Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասներից էլ տեղյակ չէ
«Մենք հիմնականում համամիտ ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները, և մենք հիմա հույս ունենք, որ այն ավելի կբարելավվի։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև 2012թ.-ին դրված էր ապահովել 7%-անոց աճ, և այդ խնդրի լուծումն իրագործվել է»,-այսօր ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հիմնավորելով ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումն, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով: ՀՀԿ-ն հավատում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է հասնել ավելի լավ Հայաստանի։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը վարչապետի նշանակման համար պետք է խորհրդակցի խորհրդարանական խմբակցությունների հետ և օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում որոշում կկայացնի։
ՀՀԿ-ում գտնում են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջողվել է ապահովել որոշակի դրական արդյունքներ: Համենայնդեպս, լրագրողներին այդպես ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Նա վստահեցրեց, որ եթե ՀՀԿ-ն հավատացած չլիներ, որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն է, որը կարող է լուծել այն խնդիրները, որոնք դրել է ՀՀ նախագահը, նրան չէր նշանակի. «Այս տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը բավականաչափ փորձառություն է ձեռք բերել, և թիմը նրա հետ պատրաստ է լուծելու այն մարտահրավերները, որ այսօր առկա են»:
Հարցին, որ ընդդիմությունը շարունակ իր դժգոհությունն է հայտնում վարչապետի կառավարումից և նրան մեղադրում տնտեսական մի շարք ձախողումներում. արդյո՞ք ՀՀԿ-ն գոհ է վարչապետի աշխատանքից եւ այս վերանշանակումն արդյոք չի նշանակում մերժել ընդդիմության հետ համագործակցությունը, ինչի պատրաստակամության մասին անընդհատ խոսում է ՀՀԿ-ն, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական ընդդիմությունը պետք է քննադատի քաղաքական իշխանությանը. ինչպես բոլոր երկրներում, նրա գործառույթը քննադատելն է: Մեր երկիրը բացառություն չէ, բայց քաղաքագիտական նորմ է, որ իշխանությունն է նշանակում վարչապետին: Գոհ կամ դժգոհը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիա է արդյունավետությունը, դրական աշխատանքը, բաց ու հրապարակային աշխատելը: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ նրա կառավարությունը և նա լուծել են բազմաթիվ խնդիրներ: Իր առջև դրված հիմնական խնդիրները լուծել է»:
Արդյո՞ք փոփոխություններ սպասվում են կառավարության կազմում՝ հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ մեխանիկական կամ ինքնանպատակ փոփոխություններ չպետք է լինեն. «Մենք չենք քննարկել դեռևս այլ նախարարների թեկնածությունների խնդիրը, բացի, ինչպես ասել եմ, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից»:
Խոսակցություններ են շրջանառվում, որ Էդուարդ Շարմազանովը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին` համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը՝ նկատելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անսպասելի արձակուրդ մեկնեց. «Ես ցանկանում եմ իմ երկիրը տեսնել երջանիկ, իմ երեխաներին առողջ, այլ բան չեմ ցանկանում»,- ասաց Շարմազանովը: Պատասխանելով Aravot.am-ի հարցին էլ ասաց, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանադիպման մանրամասներին չի տիրապետում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
կարծում եմ որ եթե իր երեխաներն առողջ ու երջանիկ են դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Ի տարբերություն պ. Շարմազանովի Մենք ուզում ենք, որ բոլոր երեխաները լինեն առողջ ու երջանիկ :