Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև հավաքված գյուղացիների բողոքի ակցիան դադարեցվել է Արտակ և Արայիկ Պետրոսյանների հոր՝ Արշալույս Պետրոսյանի խնդրանքով: Վերջինս «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պռոշյանցիներին խնդրել է բողոքի ակցիան դադարեցնել, քանի որ ինքը գնում է ոստիկանություն: Դրանից բացի, ըստ Արշալույս Պետրոսյանի, ակցիայի մասնակիցներն արդեն հնչեցրել են այն, ինչ ցանկացել են:
Ա. Պետրոսյանը ոստիկանություն է գնացել՝ ակցիայի նպատակի մասին բացատրություն տալու: «Այնպիսի հարցեր չեն եղել, որ ճանապարհ ենք ուզում փակել, անշնորհքություն ենք անում կամ էլ քաղաքական հարց ենք դարձնում»,- նշեց Արշալույս Պետրոսյանն ու ավելացրեց, որ ճանապարհները փակելու մտադրություն ոչ ոք չի ունեցել, ընդամենը ակցիայի մասնակիցները պահանջել են, որ «Արայիկի և Արտակի նկատմամբ արդարացի մոտեցում լինի»:
Ա. Պետրոսյանն ընդգծեց նաև, որ ակցիան կազմակերպվել է պռոշյանցիների ցանկությամբ և որ ինքը այդ ամենից տեղեկություն չի ունեցել: