Այսօր երեկոյան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կներկայացվեն Մեծ եղեռնին եւ Կոմիտասի կյանքին ու գործին նվիրված մուլտիմեդիա-հանրագիտարաններ, ինչպես նաեւ «Կոմիտաս.երգենք միասին» սկավառակը: Մուլտիմեդիա-հանրագիտարանները եւ սկավառակը «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության արտադրությունն են:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության նախագահ Գարեգին Չուգասզյանը, Էլեկտրոնային հանրագիտարանները մեր իրականության մեջ առաջին անգամ են ստեղծվել, «Կոմիտաս. կյանքը և գործը»` վերջին տարիներին, իսկ «Հայոց ցեղասպանություն. 1915-1923»-ը` մի քանի տարի առաջ: «Քանի որ առջեւում ապրիլի 24-ն է, որոշեցինք դրանք միասնաբար ներկայացնել: Մեծ եղեռնին նվիրված հանրագիտարանում, կարելի է գտնել հայկական հարցի տարեգրությունը, Արևմտյան Հայաստանի լուսանկարների շտեմարան, վերապրածների եւ վկաների հուշեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ` եղեռնի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր: Իսկ Կոմիտասին նվիրված մուլտիմեդիոն հանրագիտարանը պարունակում է Կոմիտասի կյանքի տարեգրությունը, ձայնադարան` 600-ից ավել կատարումով, տեսադարան` տարբեր տեսանյութերով, տեքստերի շտեմարանը` Կոմիտասին նվիրված հուշերով, հետազոտություններով, ինչպես նաեւ` լուսանկարների շտեմարան»:
Մեր զրուցակի դիտարկմամբ. «Հանրագիտարանները պատկերացում են տալիս, թե տեղեկատվական տեխնոլոգիաներն ինչ հնարավորություն են ընձեռում` պատմական եւ մշակութային ժառանգությունը եւ պատմությունը ներկայացնելու համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ