Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը ընդդիմադիրներին զգուշացնում է, որ եթե դավաճանեն՝ պատմությունը չի ների

Ապրիլ 18,2013 23:52

Նա հրավիրում է հետընտրական դաշինքի բոլոր ընդդիմադիր ուժերին:

 

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում  քարոզարշավից հետո զրուցեց լրագրողների հետ:

Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերի հետ հետընտրական դաշինքի մասին վաղուց հայտարարել են. «Եթե նախընտրականը չստացվեց, որ միանգամից քաղաքապետ կարող էինք ընտրել, դեռ ոչինչ կորած չէ: Կարող ենք դրան հասնել ավագանու ներսում: Բավական է, որ ամեն մի քաղաքական ուժ, եթե լուրջ ուժ է, հայտարարի դրա մասին, որ պատրաստ են գնալ դաշինքի: Հետընտրական դաշինքի միջոցով կարելի է հասնել դրան, եթե ուժերը հայտարարություն անեն դրա մասին: Պարտադիր չի ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն դրա մասին, որովհետեւ թղթով չի: Կարեւորը, որ հասկանում են, որ իրենք իրենց կատարած հայտարարությանը հակառակ գործեն, ես վստահ եմ, որ այդ քաղաքական ուժը կդառնա քաղաքական դիակ: Չեն կարող միանգամից երկրորդ օրը ավագանու իրենց խոստումը դրժեն: Դա անտրամաբանական կլինի: Եթե մանդատները գումարեն քաղաքական ուժերը, ունենան մեծամասնություն եւ այդ մեծամասնությունն ունենալով քաղաքապետ չընտրեն՝ նշանակում է՝ ոնց որ իրենք իրենց դեմ գործեն: Ես այդպիսի բան չեմ պատկերացնում: Դա կարող է մենակ մի դեպքում լինել, եթե իրենք ասենք, գաղտնի բանակցություններ կամ ինչ-որ դավադիր բանակցություններ անեն մեծամասնության հետ: Եթե այդպիսի բան էլ լինի, ավելի  լավ է դա միանգամից պարզվի, դրսեւորվի, եւ այդ դեպքում այդ քաղաքական ուժը միանգամից կվերածվի քաղաքական դիակի»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, եթե այս ընտրությունները վերածվեն անվստահության հանրաքվեի, դա հաջողություն կբերի բոլոր ընդդիմադիր ուժերին. «Եթե այդ ակտիվությունը մենք կարողանանք ապահովել երեւանցիների մոտ, դրա հիման վրա ավագանի ձեւավորվի, որեւէ  մեկը եթե դա խախտի, իսկապես ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովուրդը, այլեւ պատմությունը նրանց չի ների: Ես այսօր չեմ տեսնում մի քաղաքական ուժ, որը միանձնյա, 50 տոկոսից ավելի ներկայություն ունենա ավագանիում: Եթե դա տեղի չի ունենալու, իսկ առաջին հերթին պետք է ամենի ինչ անել, որ կոալիցիոն ուժերը դա չկարողանան անել, եւ ուրեմն մնում է մյուս դաշտը 50 տոկոսից ավելի: Եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը 50 տոկոս չունենան, 50 տոկոս կունենան մյուս ուժերը: Պարզ տրամաբանություն է, որ պետք է միավորվեն եւ ընդդիմադիր քաղաքապետ ընտրեն արդեն ավագանու ներսում: Աշխարհի պատմության մեջ որեւէ մեկը այդպիսի անտրամաբանմական քայլ չի արել, որ ունենա հնարավորություն քաղաքապետ ունենալու, թողնի դա, գնա միավորվի իշխանությունների հետ,որպեսզի նրանք պահպանեն իրենց քաղաքապետին: Սա աբսուրդ է ուղղակի: Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ պետք է այդ ուժն առաջնորդվի»:

Հարցին՝ ձեր ընտրազանգվածը ո՞րն է, հնարավո՞ր է ՀԱԿ-ից, «Ժառանգությունից» հիասթափվածներ ընտրեն՝ նա պատասխանեց, որ իրենց ընտրազանգվածը դժգոհողներն են. «Նաեւ այն գիտակից ընտրողն է, որը  կգնահատի, որ մենք ոչ թե պարզապես ուզում ենք դժգոհությունը ներկայացնենք, այլ նաեւ լուծումներ ենք առաջարկում, ասում ենք քայլ առ քայլ ինչպես կարող ենք երկիրը դուրս բերել: Լավագույնս պատկերացնում ենք, թե ստեղծված իրավիճակից ելքը որն է:

Հարցին՝ ՀՀԿ-ն ունի իր ձայները, բայց ո՞րն է երաշխիքը, որ մասնատված ընդդիմությունը առանձին առանձին կկարողանա մտնել ավագանու կազմ՝ Արմեն  Ռուստամյանը պատասխանեց. «Եթե իրենք ակտիվությունը բարձրացնեն, որ բողոքական ընդդիմադիր զանգվածը  լիարժեք ակտիվանա, եթե 100 տոկոսվ չէ, գոնե 80 տոկոսով ակտիվանա, այդ 80 տոկոսը ձայնը պիտի տան ընդդիմադիրներին, չէ՞: Դա բաժանած 4-ի վրա էլ ավելի հեշտ է, որ նրանք հաղթահարեն 6 տոկոս բարիերը, քան ավելի պակաս ակտիվություն լինի, լինի այն, ինչ ուզում են իշխանությունները: Երկրորդը՝ շատ հստակ է, որ իշխանություններն իրենց բոլոր լծակներն օգտագործելով անգամ՝ լավագույն  արդյունք ունեցել են ԱԺ ընտրություններում: Բայց բացեք նայեք Երեւանի տվյալները, կտեսնեք, որ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն միասին 50 տոկոսը չեն կարողացել հաղթահարել: 36 տոկոս ունեցել է ՀՀԿ-ն, մի 5-6 տոկոս՝ ՕԵԿ-ը: Նույն այդ լծակներն  օգտագործել են, հիմա ավելի վատ վիճակ է իրենց համար, եղել է նախագահական ընտրություն, որոշակի ակտիվություն կա, ժողովուրդը մի քիչ ավելի է գիտակցված մոտենում այս ամեն ինչին եւ նահանջելու տեղ չկա: Իրենք շատ լավ  գիտեն, որ անգամ այդ բոնուսը որ դրել են՝ 40 տոկոսից ավելի ով ունենա բոնուս է ստանում, անգամ այդ 10 տոկոսը չեն կարողանալու ունենալ: Միասին եթե կարողանանք հաջողացնել ընդդիմադիր բողոքական զանգվածն ակտիվացնել, ես վստահ եմ, որ իշխանությունները 40 տոկոսի բոնուսը չեն կարող ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930