որպես տեղամասի պետ: