Այսօր ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանի հանդիպումը Դավիթաշեն վարչական շրջանի կուսակիցների հետ էր:
Ավագանու թեկնածու, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը կուսակիցներին նախ մաղթեց նախընտրական առողջ տրամադրություն, հետո ասաց. «Ո՞վ ենք մենք: Մենք ՕԵԿ գաղափարակիրներն ենք, ձեզանից մեկն ենք, ձեր հոգսաքաշն ենք, ձեր կողքին կանգնածներն ենք: ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն իսկական երեւանցի է,մեր բոլոր մրցակիցները տեսնում են լուրջ ու հզոր մրցակից: Նրա խոսքը խոսք է, ոչ թե օդում ծածանվող դատարկ ճոճանակ»:
Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն էլ շարունակեց. «Ես արդեն համարյա դավիթաշենցի եմ, ինձ երբեմն հարցնում են՝ հեռու չի՞ քո նախարարությունը, ասում եմ՝ ումի՞ց, որտեղի՞ց. Դավիթաշենը նույն Երեւան քաղաքն է…կարծում եմ՝ դավիթաշենցիները պետք է հպարտանան, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դավիթաշենում է, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պետք է հպարտանան, որ Դավիթաշենում ենք ու դավիթաշենցի ենք: Ես սիրահարվել եմ իմ Դավիթաշենին: Ժողովուրդն այստեղ շատ բարի է»:
Նախարարի խոսքերով, ինքը քաղաքապետ դառնալու դեպքում կարգ ու կանոն է հաստատելու. «Առաջին հերթին պետք է կարգ ու կանոն լինի վերեւներում, որ ներքեւներում մեր ենթականերն աշխատեն»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ ի տարբերություն այլ գործատուների, ինքը աշխատանքի ընդունելիս նախապատվությունը չի տալիս երիտասարդ գեղեցկուհիներին. «Աշխատանքի ենք ընդունում ոչ միայն երիտասարդների: Հիմա ասում են՝ ուր գնում ես, պահանջում են քսանհինգ տարեկան աղջիկ՝ երկար ոտքերով,ամեն ինչը տեղը տեղին: Մեզ պետք չեն քսանհինգ տարեկան, մեզ խելք է պետք»:
Նախարարը նաեւ ասաց, որ իրենց խոսքը օդում չեն թողնելու, կյանքի են կոչելու ծրագրով նախատեսած բոլոր բարեփոխումները. «Չեմ ուզում նմանվել նրանց, որ ընտրությունից ընտրություն են երեւում: Եթե ասում ենք պետք է աշխատենք, ուրեմն պետք է աշխատենք»:
Պարոն Երիցյանը նաեւ պատմեց, որ իր դուստրը տարիներ առաջ, երբ դպրոցական էր, ու ինքն էլ աշխատում էր Ոստիկանությունում, մի օր իրենից հետաքրքրվեց՝ պապա կաշառք վերցնո՞ւմ ես. «Դա ի՞նչ է նշանակում, որ դպրոցում խոսել են՝ եթե հայրդ ոստիկան է, նշանակում է կաշառակեր է, բայց այդես չէ, չէ՞: Այնպես պետք է անենք, որ մեր երեխաների աչքերին կարողանանք նայել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ