ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած իրադարձությունները, դրանց հետ կապված հույսերն ու հիասթափությունները մի օր դառնալու են հետազոտությունների առարկա: Իմ կարծիքով՝ այս ամենի բնույթը հասկանալու բանալին կարող է տալ վերոնշյալ իրադարձությունների գլխավոր դերակատար Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը:
Ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում ծնված Րաֆֆին, որի ծնողները ամերիկյան հասարակության մեջ կարողացել են բարձր դիրքերի հասնել, դաստիարակվել է խորհրդանիշների ազդեցության տակ: Հայրենիքը մեծ զգայական դաշտ է առաջացրել ապագա քաղաքական գործչի մոտ, ինչը հատուկ է Սփյուռքի լայն զանգվածներին: Այս զգացմունքայնությունն ու խորհրդապաշտությունը հաճախ խանգարել է պրագմատիկ լուծումներ գտնել հայրենիքում բնակվելիս կամ հայրենիքի հետ այլ առնչություններում:
Հայոց պատմության և հայոց պետականության պաշտամունքի, ընդհուպ մինչև ֆետիշականացման աստիճանի հասցվող ընտանիքում, որտեղ անկախ Հայաստանը երազանք էր, կայացել է մի անձնավորություն, որին վիճակված էր դառնալ նորանկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարարը և ՄԱԿ-ում բարձրացնել Հայաստանի դրոշը: Պատկերացրե՛ք այդ արարողությանը հետևող Ռիչարդ Հովհաննիսյանին՝ Րաֆֆիի հորը, որի համար որդին այդ պահից դառնում էր խորհրդանիշ՝ տարիներ երազած պետականության վերականգնման, ազգային դրոշի և պետական այլ ատրիբուտների հետ միասին: Այս ամենն ամբողջովին զգայական դաշտ է տեղափոխում ամեն ինչ, խանգարում հետխորհրդային իրականության մեջ պրագմատիկ լուծումներ փնտրելուն:
2013թ. նախագահական ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները նույնպես Րաֆֆի Հովհաննիսյանը տարավ նույն տրամաբանության մեջ՝ փորձելով խորհրդանիշներն առաջ մղել, զգայական տիրույթում լուծումներ որոնել: Թեև պրակտիկ, իրականանալի լուծումներ փնտրելու նվազագույն փորձեր էլ կատարվեցին: Մեծ հաջողություն կլիներ, եթե իշխանությունը համաձայներ վերահսկողական որոշ գործիքներ զիջել ընդդիմությանը: Սակայն իշխանությունների պրագմատիզմի աստիճանն ուղիղ համեմատական է Հովհաննիսյանի սիմվոլիզմին: Այդ պրագմատիզմի հիմքը հանրությունը համընդհանուր հսկողության գործիքներով ղեկավարելն է: Նեոսովետիզմ, որն աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը կարողանում է վարձատրել ուժային մարմիններին, պահպանել իշխանական բուրգի ամրությունը, մասնատել ընդդիմությանը:
Կարդացեք նաև
Խորհրդանիշները հզոր ազդեցություն ունեն հասարակության վրա, կարող են իրենց հետևից տանել լայն զանգվածների, ինչ-որ ժամանակաշրջանում նույնիսկ բարձր զգայական դաշտ ապահովել: Սակայն այս ամենը քիչ է նեոսովետիզմի վերը նկարագրած մեխանիզմը ջարդելու համար: Խորհրդանիշներ մեզ պետք են, բայց ավելի շատ մեր հասարակությունը կարիք ունի պրագմատիկ քաղաքական ծրագրավորողների և, որ ամենակարևորն է, այդ ծրագրածը իրականացնելու կարող քաղաքական ուժերի և գործիչների: Ինչ վերաբերում է վերջերս ընդդիմության մի հատվածի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին ուղղվող վիրավորանքներին, ինչպես նաև քաղաքացիների մի մասի հիասթափությանը, ապա նա դրան արժանի չէ: Խորհրդանիշները պետք է ընդունել այնպես, ինչպես դրանք կան, և բոլորովին հիասթափվել պետք չէ, երբ քո սպասած արմատական փոփոխությունները Րաֆֆին էլ չի կարողանում իրականացնել: Նման իրավիճակում և նման տրամաբանության մեջ բոլորս էլ Րաֆֆի ենք: Իրավիճակն ու իրադարձությունների տրամաբանությունն է պետք փոխել: Դրա համար առաջին հերթին հարկավոր է մի կողմ դնել խորհրդանիշներն ու չկաղապարել պայքարը:
Հայկ Խանումյան
«Օրակարգ»