Լրահոս
Օրվա լրահոսը

Ժառանգության պահապանի օրը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Ապրիլ 18,2013 16:34

Zinvor_2«Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսով «Էրեբունի» արգելոց-թանգարանն այսօր միացավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան` ցուցադրելով  Արցախի հնագիտական ժառանգության բացառիկ գտածոներ` Տիգրանակերտ, Կարկառ, Կերեն և Ծիծեռնավանք հնավայրերից: Թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում 100-ից ավելի հնագիտական առարկաներ /եկեղեցական սպասք, դրամներ, պաշտամունքային, խոհանոցային, ծիսական և գյուղատնտեսական նշանակության իրեր/ և 12 պատկերազարդ պաստառներ շուրջ 1 ամիս այցելուներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն Արցախ աշխարհի հողի հիշողության  վկայություններ` փաստելով հայկական հնագիտական ժառանգության տեղը մշակութային ժառանգության շտեմարանում:

Ցուցահանդեսի բացումը նշանավորվեց ողջույնի պաշտոնական խոսքերով և շնորհավորանքներով: Հնադես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանն առանձնակի շնորհակալություններ հայտնեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության և Քանաքեռի կապի զորամասերին` ապրիլի 18-ին ընդառաջ արգելոց-թանգարանի տարածքում տարվող մաքրման և խնամքի աշխատանքներին աջակցելու համար:

Միջոցառման 200-ից ավելի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Ելույթներ ունեցան Արցախում հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբերի ղեկավարներ Համլետ Պետրոսյանը /Տիգրանակերտ, Շուշի, Հանդաբերդ/, Հակոբ Սիմոնյանը /Ծիծեռնավանք, Կերեն/ և Գագիկ Սարգսյանը /Կարկառ, Հոռեկավանք/: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար պատմ.գիտ. դոկտոր Համլետ Պետրոսյանը նշեց, որ «Հնագիտությունը դա երազանք է, սակայն այդ երազանքին պետք է կարողանալ տեր կանգնել»: Ներկաներին ողջունեց նաև Էրեբունի հնավայր այցելած ֆրանսիացի ճանաչված հայագետ Ժան Պիեռ Մահեն` մասնավորապես կարևորելով Ծիծեռնավանքի հնագիտական հետզոտությունների արդյունքները:

Միջոցառման ողջ ընթացքում Էրեբունի թանգարանի հիմնական ցուցասրահում հնչում էր դաշնամուրային դասական երաժշտություն` դաշնակահար Միքայել Գաբրիելյանի կատարմամբ: Ցուցահանդեսի 1-ին այցելուներն էին նաև ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորամասի զինծառայողները:

Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` Երևան-Ստեփանակարտ համագործակցության շրջանակներում: Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարության  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը», ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը:

 

«Էրեբունի» արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930