Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ «բանգլադեշցիներին». «Այդքան քաղաքապետ փոխեցին, մի անգամ ձեզ հարցրեցի՞ն»

Ապրիլ 18,2013 20:40

ՀՅԴ-ի թեկնածուները՝ Հարավ-արեւմտյան Ա 2 թաղամասում:

 

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական հանդիպում ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը, Արթուր Եղիազարյանը, Լիլիթ Գալստյանը մի քանի րոպե բարեւեցին հանդիպմանը եկած բնակիչներին, զրուցեցին նրանց հետ, լսեցին խնդիրները:

Արմեն Ռուստամյանը կոչ արեց մարդկանց, որ անպայման մասնակցեն ընտրությանը եւ հնարավորություն չտան իշխանությանը նույն գործելակերպով աշխատել. «Երեւանցիների մեծ մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից: Հարգելիներս, մենք, իսկապես փոխելով Երեւանում քաղաքապետ, կարող ենք ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հայաստանում լուրջ փոփոխությունների սկիզբ դնել: Իշխող կուսակցությունը միացած է պետության հետ, դրանից բխում են մեր բոլոր դժբախտություններն ու ցավերը: Պետք է վերահսկելի դառնան իշխանությունները: Դրա ամենակարեւոր քայլը այն կլինի, որ ունենանք ընդդիմադիր քաղաքապետ: Ավանդույթ կստեղծվի միասնական համակարգ ունենալու իշխանություն-ընդդիմություն, որ ստիպելով՝ տեր կկանգնի իր իրավունքներին ու լիազորություններին: Երբ մենք ասում ենք՝ Երեւան, փոխիր Հայաստանը, մենք իսկապես լուրջ ձեւով այս իշխանության միահեծան դրվածքը Հայաստանով մեկ կփոխենք, եթե վստահեք մեզ»:

Արմեն Ռուստամյանը նաեւ վստահեցրեց, որ քաղաքապետը, եթե լինի ընդդիմադիր, իր լիազորությունները լիարժեք իրականացնելով՝ բնակիչները  դրա պտուղները միանգամից կզգան. «Մեր քաղաքապետը նախ կարգուկանոն հաստատելու համար կստեղծի մունիցիպալ ոստիկանություն: Համապետական ոստիկանությանը զուգահեռ, բնականաբար, նույն թիմին պատկանող քաղաքապետը երբեք դրան զուգահեռ ոստիկանություն չի ստեղծի: Ընդդիմադիր քաղաքապետի շահերից է բխում, որ նման ոստիկանություն ստեղծի եւ բռնի, թե դա որ պաշտոնյայի բարեկամն է կամ զավակն է, որ մեր կենցաղի մեջ մտած իրենց հոռի բարքերն են տարածում»:

ՀՅԴ -ի քաղաքապետի թեկնածուն նաեւ ասաց, որ այսօր Երեւանի առջեւ լուրջ հարցեր կան, որոնք բոլորիս հետ են առնչվում. «Մի անգամ հանրաքվե անցկացրե՞լ են, երբ որոշումներ են կայացնում: Այդքան քաղաքապետ փոխեցին, ժողովրդին հարցրեցի՞ն, որ փոխեցին, կարող է մարդիկ չէին ուզում: Մենք բյուջեի հնարավորություններն էլ ենք պատկերացնում: Այդ առաջնահերթ հարցերը մնում են թղթի վրա»:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ տեղի չունեցավ այն, ինչ ուզում էին՝ փոխել վարչակազմը, փոխել նախագահին. «Որպեսզի հիմա չգնանք ավելի վտանգավոր ճանապարհով, գիտեք, մենք օրակարգով հանդես եկանք, որ ավելի անվտանգ ճանապարհով գնանք ընտրության: Դժբախտաբար, այդ նախընտրական դաշինքը չստացվեց»

Նա նաեւ ասաց, որ այս ընտրությունները պետք է վերածեն այս իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի. «Մենք պիտի կարողանանք ձեր ձայները վերահսկել ընտրատեղամասերում: Մենք կարող ենք իրար հետ համագործակցել, եւ ձեր ոչ մի ձայնը չի կորչի: Ես նոր խոսում էի ձեր թաղի ներկայացուցչի հետ, ասում էր, որ հա, էլի կգնանք ընտրության, էլի ձայնը ձեզ կտանք, բայց որ էլի պետք է ձայնը կորչի, ո՞ւմ է պետք: Այսօր այդ մտահոգությունը կա: Բայց 4 ընդդիմադիրները, եթե աշխատեն ընտրատեղամասերում, դա կարող են կանխել»:

Ըստ պարոն Ռուստամյանի, այսօր իշխանությունները այն աստիճան չեն տրվում ընտրակաշառքի. «Կա էլի ընտրակաշառք, բայց նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքով չեն կարող իրենց ուզած թվերն ապահովել: Մեր ընտրողները իսկապես հեղափոխություն են արել: Եթե հնարավորություն կա, որ գոնե այդ 5-10 հազարի գայթակղությանը դիմանալ եւ ընտրատեղամասերում ձայնը կարողանանք ապահովել, ապա այս ընտրություններում լուրջ արդյունք կկարողանանք ապահովել: Այստեղ՝ Երեւանում իշխանությունը կփոխվի: Մեր ծրագրերի արդյունքները շատ արագ ամեն մեկդ կտեսնեք»:

Պարոն Ռուստամյանը նաեւ կոչ արեց չտրվել  իշխանությունների այն թյուր կարծիքներին, թե սա կենցաղային հարցեր լուծող ընտրություն է, այդքան մի կարեւորեք. «Եթե դուք ձայնը տաք հօգուտ ՀՅԴ-ի, մեկ անգամ Դաշնակցությունն ունենա լիարժեք հնարավորություն իր ծրագրերն իրականացնելու, ես վստահեցնում եմ, որ շատ արագ կունենաք փոփոխություն եւ դա կտարածվի նաեւ Երեւանից դուրս: Մենք մտել ենք պայքարի մեջ, որպեսզի ցույց տանք, թե որքան լուրջ ենք մենք: Դրա համար կուսակցության ղեկավար կազմն է ներկայացնում այս ցանկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930