Միսիսիպի նահանգի Կորինթոս քաղաքում նամակներ ուղարկելու մեղադրանքով ձերբակալվել է կասկածյալ Փոլ Քեվին Կուրտիսը
ԱՄՆ-ի քննիչների համաձայն, Միսիսիպի նահանգում ձերբակալվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված՝ թունավոր նյութով աղտոտված նամակ ուղարկելու մեջ մեղադրվող կասկածյալը:
Հետախուզությունների դաշնային ծառայության համաձայն, Միսիսիպի նահանգի Կորինթոս քաղաքում նամակներ ուղարկելու մեղադրանքով ձերբակալվել է կասկածյալ Փոլ Քեվին Կուրտիսը: Քննիչները սակայն լրացուցիչ որևէ մանրամասներ չեն հաղորդել:
ՀԴԲ-ի հետախուզական հաղորդագրության մեջ սակայն ասված է եղել, որ նախագահ Օբամային և ԱՄՆ-ի սենատոր Ռոջեր Ուիքերսին հասցեագրված երկու նամակներն էլ ուղարկվել են Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից, նույնական են եղել նաև նամակների որոշ հատվածներ:
Կարդացեք նաև
Երկու նամակներում հայտնաբերվել է խիստ թունավոր ռիցին սպիտակուցը, որը ստանում են տզկանեփի (գերչակի) սերմերից: Ռիցինի նույնիսկ չնչին քանակներ մահաբեր են մեծահասակ մարդու համար:
Քննիչների համաձայն, ռիցինով աղտոտված երկու նամակները հայտնաբերվել են ԱՄՆ-ի Սպիտակ տան և Սենատի տարածքներից դուրս գործող փոստի զննման հաստատություններում և, համապատասխանաբար, որևէ վտանգի տակ չեն դրել ո՛չ նախագահին, ո՛չ էլ սենատորին:
ԱՄՆ-ի Սենատում ռիցին էր նախկինում հայտնաբերվել 2004 թվականին, որից հետո իշխանությունները ստիպված էին եղել ժամանակավորապես արգելափակել մուտքը դեպի Սենատի գրասենյակային շենքերը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»