Դատարանի կայացրած վճռի դեմ նա մտադիր է իր բողոքն արտահայտել հացադուլի միջոցով, եթե դա էլ չօգնի, վերջ կտա կյանքին:
Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը` դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրներին (լուսանկարում):
Դատարանը Արթուր Բադալյանին դատապարտեց 4 տարի ազատազրկման: Հաշվակցելով կրած կալանքի ժամկետը` 21 օրը` վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 11 ամիս 9 օր: Նախկինում ընտրված խափանման միջոց գրավը փոփոխվեց կալանավորմամբ` որոշում կայացնելով Արթուր Բադալյանին կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից: Մյուս եղբայրներին` Արմեն և Մացակ Բադալյաններին, դատարանը դատապարտեց տուգանքի` 200.000 դրամ: Դատարանը նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, անփոփոխ թողեց:
Երեք եղբայրների փաստաբան Ռուբեն Հակոբյանը կայացրած դատավճիռը ակնհայտ ապօրինի է համարում` բացատրելով, որ դատարանն անգամ չի անդրադարձել պաշտպանության կողմի պահանջներին` վերսկսել դատաքննությունը:
Կարդացեք նաև
«Մեր պահանջներից մեկը դատաքննությունը վերսկսելն էր, որպեսզի հետազոտվեն իրեղեն ապացույցները, բայց դրանք չհետազոտված` դատավճռով որոշեց վերադարձնել դրանք: Եթե չեն հետազոտվել, ապա ինչ իրեղեն ապացույցի մասին է խոսքը»,-տարակուսում է փաստաբանը:
Նա նկատում է, որ կայացվել է վճիռ` առանց խուլիգանության հանցակազմը հիմնավորելու եւ ապացույցների բացակայությամբ:
«Ակնայտ ապօրինի դատական ակտ եմ ես սա համարում: Ես նաեւ համոզմունք ունեմ, որ այս ակտի կայացումը ոչ թե բխում էր օրենքի պահանջներից, այլ դատավորի վրա, փաստորեն, մեղադրանքի կողմը կարողացավ ճնշումներ գործադրել, հետեւապես լավ ճանաչելով այս դատավորին, նա չէր կարող նման անօրինական դատական ակտ կայացնել: Այն ճնշումները, այն ապօրինությունները, որ ի սկզբանե կային, շարունակվեցին եւ, փաստորեն, մեղադրանքի կողմն ավելի ուժեղ գտնվեց, քան թե օրենքը, արդարությունն ու դատարանը»,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` տեղեկացնելով, որ օրենքի սահմանված կարգով բողոքարկելու են դատական ակտը:
«Քրեական գործ հարուցելու հարցին էլ չանդրադարձավ դատարանը: Մենք հաջորդ դատական ատյաններում այդ հարցը նորից կբարձրացնենք»:
Ազատազրկման դատապարտված Արթուր Բադալյանն էլ, դատավճռի հրապարակումից հետո, դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու, եթե այդ քայլն էլ չօգնի, վերջ է տալու կյանքին:
«Ինչպես նշեց իմ պաշտպանյալը, ինքն իր կյանքին վերջ է տալու, որպեսզի գոնե դրանով ապացուցի իր անմեղությունը»,-լրացնում է փաստաբան Հակոբյանը:
Ազատազրկման դատապարտված Արթուր Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտելով կայացված դատական ակտի վերաբերյալ, կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ լքել Հայաստանը:
«Ով կարում ա, թող էս կեղտոտ երկրից դուրս գա: 22 տարվա վարորդ եմ, մի հատ դատական ակտ չկա վրաս ու հիմա հինգ տարի ա խուլիգան եմ, հինգ տարի ա զենք եմ կրում, ուրեմն հինգ տարի է խուլիգան եմ մեր օրենքով: Վերջիվերջո սաղ պիտի պատասխան տան. իմ առաջ չլինի, իմ երեխու առաջ կտան, իմ թոռան»,-ասում է երկու մանկահասակ երեխաների հայրը:
«Ճնշումներ են գործադրվել դատավորի նկատմամբ: Դատարանի վրա էր հույսներս, որ դատարանը արդար է, բայց, փաստորեն, դատավորի վրա էլ են ճնշում»,-մեզ հետ զրույցում հավելում են մյուս երկու եղբայրները:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Սովետի ժամանակ դատավորը կոչվում է «ժողովրդական » հիմա կոչվում ՀՀԿ– դատավոր