Համալսարաններում շուտով կսկսվեն պետական ավարտական քննությունները, եւ ուսանողների շրջանում մտածելու տեղիք տվող հարցերից մեկն էլ հետևյալն է՝ պե՞տք է արդյոք բակալավրիատն ավարտելուց հետո կրթությունը շարունակել նաև մագիստրատուրայում:
«Իհարկե, մագիստրատուրայում սովորելը կարևոր եմ համարում, բայց ինքս չեմ ցանկանում շարունակել, – ասում է Աննա Բադալյանը, -եթե շարունակեմ, ապա մեկ այլ մասնագիտություն կընտրեմ, քանի որ լրագրության բաժնում, որտեղ սովորել եմ 4 տարի, հիմնականում փորձն ու գիտելիքները ձեռք են բերվում տարիների պրակտիկ, գործնական աշխատանքով: Իսկ հիմա մագիստրատուրայի փոխարեն կփորձեմ կատարելագործել լեզուների իմացությունս ու աշխատել իմ մասնագիտությամբ»:
Ստելլա Հարությունյանը ևս չի ցանկանում շարունակել կրթությունը մագիստրատուրայում, ասում է. «Առաջին հանգամանքն այն է, որ առավել գիտելիք հաստատ չեմ ստանալու, երկրորդն էլ՝ ցանկանում եմ հաղորդավարական հմտություններ ձեռք բերել, ինչը մեր համալսարանում չեն տալիս»: Ստելլան նաև կարծում է մագիստրատուրայի համար նախատեսված գումարը ավելի արդյունավետ կարող է ծախսել. «Մագիստրատուրայի վարձը վճարելու փոխարեն նույն գումարով լեզուներ կիմանամ ու մասնավոր հաղորդավարական ստուդիաներում կսովորեմ», – ասում է նա:
Արմինե Մուրադյանը, սակայն, սովորելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մտադիր է շարունակել կրթությունը նույն ոլորտում. «Կշարունակեմ կրթությունս նույն ուղղությամբ որովհետև շատ դժվար է մասնագիտություն փոխել, հատկապես եթե սիրում ես քոնը: Չնայած այսօր դժվար է միանգամից աշխատանք գտնել հենց քո մասնագիտությամբ, ու հատկապես միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ոլորտում, բայց կարծում եմ մագիստրոսական կրթություն ստանալու շնորհիվ դա ավելի հեշտ կլինի, – ասում է նա ու ավելացնում, – բացի այդ` ինչքան սովորենք այնքան լավ»:
Ջուլիետա Բաղդասարյանն էլ որոշել է բանասիրական կրթությունն ավարտելուց հետո սովորել նաև մագիստրատուրայում, սակայն մեկ այլ մասնագիտությամբ. «Նախընտրում եմ ուսումնասիրությանս ոլորտը փոխել», – ասում է նա:
Մերի Խաչատրանն էլ լրագրությունը որոշել է մագիստրատուրայում փոխարինել կամ այս դեպքում լրացնել լուսանկարչությամբ. «Ուզում եմ լուսանկարչություն սովորել մագիստրատուրայում ու ֆոտոլրագրող դառնալ», – ասում է նա:
Հակառակ մի շարք ուսանողների այն պնդմանը, թե մագիստրոսական կրթությունը բակալավրիատի կրկնությունն է, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտաշես Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս տարվանից մեր բուհը փոփոխություններ է իրականացրել մագիստրատուրայի կրթական ծրագրում. որոշ առարկաներ վերանայվել են, ավելի շատ շեշտը դրվել է մասնագիտական առարկաների ու պրակտիկայի վրա, մագիստրատուրայում չեն լինելու առարկաներ, որոնք կրկնում են բակալավրիատին»: Ուսումնական ծրագրերի վերանայման արդյունքում ամենակարևոր ներդրումը, որ բուհը արել է՝ օտար լեզվի ժամերի կրկնապատկումն է, և ինչպես մագիստրատուրայում, այնպես էլ բակալավրիատում մասնագիտական առարկաների ավելացումը. «Նախկինում ուսանողը մեկ կիսամյակում անցնում էր 13-14 առարկա, իսկ այսօր առարկաների թիվը հասցվել է 9-ի, ընդ որում` դրանց մեջ գերակշռողը մասնագիտական առարկաներն են», – նշեց պարոն Մարտիրոսյանը: Դասախոսական կազմի ընտրության հարցում բուհը ևս խստապահանջ է, ռեկտորի պահանջով, մագիստրատուրայում դասավանդում են պարտադիր գիտական աստիճան ունեցող և դասախոսական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Անդրադառնալով մագիստրոսական կրթության մասին ուսանողների բացասական արձագանքներին՝ Արտաշես Մարտիրոսյանն ասաց. «Ամեն ինչ կախված է անձից. եթե մարդը սովորելու նկատմամբ ցանկություն չունի բակալավրիատն էլ ոչինչ չի տա: Ուսանողը պետք է ձգտում ունենա, հակառակ դեպքում, եթե մենք աստղեր էլ իջեցնենք՝ միևնույն է, նա չի սովորի»:
Տիգրանուհի Թասլակյան