Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրենը՝ ընկերության աշխատանքի ու առաջիկա փոփոխությունների մասին

Ապրիլ 19,2013 00:18

-Պարո՛ն Ջաբրայան, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ ւմ է:  

-Ամեն ինչ կախված է մեր արտադրությունից, եթե կարողանանք մեր պլաններն իրականացնել, կարծում եմ, որ աշխատավարձերի վերանայում կկարողանանք անել դեկտեմբերին: Վերջին վերանայումները եղել են  2011թ.-ի դեկտեմբերին եւ 2012թ.-ի հունվար ամիսներին: 398 մլն դրամով ընդհանուր բարձրացրեցինք աշխատավարձերը, որը բավականին լուրջ գումար է՝ չներառելով օտարերկրացիների աշխատավարձերը: Եթե մենք այս տարի կարողանանք  նույնիսկ 2 մլն դոլար շահ ցուցաբերել, ես վստահ եմ, որ սեփականատերերը պատրաստ կլինեն այդ 1 մլն դոլարը ետ տալ աշխատողներին՝ լինի աշխատավարձերի տեսքով կամ սոցիալական ծրագրերի  բարելավման տեսքով: Ուրիշ մի քանի այլ ծրագրեր էլ ունեմ, չեմ ցանկանում ասել այժմ, ուզում եմ սյուրպրիզ լինի մեր աշխատավորներին: Երեւի առաջիկա 6-7 ամսվա ընթացքում այդ ծրագրերն էլ ներկայացնենք:

-Դուք պարբերաբար նշում եք, որ խնդիրներ կան արտադրության ծավալների ապահովման հարցում: Ինչո՞ւ  Ձեզ չի հաջողվում ապահովել սահմանված ծավալները:

-Ասեմ, որ վերջին 25 օրը հիմնարկի պլանը իրականացվել է: Մեր արդյունքը 7 տոկոսով բարձր  է սահմանված պլանից, սա առաջին դեպքն է 2 տարվա մեջ: Ես համոզված եմ, որ ուզենք մեր պլանները կկարողանանք իրականացնել, մեր աշխատողները վերջին 25 օրը նվիրված տաժանակրորեն աշխատում  են, շարժակազմն աշխատում է որպես խումբ, եւ եթե դու  գնահատում ես ամեն աշխատողի, ապա ինքը զգում է, որ մասնիկն է այդ շղթայի:

Փետրվարին դժվարություն ունեցանք, հսկայական վնասներ ունեցավ հիմնարկը եւ բոնուս չտվեցինք, հաջորդ ամիս 46 հազար տոննա ապահովեցին աշխատողները, բոնուս տվեցինք. տղաները 400-500 հազար դրամով տուն գնացին, այս ամիս, եթե շատ աշխատեն, ավելի մեծ գումարով տուն կգնան, եւ ոչ միայն հորատողը, մեքենավարը, այլ նաեւ շարժակազմի աշխատավորը, հավաքարարը եւ այլն:  Համոզված եմ, որ նվիրված  ու միասնական աշխատանքով կկարողանանք պլաններն իրականացնել:

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում վճարել նախկինում վճարված  գիշերավարձերից առաջացած  աշխատանքային պայմանագրով օրական 0.015 տոկոս տուգանքները: Մեր ունեցած  տվյալներով՝ այն մոտ մի քանի հարյուր միլիոն դրամ է կազմում:

-Ճիշտն ասած դա ինձ համար նորություն էր, որովհետեւ մենք ամեն ինչ վճարած ենք: Գիտեմ, որ ներկայիս մի քանի աշխատողներ  դատարան են դիմել, բայց  մենք որեւէ մեկին պարտական չենք  եւ ինչ-որ օրենքով սահմանված է՝ վճարած ենք: Իսկ ինչ վերաբերում է մի քանի անձանց, նրանց մի քանի ամսվա ընթացքում վճարեցի, պարզապես նրա համար, որ ես քաջածանոթ էի իրենց ընտանեկան սոցիալական իրավիճակներին: Քաղաքում կան մեկ-երկու իրավաբաններ իրենց բիզնեսն են դարձրել այս մեկը եւ հորդորում են մարդկանց դատի տալով Դինոյից փող վերցնել: Ես ասացի աշխատողներին, եթե մենք իսկապես պարտական ենք ինչ-որ մեկին, անպայման կտանք, բայց այսօրվա կտրվածով, ձեր ասածն  անկեղծ ասած նորություն էր:

-Պար’ոն Ջաբրայան, խոսակցություններ կան, որ «Դինո գոլդում» կրճատումներ են սպասվում, հետախուզական բաժնի աշխատանքները դադարեցվում են: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

-Այո , իրականություն է, այդ մասին դեռ պատրաստ չէի բարձրաձայնել, մտադիր էի քաղաքապետին տեղյակ պահել դրա մասին, որից հետո ասել: Պետք է հետախուզական աշխատանքների ծավալները թեթեւացնենք: Առաջին պատճառն այն է, որ մեր լիցենզիան չի եկել,  ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունից ամիսներ շարունակ սպասում ենք համապատասխան թույլատվությանը, որ կարողանանք հետախուզական աշխատանքները շարունակենք, բայց դեռ չկա: Երկրորդը՝ հետախուզությունը ժամանակավոր աշխատանք էր, եւ երրորդ պատճառն այն է, որ ոսկու գինը բավականին ընկել է, հիմնարկը շահույթ չունի եւ մեզ համար դժվար  է աշխատող պահել:

-Քանի աշխատո՞ղ է կրճատվելու:

-Հավանաբար 37 աշխատող պետք է աշխատանքից դուրս գան, նրանցից 15-16 աշխատակցի կվերցնենք ստորգետնյա հանքում աշխատատանքի: Ընդհանուր մոտ 60-65 հոգի ընդգրկված են հետախուզական աշխատանքներում: 22 -23 հոգի իրենց աշխատանքը կկորցնեն ու կգնան տուն, այդ թվում նաեւ օտարերկրացիները: Հույս ունենք, որ լիցենզիայի հարցը կլուծվի եւ  նորից աշխատողներին կվերցնենք աշխատանքի: Մինչ այդ, հորատման սարքերից մեկը եւս 6 շաբաթ կաշխատի, հուսով ենք այդ ընթացքում թույլտվությունը կստանանք եւ աշխատանքները կվերսկսենք:

-Հուսով ենք, ընկերությունում փոփոխությունները նկատելի կլինեն եւ աշխատողների սպասելիքները գոնե այս անգամ  ինչ-որ չափով կիրականանան: Դուք որպես նորանշանակ տնօրեն վերջում որեւէ ասելիք ունե՞ք ընկերության աշխատակիցներին:

-Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր աշխատողներին՝ այս 25 օրերին լավ աշխատելու համար, գնահատում եմ իրենց աշխատանքը: Ես բոլորին հայտարարել եմ, որ   գլխավոր տնօրեն չեմ, ես աշխատակից եմ: Իմ հասկացողությամբ գլխավոր տնօրենը, մարզպետը, նախագահը կամ ինչ-որ այլ պաշտոնյա պետք է ծառայի իր ժողովրդին, ոչ թե որեւէ  ձեւով տիրապետի: Ես կարծում եմ, որ պաշտոնը որքան բարձրանա,  պետք է այնքան համեստ դառնաս, ես համեստորեն պատրաստակամ եմ մեր ժողովրդին ծառայելու: Մեր աշխատողներին ասել  եմ, որ իրենց պետք է ծառայեմ, ոչ թե ղեկավարեմ: Համոզված եմ, որ դժվարությունները կկարողանանք միասնական հաղթահարենք, ես կարծում եմ, որ մենք միասին նոր անկյունադարձի վրա ենք: Հայ տնօրինությամբ մենք նոր հաջողություններ կունենանք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930